Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԽՈՍՔԸ ԻՐ ՄԱՐՏՆՉՈՂ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ



1942 թվականի աշնանը` Կովկասյան լեռներում ու Ստալինգրադում մղվող ծանր մարտերի օրերին, հրապարակվեց հայ ժողովրդի ծավալուն նամակ-կոչը` ուղղված ռազմաճակատում մարտնչող հայ ռազմիկներին: Նամակը ստորագրել էր 335 հազար մարդ` հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչներ` բանվորներ, գյուղացիներ, մտավորականներ, արվեստագետներ, աշակերտներ, ուսանողներ եւ այլք, որոնց թվում` Ավետիք Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը, Հովսեփ Օրբելին, Մանուկ Աբեղյանը, Հայկանուշ Դանիելյանը, Վաղարշ Վաղարշյանը եւ ուրիշներ:

Վանեցեք հեռու թշնամուն վայրագ,

Մեր խրճիթներից, մեր հնձաններից,

Մեր արտ ու կալից վանեցեք հեռու:

Դեպի ռազմի դաշտ, դեպ հերոսացում,

Դեպի բարձունքը մեծ հաղթանակի:

«Մեր ժողովրդի սիրելի զավակներ, մեր քաջարի մարտիկներ եւ հրամանատարներ: Այս նամակով ամբողջ հայ ժողովուրդը հղում է ձեզ` իր հարազատ զավակներին, սրտագին, բոցավառ ողջույն:

Ահա արդեն 20 ամիս է, ինչ դուք կատարելով ձեր սրբազան պարտքը Հայրենիքի հանդեպ, եղբայրական ժողովուրդների զավակների հետ ուս ուսի տված` մարտնչում եք գերմանա-ֆաշիստական արյունարբուների դեմ, կրծքով պաշտպանում խորհրդային հայրենիքը, նրա ազատությունը եւ անկախությունը, ձեր հայրերի, մայրերի, երեխաների կյանքը, ձեր կանանց եւ քույրերի պատիվը:

Մեր հարազատ զավակներ: Այդ ամբողջ ժամանակաընթացքում` թե՛ հաղթանակների ուրախալի օրերին, թե՛ անհաջողությունների ծանր օրերին, մեր սրտերը, մեր մտքերը միշտ ձեզ հետ են եղել: Ձեր կատարած սխրագործությունների յուրաքանչյուր լուրը հրճվանքով է լցնում մեր սրտերը, ոգեւորում է մեզ` մղելով անդուլ, անձնազոհ աշխատանքի: Մենք անխոնջ աշխատանքով գործարաններում, կոլխոզներում, սովխոզներում, գիտական լաբորատորիաներում օգնում ենք ռազմաճակատին մոտեցնելու մեր արդար գործի հաղթանակի ժամը:

Մե՛ր զավակներ, Կարմիր բանակի մարտիկներ: Մենք մեծագույն խանդավառությամբ հետեւում ենք ձեր պայքարին: Եղեք ձեր ժողովրդին արժանի, մեր զավակներ: Ոչ մի րոպե մի մոռացեք, որ հիտլերյան արյունարբու բորենու դեմ մղվող պատերազմում վճռվում է Խորհրդային Միության բախտը, հայ ժողովրդի բախտը: Բազմապատկեք ձեր զենքի ուժը, էլ ավելի կոփեցեք ձեր սրտերը: Կանգ մի առեք ոչ մի դժվարության առաջ. քարուքանդ արեք ֆաշիստական ամրությունները, ոչնչացրեք նրանց տեխնիկան ու կենդանի ուժը: Անընդհատ շարժվեցեք դեպի Արեւմուտք: Դուք կենդանի պահեք ձեր սրտում մեր ծերունի բանաստեղծի հավատով լի խոսքը.

