«ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿԸ…»
Անհնարին է բառերով նկարագրել այն ամենը, ինչ տեղի ունեցավ 1994 թվականի ապրիլի 20-ի առավոտյան: Վերապրողներն առ այսօր նույն դժվարությամբ ու կսկիծով են հիշում ու պատմում այն կռիվների, նաեւ հաղթանակների մասին, որին մասնակից եղան Ղարաբաղյան պատերազմում կռված տղաները:
Առավել դժվար է պատմել մեր մարդկային կորուստների մասին: Ամեն ավարտված կյանք իր հավերժական կնիքն էր թողնում մի գերդաստանի ապագայի վրա: Հայրենիքին նվիրաբերված յուրաքանչյուր կյանք ողբերգություն էր մի ընտանիքի համար: Բայց հերոսների կյանքի գնով է, որ ամրագրվեց մեր բոլորի ապագան: Հենց այդ հերոսներից մեկի` Էդուարդ Կարապետյանի սիրտն էլ դադարեց բաբախել այդ մարտերում: Անձնուրաց մի սիրտ, որ ընդամենը 34 տարվա կյանք էր ապրել:
«ՊԱՊԱՅԻ ՍԻՐՏԸ ԷԼ ՉԻ ՏԿՏԿՈՒՄ»
«Երբ ամուսինս տուն էր գալիս փոքր տղաս` Նարեկը, գրկում էր հորը, գլուխը սեղմում կրծքին ու հարցնում.
-Պա՛պ, էս ի՞նչ ա տկտկում:
-Սիրտս ա, բալե՛ս,- պատասխանում էր որդուն:
Ու երբ ամուսնուս դին բերել էին տուն, որդիս նորից գլուխը սեղմեց հոր կրծքին, մի պահ անշարժացավ, հետո դարձավ ինձ ու հարցրեց.
-Մա՛մ, բա պապայի սիրտը ինչի՞ չի տկտկում»,- պատմում է Էդուարդի կինը` Ռուզաննա Կարապետյանը:
Ճիշտ է՝ Էդուարդի սիրտը էլ չի «տկտկում», բայց նա… «Մարդ մահանում է այն ժամանակ միայն, երբ նրա մասին դադարում են հիշել ու խոսել»,- ասում է Էդոյի մարտական ընկեր Գեղամ Հակոբյանը, որ, ընկերոջ մասին խոսելիս, առանձնացնում է նրա յուրահատուկ ժպիտն ու հանգստությունը.
-Երբ ժպտում էր, վերին շրթունքը մի թեթեւ բարձրանում էր… Նա մեր խաղաղության աղավնին էր, համերաշխության խորհրդանիշը: Նույնիսկ մարտի անհույս պահերին ափերից դուրս չէր գալիս, անխոհեմ քայլեր չէր անում: Եվ միշտ փորձում էր օգնության հասնել նեղյալներին:
Թեեւ հակատանկային դասակի հրամանատար էր եւ կարող էր իրեն մի քիչ ազատություն թույլ տալ, բայց ոչ… գնում էր դիրքեր` անփորձներին ոգեւորելու, հոգնածներին փոխարինելու, տղերքի հետ կողք կողքի կռվելու:
Այն ճակատագրական օրը` ապրիլի 20-ին, նրա հերթափոխը չէր, բայց նա գնաց դիրքեր…
ԱՆՀԱՆԳԻՍՏ ՀՈԳԻՆ
Կինը Ռուզաննան, պատմում է, որ սումգայիթյան դեպքերից, Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից իր տեղը չէր գտնում: Շատ էր ուզում մեկնել ռազմաճակատ, բայց Երեւանում էլ պակաս չէր զգացվում նրա կարիքը: Նա աշխատում էր փորձարարական ինստիտուտում ու, թեեւ բարձրագույն կրթություն չուներ, սակայն հիանալի գծագրեր էր անում: Այստեղ նա մյուսների հետ ինքնաշեն զենքեր էր պատրաստում` ռազմաճակատ հասցնելու համար (մարտական ընկերները նրան «Զինագործ Էդո» էին անվանում):
1990 թվականն էր: Նա այլեւս չէր կարող հեռու լինել հայրենիքի համար ճակատագրական պահին:
Սեպտեմբերի 20-ին կամավոր ընդգրկվում է Հատուկ գնդի շարքերը:
«Միասին մասնակցեցինք տարբեր մարտական գործողությունների` Լաչինի, Կուբաթլուի, Ջաբրայիլի եւ պատմական այլ տարածքների ազատագրմանը,-պատմում է ազատամարտիկ Գեղամ Հակոբյանը:- Կռիվների ժամանակ Էդոյի ոտքը ցրտահարվել էր, որպես կանոն նա պետք է զեկուցեր այդ մասին եւ որոշ ժամանակ չմասնակցեր պատերազմական գործողությունների, սակայն նա լռեց»:
Շուտով նորից մեկնեց ռազմադաշտ` կռիվ տալու թշնամու դեմ եւ առնելու իր զոհված ընկերների վրեժը:
«Երբ հունվարի 19-ին իմացավ իր մարտական ընկերների` Գլոբա Վովայի, Վերդյան Վալոդյայի եւ այլ քաջարի մարտիկների մահվան գույժը, Էդոյի մեջ շատ բան փոխվեց. կարծես ուրիշ մարդ դարձավ. թվում էր` կորցրել է հույսը»,-պատմում է կինը:
ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ…
1994 թվականի մարտի 19-ն էր: Կնոջ հիշողությունից երբեք չի ջնջվի հրաժեշտի վերջին պահը: Ամեն անգամ ընկերներով հավաքվում էին, խմում, մի անփոփոխ ցանկություն ունեին, բաժակը վերցնում էին ու ասում. «Վերջին անգամն էլ գնանք, գանք, ամեն ինչ լավ կլինի»: Էդոն չէր սիրում այդ կենացը, բարկանում էր ու պահանջում, որ էլ չասեն. փորձը ցույց էր տվել, որ կենաց բարձրացնողը այդպես էլ չէր վերադառնում մարտերից: Վերջին անգամ կռիվ մեկնելուց առաջ նա էլ խմեց իր համար անընդունելի կենացը: Տնից դուրս գալուց առաջ անպայման համբուրում էր զավակներին, իսկ դուրս գալիս երբեք կեսճամփից չէր վերադառնում, ինչ էլ որ մոռացած լիներ: Բայց այդ օրը հետ եկավ… կրկին համբուրեց բոլորին, երեխաներին պատվիրեց՝ «չբարկացնել մայրիկին», իսկ կնոջը` երբեք «ծեծով չպատժել զավակներին»:
…Չարաբաստիկ ապրիլի 20-ն էր: 16 քաջարի հայերով կատաղի մարտ էին մղում, երբ… պայթեց մահաբեր ականը` կանգնեցնելով Էդոյի հայրենասեր սրտի «տկտկոցը»:
Էդոյի դուստրը` Աննան, արցունքները հազիվ զսպելով` պատմում է, որ վերջին անգամ հորը տեսել է 9 տարեկանում. «Այդ ժամանակ ինձ համար կարեւորը այն էր, որ հայրս կողքիս լիներ, դրա համար էլ, երբ տուն էր գալիս, ամեն անգամ գրկում էի նրան ու խնդրում, որ էլ չգնա… Նա սիրառատ աչքերով նայում էր ինձ ու ասում՝ «Կգա ժամանակը, ինձ կհասկանաս»: Հիմա, իրոք, հասկանում եմ նրա խոսքերի եւ գործի արժեքը»:
ՀԵՐՈՍԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՄԵՋ
Տիկին Ռուզաննան ամուսնու մահվանից հետո «կարոտի եւ սիրո» տողեր է ձոնում ամուսնուն: Բանաստեղծությունները կարծես երազի նմամ են գալիս, երբեմն էլ ծնվում են սիրելիի շիրիմի մոտ.
«Հոգուդ տան դուռը բացեցի
Ու քեզանից տուն խնդրեցի,
Ուզեցի ես էլ կողքիդ լինեմ,
Հոգուդ տան մեջ հանգրվանեմ…
Բայց դու ինձ հետ դարձրիր…»:
Տարիների ընթացքում երազը իրականություն դարձավ. 2008 թվականին վերջապես պաշտպանության նախարարությունը Էդուարդ Կարապետյանի ընտանիքին 3 սենյականոց բնակարան տվեց:
Այժմ տիկին Ռուզաննայի միակ մխիթարությունը իր զավակներն են: Նա գիտի, տեսնում է, որ զավակներից յուրաքանչյուրի` եւ՛ Եղիշեի, եւ՛ Աննայի, եւ՛ Նարեկի մեջ Էդոյի մի մասնիկը կա…
Հ.Գ. Էդուարդ Կարապետյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով եւ «Հատուկ գնդի» զինանշանով:
ԱԼԻՍԱ ՓԱՆՈՍՅԱՆ
ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս