Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՊԱՐԾԱՆՔ ԵՄ ԱՊՐՈՒՄ, ՈՐ ԵՐԱԿՆԵՐԻՍ ՄԵՋ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՅՈՒՆ Է ՀՈՍՈՒՄ»



(քաղվածքներ գրական երկերից, հոդվածներից, ճառերից)»

Ով թուր ունի՝ առաջ ի՛մ գլխիս թող խփի, ի՛մ սիրտս խրի, ապա թե ոչ՝ քանի բերանումս լեզու կա, փորումս՝ սիրտ, ես լեղապատառ ձեն կտամ. «Էդ ու՞մ վրա եք թուր հանել, Հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում»։

♦♦♦

Մեկ ազգի պահողը լեզուն ա ու հավատը, թե սրանց էլ կորցնենք՝ վայն էկել ա մեր օրին։

♦♦♦

…Քար չկա մեր երկրումը, քոլ չկա, որ Հայի արյունով ներկված չըլի…

♦♦♦

Մենք որ իրար թասիբ քաշենք, իրար քոմակ անենք, իրար պայծառացնենք, շենացնենք, ծովն էլ տեղիցը վեր կենա՝ մեզ տակով չի կարալ անել, ինչ թե օսմանցին, յա պարսիկը։

♦♦♦

… Հայերը շահամոլ-վաշխառուներ չեն, ինչպես բարձրաձայն գոռում են նրանց մասին, նրանց մեջ կան թաքնված շատ սուրբ զգացմունքներ, որոնք, սակայն, մինչեւ այժմ ոչ ոք չի շոշափել եւ, հետեւաբար, չի էլ կարողացել ճանաչել։ Եկեք հանուն Աստծո դրանք լույս աշխարհ հանենք…

♦♦♦

…Մասիս առաջիս էր կանգնած միշտ, որ մատով ցույց էր տալիս, թե ինչ աշխարքի ծնունդ եմ ես։ Հայկ, Վարդան, Տրդատ, Լուսավորիչ քնած տեղս էլ ինձ ասում էին, որ ես իրա՛նց որդին եմ, Եվրոպա, թե Ասիա՝ ինձ անդադար ձեն էին տալիս, թե Հայկա զավակն եմ ես, Նոյան թոռը, Էջմիածնա որդին, դրախտի բնակիչը…
«Վերք Հայաստանի» վեպի առաջաբանից

♦♦♦

… Որքան հեռանում ենք հայրենիքից, այնքան ցանկալի է երեւում նա մեզ, այնքան սաստիկ է վառում եւ բորբոքում սերը առ մեր ազգը եւ երկիրը։

♦♦♦

Պարծանք եմ ապրում, որ Հայ անվամբ կամ աշխարքի վրա։ Որ երակներիս մեջ հայկական արյուն է հոսում…

♦♦♦

Կարող են մտածել, թե օտար երկիրն ու նորա վայելչությունները գրավեցին իմ սիրտը, եւ ես փութացի մոռանալ հայրենիքս եւ ազգիս լեզուն ու կրոնը։ Թող փչե՛ իմ շունչը, թող ավարտվեն կյանքիս օրերը, եթե ազգիս կրոնն ու եկեղեցին սուրբ չպահեմ հոգուս մեջ, եթե հօգուտ եւ ի փառս իմ հայրենիքի չջանամ ի գործ դնել իմ աշխատանքն ու ժամանակը։
«Ի վերա հայրենասիրության»
ճառից, 1837թ., թարգմ. գրաբարից

♦♦♦

… Որքան պատվաբեր է սիրել եւ հարգել ազգի առանձնահատկությունները եւ նրանց հավատարիմ մնալ…

♦♦♦

Եթե պետք է ստեղծել որեւէ ազգային, ինքնուրույն բան, ապա դա պետք է բխի ժողովրդի սրտից եւ կրկին վերադառնա նրա սիրտը։

♦♦♦

… Իմ ձգտումը պիտի լինի հայրենիքիս օգնության հասնելը։ Ոչ մի բան չի կարողացել ինձ սարսափեցնել առաջին քայլից, առավել եւս չի կարող ինձ ոչ մի բան կասեցնել, որպեսզի ես չկարողանամ իրագործել իմ ցանկությունը։ Ես հաստատապես որոշել եմ չխնայել նույնիսկ կյանքս, եթե դա պահանջվի ինձանից։ Որքան գրավիչ է եղել ինձ համար կյանքը Եվրոպայում, որքան էլ վայելչություններով հարուստ՝ իմ շրջապատը, այնուամենայնիվ, ես ուզում եմ հրաժարվել այդ բոլորից եւ վերստին ստանձնել իմ հոգեւոր կոչումը, եթե համարեմ, որ դա ամենից ավելի նպաստավոր կլինի նպատակիս հասնելու համար…