«Երեւում է կատարն անամպ ու հստակ,

Բայց եթե չհասնենք այնտեղ մենք այսօր,

Վաղն այնտեղ ենք, անշուշտ, մերն է հաղթանակ…

Դեպի վեր, սարն ի վեր, անվեհեր զինվոր»:

Մեր խիզախ մարտիկներ: Ձեզ են սպասում իբրեւ ազատարարների մեր միլիոնավոր քույրերն ու եղբայրները, որոնք տառապում են գերմանական զավթիչների ծանր լծի տակ: Հիշեցեք, որ ձեր սրբազան պարտքն է նրանց ազատելը: Մեր եղբայրներին ազատագրելու այդ մեծ պայքարում թող ձեզ ոգեշնչի հայկական հին ավանդությունը, որն ասում է, թե իսկական մեծ մարդու անուն է ստանում նա, ով իր անձը մոռանալով` եղբորն ազատում է գերությունից.

«Մեծ մարդու անուն այժմ դու ստացար`

Եղբորդ հիշեցիր ու քեզ մոռացար »:

Հիշեցեք, մեր զավակներ, ռազմաճակատի որ հատվածում էլ կռվելիս լինեք գերմանական ֆաշիստների դեմ, դուք կռվում եք հարազատ Հայաստանի գոյության, փրկության, ազատության համար:

Այդ նրանց ուղղակի ցուցումով էր, որ հայ տղամարդկանց իրար հետ կապում ու խումբ – խումբ գնդակահարում էին, կանանց ու երեխաներին տները լցնելով` հրդեհում:

Դեռեւս հնչում է մեր ականջին հայ ժողովրդի խոշտանգված զավակների, մեր հայրերի ու մայրերի, մեր քույրերի ու եղբայրների, մեր անմեղ մանուկների աղիողորմ կանչը, երբ ահա կրկին լկտի բարբարոսությամբ իրենց արյունոտ ճիրաններն են մեկնում դեպի մեր երկիրը հիտլերյան բարբարոսները:

Անմեղ զոհերի արյունով ներծծված մեր հողը վրեժի է կոչում ձեզ: Վրե՛ժ, վրե՛ժ: Վրե՛ժ` թափված յուրաքանչյուր կաթիլ արյան համար:

Վրեժ ե՛ւ անցյալի, եւ՛ միլիոնավոր խորհրդային մարդկանց, մեր եղբայրների ու քույրերի, մեր հայրերի ու մայրերի թափած ամեն մի կաթիլ արյան համար:

Հայ մարտիկներ: Ատեցեք թշնամուն ձեր հոգու ամբողջ ուժով, թող այդ ատելությունը ձեր կրծքերը դարձնի պողպատակուռ զրահ, ձեր բազուկներին տա անսպառ կարողություն: Թող նոր ուժով վերակենդանանա ձեր մեջ մեր քաջ նախնիների խիզախությունը:

Թող անմար մնա ձեր սրտերի մեջ Գեւորգ Մարզպետունու հերոսական երդումը եւ ոգեւորի ձեզ բոլոր մարտերում: «Երդվում եմ, – ասում էր նա, – երդվում եմ իմ հայրենիքի արեւով, որ ես չեմ վերադառնա իմ ընտանյաց գիրկը, չեմ մտնի իմ հարկի տակ, մինչեւ վերջին թշնամուն չհալածեմ հայրենիքիս սահմաններից»:

Չվերադառնալ տուն, մինչեւ վերջին զավթիչը չոչնչանա:

«Գնա՛, կռվի՛ր, առանց հաղթության հետ չդառնաս դու տուն»: Այսպես են ասում հայ ժողովրդական հնագույն երգերից մեկի մեջ հայ կանայք` ռազմաճակատ ուղարկելով իրենց ամուսիններին: Այդ ենք պահանջում ձեզնից այսօր մենք` ձեր հայրերն ու մայրերը, ձեր կանայք ու քույրերը: Անձնազոհ կերպով կռվելով հայրենիքի ոխերիմ թշնամիների դեմ, ձեզնից շատերը իրենց այդ սրբազան պարտականությունը պատվով են կատարում:

Հազարավոր հայ մարտիկներ իրենց հերոսությամբ բարձր են պահում ժողովրդի պատիվը, հայ ռազմիկի պատիվը: Այդպիսի անմահ հերոսների գործերն է գովել հայ ժողովուրդը իր մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի խոսքերով.

