ԹՌԻՉՔԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԵՐԿՐԻՑ
Գնդապետ Ս. Սիանոսյանի հրամանատարությամբ գործող ավիաբազան, երեք տարի անընդմեջ ճանաչվելով ավիացիայի լավագույն ստորաբաժանում, արժանացավ պատվադրոշը մշտապես իր մոտ պահելու պատվին: Այդ հաջողության համար իր համեստ ներդրումն ունի նաև օդանավակայանի տեխնիկական ապահովման գումարտակը, որի հրամանատարը մարտական ուղի անցած փորձառու օդաչու, փոխգնդապետ Ա. Մելքոնյանն է:
Առանց չափազանցության այս ստորաբաժանման ուսերին ահռելի պատասխանատվություն է դրված. հատուկ տեխնիկական միջոցներով թռիչքադաշտի, թռիչքների ու վայրէջքների ամենօրյա սպասարկումից ու դրանց անվտանգության ապահովումից սկսած` վերջացրած պաշտպանության իրականացումով: Թռիչքն սկսվում է գետնից, և եթե ներքևում աշխատանքները չկազմակերպվեն հավուր պատշաճի, ոսկերչական ճշգրտությամբ, ինչպես ասում են՝ օդում հաղթանակներ չենք ունենա:
-Հաղթանակները կռում են երկրի վրա,- զրույցի ընթացքում ասաց ոլորտի հնաբնակն ու ամենից փորձառուն՝ գումարտակի շտաբի պետ, մայոր Աշոտ Մանուկյանը: Նա իմ` «նախկին օդաչուի համար դժվար չէ արդյոք ավելի շատ ցամաքի վրա լինել, քան օդում» ձևակերպմանը շատ դիպուկ հակադարձեց. «Օդաչուները երբեք նախկին չեն լինում: Եթե անհրաժեշտություն լինի, ես էլ, գումարտակի հրամանատարն էլ ցանկացած պահի կարող ենք օդ բարձրանալ»:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ
Գումարտակի կազմի մեջ մտնող վաշտերի աշխատանքով է պայմանավորվում օդանավակայանի անխափան աշխատանքը: Այս ծառայությունների և ստորաբաժանումների գործունեության մեջ աննշան վրիպումն անգամ կարող է անկանխատեսելի հետևանքների բերել, ինչը հրաշալի գիտակցում է գումարտակի ողջ անձնակազմը:
ՍՆՈՒՑՈՂ ԵՐԱԿԸ
«Էներգատնտեսությունը գումարտակի սնուցող երակն է»,- նշեց ծառայության ղեկավարը` կապիտան Դավիթ Սարգսյանը: Ծառայությունն ապահովում է օդանավակայանի մշտական էլեկտրամատակարարումը, թռիչքադաշտերի լուսատեխնիկական սպասարկումը, թռիչքների ու վայրէջքների անվտանգությունն ապահովող բոլոր սարքավորումների անխափան աշխատանքը: Ծառայությունը շուրջօրյա է և սպասարկում է բարձր լարման ենթակայաններ, ինչպես նաև համագործակցում է Հայաստանի էլեկտրացանցերի և երկաթգծի կենտրոնական դիսպետչերական ծառայությունների հետ:
ՀՐԴԵՀՆ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ Է ԿԱՆԽԵԼ, ՔԱՆ ՄԱՐԵԼ
Հակահրդեհային ծառայությունը, որի պետը կապիտան Արա Կիրակոսյանն է, իրականացնում է շուրջօրյա հերթապահություն` երեք հերթափոխով, և սպասարկում է ուղղաթիռների ու ինքնաթիռների թռիչքը: Բազմիցս մասնակցել է ԶՈՒ զորամասերի միջև անցկացված հատուկ, փորձարարական և ուսումնամարզական մրցումներին, ցույց տվել գոհացուցիչ արդյունքներ: Ունեցած ձեռքբերումներն ամենևին էլ այս ծառայության հնարավորությունների սահմանը չեն: Դիպուկ է ասված. «Հրդեհն ավելի հեշտ է կանխել, քան թե մարել»: Քանի որ գումարտակի պահպանության տիրույթում գտնվող տարածքը խիստ հրավտանգ է, ասել է թե` հրդեհների բռնկման հավանականությունը մեծ է, ուստի այստեղ հակահրդեհային ծառայության կանոնադրությունը, ինչպես նաեւ կարգապահական խնդիրներին խստությամբ են վերաբերվում, եւ աչքաթող չի արվում ոչ մի մանրուք: Նշենք նաև, որ ծառայությունը Արտակարգ իրավիճակների նախարարության հետ ունի հակահրդեհային համագործակցության պլան:
