Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԿՈՌՆԻՁՈՐՑԻՆ»



ԿԱՐԵՆ ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆ. ազատամարտիկ, մասնակցել է Կոռնիձորի, Երասխավանի, Շամշադինի, Այգեպարի, Մովսես եւ Պառավաքար գյուղերի պաշտպանությանը, Կրասնոսելսկի շրջանի Արծվաշեն գյուղի պաշտպանությանը, Շահումյանի շրջանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Ղարաչինար) գյուղերի ազատագրմանը, Սյունիքի մարզի Տեղ, Խնածախ, Մարտակերտի շրջանի Վանք, Վաղուհաս գյուղերի պաշտպանությանը: Վիրավորվել է 1994 թ. հունվարի 28-ին Հորադիզում: Վնասել է ոտքերը, մեջքը, պարանոցը: Առաջին կարգի հաշմանդամ է:

-Ինչո՞վ էիք զբաղվում մինչեւ Ազգային շարժումը:

-Աշխատում էի զինվորական գործարանում, որն արտադրանք էր տալիս ամբողջ Խորհրդային Միությանը:

-Ի՞նչ էիք արտադրում:

-Հատուկ նշանակության զինատեսակներ, որոնք հետագայում` հատկապես «Օղակ» գործողության ընթացքում, օգտագործվեցին մեր դեմ:

-Ինչպե՞ս միացաք շարժմանը:

-1988 թվականն էր: Հիշում եմ՝ ատամս ցավում էր: Գնացի ատամնաբուժարան: Երբ դուրս եկա, տեսնեմ` մարդիկ ոտքով իջնում են Թատերական հրապարակ: Ես էլ միացա նրանց…

-Քանի՞ տարեկան էիք:

– 25 տարեկան էի, բանակից նոր էի վերադարձել:

-Որտե՞ղ էիք ծառայել:

-Լագոդեխիում: Հատուկ նշանակության զորքերում:

-Պատկերացնո՞ւմ էիք, որ ցույցերը կվերածվեն զինված հակամարտության:

-Հայրս` Նիկոլայ Մելիքբեկյանը, որ մասնակցել էր Երկրորդ համաշխարհային պատերազմին, երկու անգամ վիրավորվել էր, ուներ մոտավորապես 50 մեդալ, հասել էր մինչեւ Քյոնիքսբերգ, ասաց` ոչ մի պետություն մյուսի պահանջը խաղաղ ճանապարհով չի կատարի, եթե խոսքը հատկապես հողի մասին է, ամեն սանտիմետրն արյուն է պահանջելու… Պատրաստ էի:

-Ո՞ր ջոկատում էիք:

-Ոչ մի ջոկատի չանդամագրվեցինք, մենք մերն ստեղծեցինք` «Կոռնիձորը»: Ոչ մեկը չէր ուզում հրամանատար լինել, բոլորը զինվոր էին ուզում դառնալ… Արայիկին համոզեցինք, զինվորական կրթություն ուներ, թեպետ կիսատ էր թողել ազգային հայացքների պատճառով: Համաձայնեց, բայց պայմանով, որ բոլորս պետք է իրեն օգնենք…

-Ի՞նչն էր միավորում ձեզ:

-Արդարության հասնելու մեծ ձգտումը:

-Իսկ զե՞նք… Որտեղի՞ց հայթայթեցիք:

-Մեկը մեքենան վաճառեց, մյուսը` ոսկեղենը… Դե, տեսնում եք` մեր տանն էլ մինչ օրս սեղան-աթոռ չկա… Ես ծնողներիցս առանձին էի ապրում, վաճառեցի կահույքը, վերմակները… Զինամթերք գնում էինք Ախալքալաքից, Ախալցխայից, Լենինականից: Խորհրդային բանակի սպաներն էին վաճառում… Բոլոր ջոկատներն էին մեր օրին… Մեզ ուրիշ ոչ մի բան պետք չէր` միայն զենք ու… ծխախոտ:

-Ասում են` զինվորի համար ծխախոտը հացից կարեւոր է…

-Երկու օրով եկել էի Երեւան, տղաներին խոստացել էի, որ ծխախոտ կտանեմ: Գնացի ծխախոտի գործարան, տնօրենը տեղում չէր, արտադրության պետն էր` Հրանտ Վարդանյանը: Ներկայացա: Ասացի` «Փող չունեմ, բայց տղաներին ծխախոտ եմ խոստացել»: Պատասխանեց. «Փող պետք չէ»: Արկղով ծխախոտ տվեց: Հետո իր միջոցների հաշվին ամբողջ ճակատն ապահովում էր ծխախոտով… Աստված հոգին լուսավորի… Նա էլ իր մասնակցությունն ունի մեր պատերազմին…