«Գործն է անմահ, լավ իմացեք,

Որ խոսվում է դարեդար,

Երնեկ նրան, ով իր գործով

Կապրի անվերջ, անդադար »:

Մենք սպասում ենք այն երջանիկ օրվան, երբ դուք հաղթանակով հետ կդառնաք տուն, եւ մեր չքնաղ, քաղցր մայր Հայաստանը իր ջերմ կրծքին կսեղմի ձեզ` իր քաջ որդիներին:

Մենք` ձեր հայրերն ու մայրերը եւ ձեր սիրելիներն ու հարազատները, սպասում ենք այն երջանիկ օրվան, երբ դուք հաղթանակից հետո նորից ոտք կդնեք ձեր հայրական օջախը, որպեսզի ձեր հպարտ ճակատին դրոշմենք մեր ջերմագին համբույրը:

Հիշի՛ր, հայ մարտիկ, որ մեր ժողովուրդը հազարամյակների ընթացքում ատելությամբ ու զզվանքով է կրկնել Մերուժանների եւ Վասակների անունները: Այդպիսին է հայ ժողովուրդը, նա ոչինչ չի մոռանում ու ոչինչ չի ներում: Նա հերոսների համար իր սրտում անմահության հուշարձան է կառուցում, իսկ դավաճաններին անիծում է հավիտյան:

Մեր պատմությունը հարուստ է բազմաթիվ օրինակներով, երբ հայրենիքին սպառնացող վտանգի պահին նրա զավակները զոհաբերել են իրենց ամբողջ ինչքն ու ունեցվածքը:Հայ կինը հայրենիքի պաշտպանության սեղանին է դրել իր ամբողջ զուգսն ու զարդարանքը: Այդ ավանդները նոր ուժով են վերակենդանացել հայ ժողովրդի, հայ հայրենասերի հոգում:

Մեր սիրելիներ, դուք համոզված եղեք եւ հաղորդեցեք ձեր մարտական զինակիցներին` Կարմիր բանակի մեր սիրելի մարտիկներին, որ հայ ժողովուրդը կանի ամեն բան, որ հայրենիքի պաշտպանները ոչ մի բանի պակաս չունենան ռազմաճակատում, որպեսզի ավելի վճռական ու անողոք ջախջախեք գարշելի թշնամուն:

Հիշեցեք մեր ժողովրդի իմաստուն խոսքերը. «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը անմահություն է»: Հանուն Հայրենիքի, հանուն երջանիկ կյանքի արհամարհեցեք մահը, հիշեցեք մեր ժողովրդի պանծալի զավակի` Միքայել Նալբանդյանի խոսքերը.

«Ամենայն տեղ մահը մի է ,

Մարդ մի անգամ պիտ մեռնի,

Բայց երանի, որ յուր ազգի

Ազատության կզոհվի »:

Վստահ եղեք, մեր հարազատներ, որ մենք ձեզ հետ ենք հոգով ու սրտով, մեր աշխատանքով:Հանգիստ եղեք մեզ համար` ձեր ընտանիքների համար: Հաստատ է մեր հավատը հաղթանակի նկատմամբ:

Կեցցե՛ մեր անպարտելի Կարմիր բանակը, կեցցե՛ն նրա մարտիկներն ու հրամանատարները:

Կեցցե՛ն Հայրենական պատերազմի ճակատներում մարտնչող հայ ժողովրդի քաջարի զավակները»:

Խորագիր՝ #17 (1035) 8.05.2014 – 14.05.2014, Պատմության էջերից


08/05/2014