ԵՐԿՈՒ ՀԱՅՐ
1896-ի կոտորածի ձմեռն էր։ Մի խումբ փախստականներ Սասունի կողմերից հասան Էջմիածին։ Նրանց մեջն էր եւ Ա. գյուղի ծերունի տեր Սարգիսը։
-Հայրիկի աջը կուզեմ համբուրել,-խնդրեց նա Վեհարանում, ու ներս թողին։
-Բարով, տե՛ր հայր,- աջը մեկնեց Հայրիկը։
Քահանան համբուրեց ու ետ եկավ, կանգնեց դահլիճի մեջտեղը հոգնած, խորտակված։
-Որտեղի՞ց կուգաս։
-Սասունի կողմերեն. ես Ա-ի տեր Սարգիսն եմ…
-Ա-ի տեր Սարգի՞սը…
– Այո՛, Հայրի՛կ։
-Է՞…
-Ես քսան հոգուց գերդաստան ունեի, Հայրի՛կ. տղաներս կոտորեցին, հարսներս տարան, թոռներս կորան, տունս թալնեցին, վառեցին, մնացի այսպես…
-Է՜, հիմի…
-Ես ոչինչ չեմ ուզում, Հայրի՛կ։ Ես… այնպես եկել եմ… եկել Հայրիկին ասեմ… Էլ ոչինչ չեմ ուզում…
Ու Հայրիկի առջեւ կանգնած էր մարդը, որ ամեն ինչ կորցրել էր ու ոչինչ չէր ուզում։
Երկուսն էլ լուռ էին։
-Քանի՞ որդի կորցրիր, տեր Սարգի՛ս,-գլուխը վեր քաշեց կաթողիկոսը։
– Ամենքը միասին՝ քսան, Հայրի՛կ։
-Դու քսան որդի ես կորցրել, իսկ ես քսան հազար,-պատասխանեց Հայրիկը,- այդ էլ քսան՝ եղավ քսան հազար քսան… Ու՞մն է շատ, տե՛ր Սարգիս…
Քահանան ցնցվեց ու լուռ կանգնած էր։
-Ու՞մ վիշտն է մեծ, տե՛ր Սարգիս։
-Հայրիկինը…
-Դե, ե՛կ, տե՛ր Սարգիս, մոտ ե՛կ, աջդ դիր գլխիս, աղոթիր, օրհնիր, որ այս վշտին դիմանամ։
Ասավ ու գլուխը խոնարհեց։
Քահանան շտապեց առաջ, աջը դրավ իր Հայրապետի գլխին, սկսավ աղոթք մրմնջալ, ու աչքերը լցվեցին արտասուքով…
Նա օրհնում էր Հայոց կաթողիկոսի՜ն…
Նրա առջեւ խոնարհված էր Հայոց Հայրիկը…
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
1907թ.