Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐԱԴԱՐՁ



Գայանե Չանախչյանը Արցախյան պատերազմում անհետ կորած ազատամարտիկ Գագիկ Չանախչյանի այրին է։ Նա տարիներ շարունակ սպասել է ամուսնու վերադարձին, օջախի կրակը վառ է պահել, հորն արժանի զավակներ է դաստիարակել։ Գայանե Չանախչյանը մեկն է այն կանանցից, ովքեր լիուլի կատարել են իրենց պարտքը Արցախը ազատագրած հերոս ամուսնու հիշատակի առաջ։

Երբ Գագիկն արդեն չկար, ամեն օր, ամեն ժամ ես որոնում էի նրա կերպարը անցյալի հիշողություններում, ու համատեղ ապրած 14 տարիները մի ամբողջ հավերժություն էին թվում… Մոռացությունից անակնկալ արթնանում և հառնում էին պատկերներ, դեպքեր, դրվագներ, մանրամասներ, որոնք նորովի էին իմաստավորվում… Գագիկը անաղմուկ տեսակ էր։ Նա լիդեր չէր, կենտրոնում չէր, ուշադրություն չէր գրավում, բայց հաստատուն, տիրական ու հուսալի բան կար նրա զուսպ ու լուռ կերպարի մեջ։ Հավասարակշիռ էր, սկզբունքային ու պատասխանատու։ Պատահական չէր, որ զինվորական հայրը յուրահատուկ հարգանք ու վստահություն ուներ Գագիկի հանդեպ։ Գագիկը հոր նման ճշտապահ էր, շիտակ, գթասիրտ ու խիզախ։ Ցուրտ ու մութ օրերին հացի գործարանում էր աշխատում։ Մի օր պատուհանից տեսա, որ մի քանի հաց ձեռքին մտնում է շենք։ Երեխաներին ասացի՝ պապան թարմ, տաք հաց է բերում։ Րոպեներ անց Գագիկը դատարկ ձեռքերով ներս մտավ։ Պարզվեց՝ բաժանելով եկել է։

Գագիկը շատ լավ հայր էր, անչափ էր սիրում իր երեխաներին՝ Նազելիին, Քրիստինեին ու Արամին։ Այնքան համբերատար էր, հանդուրժող, երբեք ձայնը չէր բարձրացնում, նույնիսկ դիտողություն չէր անում նրանց։ Միասին փողոցից տուն էին բերում զանազան անտեր կենդանիներ, խնամում էին…

Ճակատագրական եղավ Գագիկի հանդիպումը «Արաբո» ջոկատի մարտիկների հետ։ Ես կանացի բնազդով ինչ-որ վտանգ էի զգում, տագնապում էի, երբ սկսում էր խոսել պատերազմից, ազատամարտիկներից, զենքից… Մի օր էլ հայտարարեց, որ գնում է Արցախը պաշտպանելու։ Ես ամեն ինչ արեցի, որ հետ պահեմ նրան։ Բայց չկարողացա։ Անկեղծ ասած, երբեք չեմ մտածել, որ Գագիկը կարող է զոհվել, չեմ պատկերացրել, թե ինչպես եմ շարունակելու ապրել, եթե նա կողքիս չլինի։ Ես վստահ էի, որ նա պիտի վերադառնա ճակատից, պիտի լցնի տունը իր ամուր ներկայությամբ, պիտի հոգա մեր կարիքները, պիտի պաշտպանի մեզ։

Գիտեք, մահից ավելի դաժան բան էլ կա աշխարհում։ Դա անորոշությունն է… Երբ դու չգիտես, թե որտեղ է հարազատդ, կուշտ է, թե սոված, առողջ է, թե հիվանդ… Երբ մղձավանջային պատկերները ամեն օր, ամեն ժամ խոցում են սիրտդ ու ուղեղդ…

Գագիկը անհետ կորավ «Արաբո» ջոկատի մյուս տղաների հետ։ Ու սկսվեցին իմ դժոխային օրերը։ Գուցե չի՞ զոհվել, գուցե ադրբեջանցիների մո՞տ է, գուցե խոշտանգո՞ւմ են… Անքուն գիշերներին հաջորդում էին տառապալից ցերեկները, երբ դռնից դուռ ընկած խնդրում էի այս կամ այն պաշտոնյային մի լուր հաղորդել ամուսնուցս, ինչ-որ բան ձեռնարկել նրան ու մյուս անհետ կորած տղաներին գտնելու համար։

…Գիտեք՝ ինչ է նշանակում երանի տալ այն մարդկանց, ում զոհված հարազատը գերեզման ունի։ Ու կարող ես մի ծաղիկ դնել նրա հողաթմբին ու մտածել, որ նա պառկած է այդ հողի տակ ու չի տանջվում։

