Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՆՑ ԹՈՒՐՔԵՐԸ ԴԵՌ ՏԱԳՆԱՊՈՒՄ ԵՆ



Ամեն անգամ, երբ Հայոց ցեղասպանությունը հիշատակվում է աշխարհի որևէ անկյունում, թուրք պաշտոնյաներն աղմուկ-աղաղակ են բարձրացնում՝ հանցավոր արարքի համար բռնված չարագործների նման:

Թուրք ղեկավարների տագնապալի հոգեվիճակը կարելի է բացատրել «գող՝ սիրտը դող» ասացվածքով՝ ներքուստ քաջատեղյակ լինելով, որ իրենց նախնիներն իսկապես էլ իրագործել են մարդկության պատմության մեջ առաջին ամենահրեշավոր ոճրագործություններից մեկը՝ ցեղասպանությունը…

Անցյալ շաբաթ աշխարհն ականատես եղավ թուրքական ցասման ևս մեկ պոռթկման, երբ Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, անկախ Անկարայի վարչակարգի և վերջինիս կողմից շռայլորեն վարձատրվող լոբբիստական ընկերությունների հզոր ճնշումներից, ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևը՝ 12 կողմ, 5 դեմ ձայներով: Առաջին անգամ է, որ այս կառույցը վերջին քառորդ դարի ընթացքում նման բանաձև է հավանության արժանացնում:

Անտեսելով երկրի ներքին և արտաքին տագնապները՝ Անկարայի պաշտոնյաները Սենատի ընդունած Ցեղասպանության բանաձևը դարձրին իրենց օրախնդիր առաջնահերթությունը: Վարչապետ Էրդողանը մի քանի օրով մի կողմ թողեց իր բռնապետական ոտնձգությունները Ֆեյսբուքի, Յութուբի և Թվիթերի դեմ, որոնցով ձգտում էր թաքցնել իր և որոշ նախարարների բազմամիլիոն դոլարների լվացման և կաշառակերության փաստերը: Նա նաև անտեսեց գաղտնալսված զրույցները, որոնց շնորհիվ բացահայտվեց, որ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ դավեր էին նյութում սահմանի ուղղությամբ Թուրքիայի դեմ հարձակումներ կազմակերպելու համար, ինչն էլ հետագայում որպես պատրվակ պետք է օգտագործվեր Սիրիայի վրա ջիհադական ահաբեկիչների հարձակումներին աջակցելու համար, որոնք անհաջող պայքար են մղում Ասադի վարչակարգի դեմ:

Սենատի որոշումից դժգոհ Դավութօղլուն ամերիկյան կառավարությանը նախազգուշացրեց, որ «Թուրքիան չի լռելու», եթե Հայոց ցեղասպանության բանաձևը հանձնաժողովից անցնի Սենատի լիագումար նիստ: Թուրքիայի արտգործնախարարությունն էլ ավելի կոշտ արձագանքեց՝ հանձնաժողովին մեղադրելով «իր իրավասությունը և պատասխանատվությունը» գերազանցելու համար: Դավութօղլուն շտապեց զանգահարել Ջոն Քերիին՝ հորդորելով նրան կանխել բանաձևի ընդունումը:

Գործի մեջ ներքաշվեց նաև խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը՝ Հայկական հարցը «բեռ» անվանելով թուրք-ամերիկյան հարաբերություններում: Լայն տարածում ունեցող «Հյուրիեթ» թերթի մի մեկնաբան նշեց, որ Ցեղասպանության բանաձևը կբարձրացնի Անկարայի արյան ճնշումը: Նախկին թուրք դեսպան Օմեր Էնգին Լյութեմը ավելացրեց, որ Թուրքիան «ստիպված է ավելի մեծ ջանքեր գործադրել, որպեսզի կանխի նման բանաձևերի ընդունումը», չհաշված միլիոնավոր դոլարները, որ ծախսվում են լոբբիստական ընկերությունների վրա ամեն տարի…

Էրդողանին սատարող թերթերը նույնիսկ կեղծիքներ հրապարակեցին Ցեղասպանության բանաձևի մասին՝ պնդելով, որ այդ ձեռնարկն այլևս վավերական չէ, քանի որ այն չի ընդունվել Սենատի լիագումար նիստի օրակարգում մինչև ապրիլի 24-ը, կամ որ բանաձևն անիմաստ է, որովհետեւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները Անկարայում հայտարարել է, թե թույլ չի տա, որ Ներկայացուցիչների պալատի տարբերակն անցնի: Իհարկե, այս երկու պնդումներն էլ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Ներկայացուցիչների պալատի և Սենատի տարբերակները համատեղ բանաձևի մաս չեն կազմում և կարող են առանձին-առանձին ընդունվել յուրաքանչյուր պալատի կողմից ավելի ուշ այս տարվա ընթացքում:

Ամերիկահայ ընտրողները պետք է հնարավոր ամեն ինչ անեն կանխելու կոնգրեսական Բեյների վերընտրությունը նոյեմբերին: Նույն կերպ հայ համայնքը պետք է ընդդիմանա այն սենատորներին, որոնք անամոթաբար դեմ են քվեարկել բանաձևին անգամ այն բանից հետո, երբ սենատոր Մենենդեսը որոշ դրույթներ հանեց ընդդիմախոսների հետ համաձայնության գալու համար: Ջոն Բարասո (Վայոմինգ), Բոբ Քորկեր (Թեննեսի), Ջեֆ Ֆլեյկ (Արիզոնա), Ռոն Ջոնսոն (Վիսքոնսին) և Ջեյմս Ռիշ (Այդահո). սրանք են այն հինգ հանրապետական սենատորները, որոնք դեմ քվեարկեցին: Մյուս կողմից, ամերիկահայերը պետք է ամեն կերպ աջակցեն այն 12 սենատորներին, որոնք կողմ քվեարկեցին Հայոց ցեղասպանության բանաձևին. հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդես (դեմոկրատ, Նյու Ջերսի), Բարբարա Բոքսեր (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Բենջամին Քարդին (դեմոկրատ, Մերիլենդ), Քրիստոֆեր Քունս (դեմոկրատ, Դելավեր), Ռիչարդ Դուրբին (դեմոկրատ, Իլինոյս), Թիմ Քեյն (դեմոկրատ, Վիրջինիա), Էդվարդ Մարքեյ (դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջոն Մակքեյն (հանրապետական, Արիզոնա), Քրիս Մերֆի (դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Մարկո Ռուբիո (հանրապետական, Ֆլորիդա), Ժին Շահին (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) և Թոմ Ուդոլ (դեմոկրատ, Նյու Մեքսիկո):

Բանաձևի անսպասելի հետևանքներից մեկը խորացող պառակտումն էր Թուրքիայում առկա երկու հզոր ուժերի՝ վարչապետ Էրդողանի և ազդեցիկ իսլամական հոգևորական Ֆեթուլահ Գյուլենի միջև: Էրդողանը մեղադրեց Գյուլենի աջակիցներին «հայկական լոբբիի» կողմնակից լինելու եւ 10 հազար դոլար սենատոր Մենենդեսի քարոզարշավին նվիրաբերելու համար: Թուրք-ամերիկյան միությունը հերքեց Էրդողանի մեղադրանքները, հայտարարելով, որ իրենք «միշտ դժգոհություն են արտահայտել Մենենդեսին բանաձևերի վերաբերյալ, որոնք վշտացնում են թուրքերին և ադրբեջանցիներին»: Թուրք-ամերիկյան միության պաշտոնյաները խոստացել են դատի տալ թուրք լրագրողներին այն պնդումների համար, որ իրենց կազմակերպությունն իբրեւ թե աջակցել է Հայկական բանաձևին:

Որպես եզրակացություն. հակառակ հասարակական տպավորությանը՝ Հայոց ցեղասպանության բանաձևերը ներկայացնելու հիմնական նպատակը ցեղասպանության ճանաչման հասնելը չէ, որն արդեն բազմիցս ձեռք է բերվել. ԱՄՆ կառավարության ներկայացրած պաշտոնական փաստաթուղթը Միջազգային դատարան 1951 թվականին, նախագահ Ռեյգանի 1981 թվականի հայտարարությունը և Ներկայացուցիչների պալատի բանաձևերը 1975 և 1984 թվականներին: Պարզապես այս բանաձևերը որպես հարմար միջոց են ծառայում Հայոց ցեղասպանության հարցը իբրեւ օրախնդիր պահելու և լրատվամիջոցների ուշադրությունը Հայկական հարցի վրա սևեռելու համար: Բացի այդ, բանաձևերը սովորաբար խուճապ են առաջացնում Անկարայում թուրք պաշտոնյաների ջղագրգիռ արձագանքի պատճառով: Թուրքիայի կառավարությունը նաև ամեն տարի տասնյակ միլիոնավոր դոլարներ է վատնում բանաձևերին հակազդելու համար, որոնք պարզապես արտահայտում են «Կոնգրեսի կարծիքը»:

Նման բանաձևեր ընդունելու հայկական ջանքերը հաշվեհարդարի մի ձև են թուրքական իրարահաջորդ կառավարությունների դեմ՝ թույլ չտալու թաքցնել իրենց անցյալի կեղտոտ լաթերը:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #16 (1034) 1.05.2014 – 7.05.2014, Պատմության էջերից


30/04/2014