«ԵՍ ՔՈ ԿԵՆԴԱՆԻ ՍՈՒՐՆ ԵՄ, ՀԱՅՐԵՆԻՔ» ԹԵՄԱՅՈՎ ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՏՎԱԾՆԵՐ
«Հայոց բանակի զինվո՛ր, դու ի լուր աշխարհի հաստատեցիր, որ մեր ուժի եւ հզորության Աստվածը՝ բոցամորուս եւ հուրհեր Վահագնը, առասպել չէ։ Դու մեր արդար ու անառիկ ամրոց, անսասան կանգնած ես մեզ պատուհասող հողմերին ընդդեմ։ Դու գեղեցիկ ես, քանզի քո ժողովուրդը քեզ արարել է իր նվիրական երազանքներից, իր սրտից ու արյունից։ Զինվո՛ր, քո հավաքական ուժն է կերտում մի ողջ հայրենիք»։
շարքային Խանդիլյան Պարգեւ Ռուդիկի
«Հայրենիքի անցյալի պատմության իմացությունը մեծապես օգնում է հասկանալ, իմաստավորել ներկան եւ լավատեսորեն կանխատեսել մեր երկրի ապագան»։
շարքային Հակոբ Վարուժանի Սարգսյան
«…միայն անունն ու հայրենիքն են մնայուն։ Հիմա, երբ հայոց բանակի զինվոր եմ, արդեն հասկանում եմ, թե որքան վստահություն ու պարծանք կա այդ մեկ հատիկ բառի մեջ, հանուն որի արժե ապրել ու մեռնել։ Իզուր չեն հայրենիքը համեմատում մոր հետ եւ ասում՝ մայր հայրենիք։ Միայն նրանք են ամենից մաքուրն ու նվիրականը, միայն մայրն ու հայրենիքն են ներում ու սպասում։ Հայրենիքն իմ տունն է, ես սյունն եմ նրա, նա իմ օջախն է, ես՝ կրակը նրա։ Հայրենիքն իմ հենարանն է, ես հիմքն եմ նրա, նա իմ հանգրվանն է, ես՝ վառվող փարոսը նրա։ Հայրենիքն իմ մայր հողն է, ես ծիլն եմ նրա, նա իմ պատմությունն է, ես վկան եմ նրա։ Հայրենիքն իմ հիշողությունն է, ու ես մի էջն եմ նրա, հայրենիքն իմ նախնիներն են, իսկ ես կանչն եմ նրանց։ Հայրենիքն իմ պաշտպանն է, ու ես զինվորը նրա, նա իմ էությունն է, ու ես՝ շունչը նրա։ Հայրենիքն իմ անկախ պետությունն է, ես էլ՝ զավակը նրա»։
շարքային Թելման Անդրանիկի Սաղաթելյան
«Հին է հայրենիքս՝ հայոց աշխարհը, նրա լեռներն ու քարափներն են մեզ տվել իրենց կարծրությունը, որ մեր հոգում համառություն ու համբերություն են դարձել։ Քաջարծիվ հայի արյունն է հոսում իմ երակներում։ Եվ ես պարտք եմ քեզ, իմ հա՛յ ժողովուրդ, պարտք ունենք հայրենիքի նկատմամբ։ Եվ պատմության դասերը յուրացրած ու ոգեւորված՝ հպարտորեն գնում եմ պարտքս կատարելու։ Ավարայրի դասերով, մերօրյա հերոսների ջանքերով հառնեց անկախ Հայաստանս, որի խաղաղությունը այսօր զինվորի ձեռքերում է։ Մաքառումների միջով անցած, զրկանքներ կրած հայի ուժն ու ոգին է բանակը։ Եվ այդ բանակի զինվորն եմ ես ու պատրաստ եմ ցանկացած զոհաբերության։ Չէ՞ որ ես քո կենդանի սուրն եմ, հայրենի՛ք իմ հպարտ։ Ամեն առավոտ արթնանալիս ես բարի լույս եմ ասում բանակին։ Բարի լույս, որովհետեւ եղել է բարին, եւ լույս է, անսահման լույս»։
սերժանտ Գեւորգ Արթուրի Հարությունյան
«Չկասկածեք եւ ոչ մի վայրկյան, որ ես՝ իմ երկրի զինվորս, մի օր կանգնելու եմ բիբլիական Արարատի կատարին ու այնտեղից բարի լույս ասեմ ժողովրդիս, հսկեմ իմ երկրի գիշերն ու ցերեկը, հպարտանամ ու ցնծամ իմ ժողովրդի սխրանքներով։ Ես կարող եմ, որովհետեւ իմ երակներում հոսում է հայի արյունը։
Իմացի՛ր, զինվո՛ր, պաշտպանելով հայրենիքդ՝ դու անուշ քուն ես բերում բոլոր նրանց, ովքեր թանկ են քեզ համար»։
կրտսեր սերժանտ Գոռ Լեւոնի Աբգարյան
«Հայրենիքը չի եզրափակվում միայն մեր տան պատշգամբով, այն ավելի մեծ է, այն նույնիսկ այն օդն է, որ մենք շնչում ենք։ Հայրենիքը պաշտպանելու համար պարտադիր չէ ուժեղ զինվոր լինել։ Ամենակարեւորը գաղափարապես ամուր լինելն է։ Միայն գաղափարապես հասուն մարդը կարող է ճիշտ ընկալել հայրենիքի իմաստը եւ մինչեւ վերջին շունչը ամուր պահել մեր սահմանները»։
շարքային Վահագն Սարգսի Պապյան
«Ու չես էլ նկատում, թե ինչպես է այդ տեղավայրը քեզ համար դառնում Ավարայր, դառնում դավանանք, եւ դու հասկանում ես, որ հայի համար այս բովանդակ աշխարհում Հայաստանն է գերագույն արժեքը։ Այստեղ է, որ լսում ես հայրենիքիդ հավերժության երգը եւ գիտակցում, որ դո՛ւ ես նրա կենդանի սուրը, բազկի ուժն ու զորությունը։
Հպարտ ես, հա՛յ զինվոր, որովհետեւ գիտես, որ դու ես քո ժողովրդի երեկը, այսօրն ու վաղը։ Արծվենի հայացքդ հառած հորիզոնին՝ լսում ես սրտիդ զարկերը, իսկ ուղեղդ բանաձեւում է քեզ համար այդ պահին ամենակարեւոր միտքը. «Ես հսկում եմ մայր հողը եւ այդ հողի վրա ապրող ծնողներիս, հարազատներիս… Ես զինվոր եմ։ Սեղմում եմ ինքնաձիգս կրծքիս եւ ինձ զգում եմ ավելի հպարտ, ավելի վստահ եմ կանգնում հայրենիքիս սահմանին, եւ ծնվում է հայրենիքի տերը լինելու հավատամքը»։
…Սկսած Մամիկոնյաններից մինչեւ Արցախյան հերոսամարտում ընկած ու այսօր Եռաբլուրում հանգչող հայ կամավորականները, ովքեր խնդումերես ընդունեցին մահը քեզ համար, քո այս խաղաղ օրվա համար։
Կանգնած Հայաստանի Հանրապետության սահմանագլխին՝ դու քաջ գիտակցում ես, որ աշխարհի պղտոր հեղեղներին կուլ չգնալու համար դու պետք է աչքի լույսի պես պահպանես այս փոքրիկ, լավաշաչափ հողը, որ Հայաստան ու հայրենիք է կոչվում։
…Հոգիդ էրգրում է, հա՛յ զինվոր։ Ու մտովի ճշտում ես հայրենիքիդ սահմանները… Կկարողանա՞ս… Այո՛։ Հավատա՛ բազկիդ, հայ նահատակների գերեզմանների վրա սրված սրերի ուժին, հավատա՛ լսողությանդ, որ տվել ես անցյալիդ, եւ աչքիդ՝ ապագային հառած։ Ես քեզ հավատում եմ, հա՛յ զինվոր»։
շարքային Հրանտ Յուրիի Դավթյան
«Ես այն սո՛ւրն եմ, որից երբեք մայր ու մանուկ չեն ընկել, որը չի խոցել թույլին ու տկարին, որը երբեք չի հարվածել թիկունքից։ Ես այն սուրն եմ, որը երեք զարկից երկուսը բաշխել է, երրորդով մեջտեղից կես արել թշնամուն։
Ես այն սո՛ւրն եմ, որը, երբ հանգստացել են Հայոց աշխարհի սահմանները, դարձել է գրիչ ու մագաղաթ, մաճ ու արոր, երգ ու տաղ, բուրվառ ու հարսնաքող, ցորենի ոսկե արտ ու օրորոց, խաչ՝ մկրտության։
Իմ երակներում ողջ ազգի հպարտությունն է հոսում։ Ես պարտավոր եմ ապրել քե՛զ համար, որ դու հարատեւես, ես պարտավոր եմ պաշտպանել քե՛զ, որ դու ի՛նձ պաշտպանես։
Ես՝ քո ծաղկած դաշտերի սակրավորը, ես՝ քո խաղաղ երկնքի օդաչուն ու պաշտպանը, ես՝ քո քարքարոտ ճամփեքի հետեւակը, ես՝ քո բարձրիկ սարերի հրետանին, ես՝ քո խոր ու մութ ձորերի կապավորը։ Ես՝ քո վահանը, քո սահմանների արթուն պաշտպանը, քո հավատը, քո հույսը»։
սերժանտ Տիգրան Վարդանի Գրիգորյան
«Հենց այն պահին, երբ ես մյուս նորակոչիկների պես փառավոր ուղի անցած զորամասի մարտական դրոշի մոտ իմ հավիտենական երդումը տվեցի, հենց այդ պահին քեզ հավաստիացրի, որ դառնում եմ քո կենդանի սուրն ու քո արժանապատվության հավերժ պահապանը»։
շարքային Արշակ Սուրենի Փանոսյան