Ես Արցախից, որտեղ կռվել է Գագիկը, մի բուռ հող բերեցի ու… սկեսրայրիս գերեզմանի մոտ Գագիկի համար գերեզման սարքեցինք։ Հիմա ես ու երեխաներս ծաղիկներ ենք դնում Արցախից բերված այդ հողի վրա։ Ով գիտի, գուցե, իսկապես Գագիկը հենց այդ հողին է խառնվել։ Գուցե նրա ոտնահետքը կա այդ հողի վրա…

Ես կատարեցի ամենամեծ պարտքս Գագիկի հիշատակի առաջ՝ դաստիարակեցի նրա զավակներին։ Նրան արժանի զավակներ մեծացրի։ Երեխաներս բոլորն էլ հայրենիքին պիտանի մարդիկ են, իսկ ավագ դուստրս՝ Նազելին, աշխատում է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունում։ Ես սա հպարտությամբ եմ ասում։ Ու կեղծ համեստություն չեմ անի, հեշտ չէր։ Հեշտ չէր այն խառն ու անորոշ ժամանակներում առաքինի ու հպարտ երեխաներ դաստիարակելը։ Երբ փոքր էին, երեխաներիս ասում էի, որ իրենք պետք է լավ սովորեն, հաջողություններ ունենան, լավ մարդ դառնան, որ պապան վերադառնա ու հպարտանա իրենցով։ Որ պապան վերադառնա… այս բառերը հնչում էին մեր տանը ամեն քայլափոխի։ Մենք ամեն անգամ, ամեն Աստծո օր պահում էինք պապայի բաժին ճաշը կաթսայի մեջ։ …Մենք նորոգում էինք տունը այնպես, ինչպես պապան էր որոշել… Մենք այնպես էինք ապրում, որ գոհացնենք պապային…

Իմ երեք երեխաներն էլ բարձրագույն կրթություն ստացան, երեքն էլ գտան իրենց տեղը կյանքում։ Ես լարեցի ամբողջ ուժերս, որ կարողանամ նաև հոր փոխարեն խնամել ու դաստիարակել նրանց։ Մենք դրոշակ չդարձրինք Գագիկի ծառայությունները հայրենիքին, երբեք օգնություն չխնդրեցինք որևէ պաշտոնյայից, մենք հպարտորեն տարանք բոլոր դժվարությունները… Ու արժանապատվորեն սպասեցինք մեր հերոսի վերադարձին…

Մի օր (իմ կյանքի ամենադաժան օրը) զանգեցին ու ասացին, որ ադրբեջանցիները ինտերնետում տեսանյութ են տարածել «Արաբո» ջոկատի անհետ կորած տղաների մասին։ …Ես տեսա Գագիկին, ճանաչեցի… Պառկած էր խրամատում մյուս զոհվածների հետ։ Հավանաբար ձեռքից վերցրել էին զենքը, ու ձեռքը մնացել էր զենքը բռնած դիրքով։ Թուրքերը խոսում էին, ասում էին՝ ասլան տղերք են, լավ կռվող են… Գիտեք, դաժան բան եմ ասելու… Մի տեսակ թեթևացա դրանից հետո։ Հիմա գիտեմ, նա ննջում է խաղաղ, նրա մարմինը խառնվել է նույն հողին, որի համար չխնայեց կյանքը։

…Արցախյան պատերազմում միայն ռազմիկները չեն կռվել։ Թիկունքի պայքարն ավելի ցավոտ էր ու դաժան։ Օրինակ՝ իմ երեխաները, Արցախի ազատագրության զոհասեղանին դրել են իրենց անհայր մանկությունը։ Հիշում եմ՝ ինչպես էին լալիս, ասելով՝ թող մեզ չխղճան, մեր պապան չի մահացել։ Ինչպես էին հույսի ու հուսալքության, ոգևորության ու հիասթափության օրերը հաջորդում միմյանց, խեղելով նրանց մանկության ամենակարևոր գույնը՝ անհոգությունը… Իսկ ես… Ես Արցախյան հաղթանակի նժարին իմ երջանկությունն եմ դրել, ես՝ իմ 20 տարվա սրտամաշ սպասումով, տառապանքով… Եվ ուզում եմ, որ այս խաղաղությունը վայելող յուրաքանչյուր հայ, երբ հացի է նստում, հիշի այն մարդկանց մասին, ովքեր դեռ պահում են իրենց անհետ կորած հարազատի բաժինը…

Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #17 (1035) 8.05.2014 – 14.05.2014, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


08/05/2014