♦♦♦

… Չնայած չորս տարուց ավելի ապրել եմ լյութերականների մեջ, չի պատահել որեւէ բան, որ ինձ անհավատարիմ դարձներ իմ եկեղեցուն կամ ազգին։ Եկեղեցու շենք չի եղել մեզ մոտ՝ դրսում, բայց եղել է իմ սրտագին պատկառանքն ու ակնածանքը նրա հանդեպ, եւ քանի գնում, այնքան ավելի գրավիչ էին դառնում այդ երկուսն ինձ համար։ Հաճախ ես լաց եմ եղել նրանց համար հենց միայն նվիրվածությունից եւ կարոտից։

♦♦♦

Ես ինձ երջանիկ կհամարեմ, երբ կարողանամ որեւէ օգուտ բերել իմ հայրենակիցներին։ Դա է իմ իղձը, դրա համար եմ ես ապրում, դրա համար էլ պատրաստ եմ մեռնել…

♦♦♦

Ե՞րբ հայերը մեծահոգի, ձեռներեց չեն եղել, ե՞րբ նրանք չեն աջակցել ընդհանուրի բարօրությանը, պաշտպանել իրենց եղբայրակիցներին եւ օգնել նրանց։ Այդպիսի օրինակներ շատ կան։ Սիրտս թնդում է ուրախությունից, երբ գլխովս անցնում են այդ մտքերը, այդ գործերը։

Ես հպարտ եմ, որ պատկանում եմ մի այդպիսի ազգության եւ կարող եմ ապրել ու գործել նրա համար։ Նրա հոյակապ բնավորությունը լցնում է իմ հոգին երկյուղածությամբ ու հիացմունքով։
«Մեծապատիվ պարոններ»
ճառից, 1834թ., թարգմ. գերմաներենից

♦♦♦

Անհիմն մեծամտությունից չէ, որ Հայը կամենում է իր ազգը ամենահինը համարել աշխարհիս երեսին։ Սուրբ գիրքը նրա երկրի կենտրոնում՝ Եփրատի եւ Տիգրիսի ակունքների մոտ է դնում մարդկային առաջին զույգի բնակավայրը՝ չքնաղ դրախտը։ Վեհապանծ Արարատի տեսքը նրան հիշեցնում է դա ամեն օր։ Այնպիսի անուններ, ինչպիսիք՝ Երեւան, որ նշանակում է «երեւում են», Արկուռի՝ «տնկեց ուռենիներ», Նախիջեւան՝ «իջնելու առաջին վայրը», Մարանդ՝ «մայրը այնտեղ է»- այդ բոլորը դատարկ հնչյուններ չեն Հայի բարձր հասկացողության մասին։

♦♦♦

Եթե ոչ մի բան՝ ո՛չ հուշարձան, ո՛չ էլ պատմական տվյալներ հիմք չլինեին ապացուցելու համար, որ Հայաստանում գոյություն է ունեցել մի հնագույն, քաղաքական եւ մտավոր տեսակետից ինքնուրույն, յուրահատուկ եւ ինքնատիպ նախնական մշակույթ, ապա դրա ցայտուն եւ կենդանի կռվան կարող է հանդիսանալ այդ երկրի լեզուն։

♦♦♦

… Հայի ձգտումը չի եղել աշխարհը նվաճել, աշխարհի տեր դառնալ, ընդհակառակը, մենք տեսնում ենք դեռ անհիշելի ժամանակներից անհետացած բարձր կուլտուրա, հաղթահարման եւ հարատեւության, վերելքի եւ մարտերի, համբերատարության եւ տոկունության տեսարաններ։

Մի մարդասեր անձնավորություն, պատմաբան պետք է հետազոտի, ուսումնասիրի այդ ժողովրդի ճակատագիրը եւ հիանա Աստծո ամենակալության վրա, որ նրան այնպես անհասկանալի ձեւով պահպանել եւ փրկել է շատ կորստաբեր դարերի հեղեղից…

♦♦♦

Ոչ մի երկրում քրիստոնեական կրոնը այնպես շուտ, ագահորեն չընդունվեց եւ արագորեն չտարածվեց, եւ ոչ մի տեղ այն այնպիսի ամուր հող չգտավ, որքան Հայաստանում։ Այդ կրոնի պատճառով հայերին հալածող տիրակալների ջանքերն ու բռնությունները, բոլոր տեսակի սպառնալիքներն ու խոշտանգումները, բոլոր խոստումներն ու փառահեղ պաշտոններ շնորհելը, ողորմածություններն ի չիք էին դառնում հայերի ազնվամտության, նրանց բարեպաշտ հավատի հանդեպ եւ տապալվում էին։ Արհամարհանքով եւ հերոսական հպարտությամբ նայում էր Հայը այն ամենին, ինչ կարող էր գայթակղեցնել եւ ճանապարհից հանել…

♦♦♦

Հայերի երկրի դիրքը եւ նրա առավելությունները, նրա բնակիչների բազմակողմանի հետաքրքրությունը, նրանց սերը դեպի արվեստը, նրանց աշխատասիրությունը, նրանց ճարպկությունը եւ ժրաջանությունը կյանքի բոլոր ասպարեզներում, ի դժբախտություն իրենց, այնքան նախանձոտ էին դարձնում թե՛ հարեւան եւ թե՛ հեռավոր ժողովուրդներին, որ դրանք պատրաստ էին միմիայն այդ երկրին տիրանալու համար ամեն ինչ զոհել։ Այդ կռվածաղիկը, ինչպես անվանում էին հայերին օտար գրողները, դիմադրում էր ոչ միայն հռոմեացիներին եւ պարսիկներին, այլեւ նույնիսկ միջինասիական եւ կովկասյան ամեն տեսակ անթիվ ու անհամար ավազակաբարո ցեղերի։

Որքան էլ չնչին լիներ հայերի թիվն իրենց թշնամիների համեմատությամբ, որքան աննշան՝ նրանց ուժը, եւ որքան էլ խաղաղասեր՝ նրանց տրամադրությունը, այնուամենայնիվ, երբեք չէր պակաս նրանց արիությունն ու անվեհերությունը իրենց անկախությունն ու ազատությունը պահպանելու համար։
«Համառոտ ակնարկ հայերի մասին» հոդվածից,
1834թ., թարգմ. գերմաներենից

♦♦♦

Շունչդ տուր, հոգիդ, բայց քո հայրենիք
Մի՛ տուր թշնամյաց…

♦♦♦

Թե մեկ ազգ իրան էս աշխարքում

Չի պահի, թշնամուն ինքը գերի կըլլի,

Աստված էլ նրան աչքից կըքցի…

♦♦♦

Հայրենասիրությու՛նը միայն քո հիշատակը կտոնի, ազգասիրությու՛նը քո արածը կենդանի կպահի, քեզ սրբի պես պաշտիլ կտա…

♦♦♦

Հանգի՜ստ ձեր սուրբ ոսկորներին, ո՜վ քաջ նահատակներ։ Ի՞նչ հայ ձեր անունը լսի ու ձեր լույս գերեզմանին ողորմի չասի, ձեր հիշատակը իր սրտում չգրի։ Չիմանաք, թե ձեր ազիզ արյունը զուր տեղը թափվեցավ…

♦♦♦

Վա՜յ էն ազգին, որ իր երկիր

Թշնամու, հարամու ձեռք կտա…

♦♦♦

Քո ազգը պահես՝ քեզ անուն ճարես…

♦♦♦

Հայկա որդիքը հազար թրի տակից, հազար կրակի միջից անցած, սիրտ սրտի տված, հոգի հոգու կպցրած, իրանց գլուխը, իրանց սուրբ հավատը, իրանց սուրբ օրենքը է՛ն վեհանձնությունով պահպանեցին, որի օրինակը աշխարքում ո՛չ էլել ա, ո՛չ էլ կըլի…

♦♦♦

…Ջանք անենք, մեկսմեկու սիրենք, մեր լեզուն, մեր եկեղեցին էնպես ղայիմ բռնենք, ինչպես մեր նախնիքը…

Խաչատուր Աբովյան

Խորագիր՝ #16 (1034) 1.05.2014 – 7.05.2014, Հոգևոր-մշակութային


30/04/2014