-Ի՞նչն էր մեր ժողովրդին ուժ տալիս…

-Համերաշխությունը:

-Իսկ հիմա՞… Փոխվե՞լ ենք:

-Սերն է պակասել: Բայց հիմա էլ եմ հանդիպում սրտացավ ու հոգատար մարդկանց: Օրինակ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի գլխավոր տնօրեն Արա Մինասյանը, գլխավոր բժիշկ Ռոբերտ Օրգուսյանը, «Երեւան» բժշկական կենտրոնի ղեկավար Տարոն Տոնոյանը: Մարդիկ, որոնք միշտ անշահախնդիր օգնել են, անվճար բուժել, վիրահատել…

-Ինչի՞ց եք նեղվում:

-Բարության պակասից: Նեղվում եմ, երբ գնում եմ Եռաբլուր ու հնարավորություն չունեմ ծաղիկներ դնելու բոլոր զոհված ընկերներիս շիրիմներին…

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք…

-Ուզում եմ, որ ընկերներս արժանավայել կյանքով ապրեն…

-Ի՞նչն է մարդուն թեւաթափ անում պատերազմի դաշտում. ընկերների կորո՞ւստը:

-Ընկերների կորուստը մեզ միշտ ուժ է տվել, երբեք թեւաթափ չի արել: Պայքարը երկար էր տեւելու, եւ մենք ինչ-որ բանից ընկճվելու իրավունք չունեինք: Հիմա վհատվում եմ, հուսահատվում, երբ տղաները մահանում են… Տարի չկա, որ մի քանիսին հրաժեշտ չտանք… Վերջերս էլ «Տիգրան Մեծ» ջոկատի Նորիկը մահացավ (հոգոց է հանում)… Մեր շարքերը նոսրանում են:

-Ո՞վ է Ձեր հերոսը:

-Ղարաչինար գյուղի ինքնապաշտպանական կռիվների ժամանակ էր: Ապարանցի Ռուբիկը, որ գնդացրորդ էր, վիրավորվել էր գլխից, արձակված հրթիռը պայթել էր, բեկորը խրվել գլխում: Ասաց` գլուխս վիրակապիր… ու կռվեց էնքան, մինչեւ ոտքերը թուլացան…

-Ամենահիշվող դեպքը…

-Շահումյանում էինք: Տեղացիներից մեկը մի մարդու ուղեկցությամբ եկավ մեզ մոտ, ասաց` իր նախկին հարեւանն է, խնդրանք ունի: Անունը Ալի էր, ադրբեջանցի էր, հայերեն էր խոսում: ժամանակին փոստատար էր աշխատել: Այդ մարդը խնդրեց, որ մեկ օրով դադարեցնենք պատերազմը, գյուղում մարդ է մահացել, հուղարկավորեն, նոր շարունակենք: Գերեզմանատունը մեր դիրքից 20 մ հեռավորության վրա էր: Համաձայնեցինք, միայն թե մյուս կողմից էլ չպիտի կրակեին: Ի վերջո, մեր կռիվը խաղաղ բնակչության դեմ չէր: Ալին մեզ համար թոնրի հաց էր բերել, ուտելիք: Մտածեցինք` գուցե ուզում են թունավորե՞լ մեզ: Նա նստեց, իր բերած մթերքից մի-մի պատառ կերավ, որպեսզի համոզվենք` խաղաղությամբ է եկել: Էդ օրը կռիվ չեղավ:

-Ինչի՞ց էիք վախենում:

-Պատերազմի ընթացքում վախի, մահվան եւ այլ բաների մասին մտածելու ժամանակ չես ունենում…

-Պատերազմը փոխո՞ւմ է մարդուն:

-Պատերազմը ազնվացնում է մարդուն: Ես գիտեմ` ինձ հետ կռված տղաները երբեք չեն գողանա ու չեն խաբի:

-Ի՞նչ տվեց մեզ Արցախյան պատերազմը:

-Ապահովություն, խաղաղություն եւ ազգային արժանապատվությունը վերագտնելու հնարավորություն:

-Ի՞նչ խորհուրդ ունի մայիսի 9-ը Ձեզ համար:

-Հաղթանակի, խաղաղության, ապրելու, արարելու… Շնորհավորում եմ ընկերներիս, մեր ժողովրդին… Պինդ լինենք, հոգով ուժեղ:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
կապիտան

Խորագիր՝ #17 (1035) 8.05.2014 – 14.05.2014, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


08/05/2014