♦♦♦
Կապիտան Արտյոմ Ստեփանյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանման գործունեության բուն խնդիրը թռիչքադաշտի, որի մեջ մտնում են թռիչքավայրէջքային վազքուղին, ղեկուղիները, կառամատույցը, կայանատեղիներն ու դրանց հարող անվտանգության բոլոր գոտիները, և թռիչքների անվտանգությունն ապահովելն է: Թռիչքադաշտի սպասարկումն իրականացվում է ամեն օր, հատուկ տեխնիկայի` լվացող, մաքրող, քանդող ու բարձող մեքենաների միջոցով: Տարին երկու անգամ վաշտի ուժերով իրականացվում են թռիչքադաշտի` մոտ տասներկու հազար մետր տարածքի, ցերեկային նշագծումները, թունաքիմիկատների միջոցով մինչև ուշ աշուն մշակվում են թռիչքավայրէջքային վազքուղին, ղեկուղիները՝ քայքայիչ խոտածածկից զերծ պահելու համար, ինչպես նաև հատուկ տեխնիկայի միջոցով խոտքաղ է կատարվում թռիչքադաշտին հարող անվտանգության գոտիներում: Պլանային հատուկ միջոցառումներ են իրականացվում կրծողների և թռչունների դեմ, որոնք խոչընդոտում են թռիչքների անվտանգությունը:
♦♦♦
-Առհասարակ եղածը պահպանելն այնքան էլ դյուրին գործ չէ, իսկ ռազմական ոլորտում` առավել ևս,- կարծում է պահպանության վաշտի հրամանատար, կապիտան Մարտին Հակոբյանը, որի հրամանատարությամբ գործող ստորաբաժանման գլխավոր և հիմնական առաքելությունը կարևորագույն (և ոչ միայն) օբյեկտների պահպանության իրականացումն է: Այս ստորաբաժանման անձնակազմը նույնպես ընդգրկված է ներքին վերակարգում, միևնույն ժամանակ, լուրջ մասնակցություն ունի նաև զորամասում կատարվող տնտեսական աշխատանքներում:
-Վաշտը միշտ և ամեն պահի պատրաստ է կատարելու մարտական ցանկացած առաջադրանք,- հավաստիացրեց գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ա. Մելքոնյանը:
♦♦♦
«Զորամասի շունչը տեխնիկական ապահովման գումարտակն է»,- համոզված է ավտոմոբիլային-էլեկտրագազային վաշտի հրամանատար, կապիտան Արսեն Բարսեղյանը:
Եվ, ինչ խոսք, վաշտի հրամանատարի այս արտահայտության մեջ ճշմարտության բաժինը մեծ է: Միայն այն փաստը, որ ցանկացած եղանակի, գիշեր-ցերեկ ստորաբաժանումն իրականացնում է թռիչքների անթերի և անխափան ապահովումը, թռչող սարքավորումների քարշակումն ու գործարկումը, անձնակազմի փոխադրումն ու նաեւ բեռնափոխադրումներ իրականացնում, բավական է հասկանալու, թե ինչ ահռելի պատասխանատվություն է դրված այս ստորաբաժանման ուսերին: Հարկ ենք համարում նշել, որ թռիչքներն ու վայրէջքները վաշտն իրականացնում է հատուկ, գերժամանակակից տեխնիկական միջոցներով:
Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս.` Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