Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՍՔ ԺԱՄԱՆԱԿԻ ՈՒ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍԻՆ



«Հայրենիքի և պատվի համար» գրքում մի անկեղծ խոստովանություն կա, որը պետք է մտահոգի սպիտակ թղթի առջև նստած ամեն մարդու, եթե նա գիտի գրի, տպագիր խոսքի արժեքն ու ամենակարևորը` ազնիվ է ու առաջնորդվում է միայն անկեղծ մղումներով: Հեղինակը խոհեմաբար, ավելի շուտ` ազնվաբար, այդ խոստովանությունը զետեղել է գրքի վերջին էջերում. «Միշտ վախեցել եմ այս գործը (հուշերի գիրքը – Գ.Ա.) ձեռնարկելուց, ու գիտե՞ք ինչու, վախեցել եմ գրելիս զգամ, որ ասելու բան չունեմ, կամ այն, ինչ ինձ պատկերացել է կարևոր, ուրիշների համար աննշան թվա…»: Եվ այս մտահոգությունը տանջել է պատկառելի կենսափորձ ու վաստակի տեր մի մարդու և զինվորականի, որը ԽՍՀՄ անվտանգության բարձրաստիճան սպա է եղել և կանգնած է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետախուզության ու հակահետախուզության ակունքներում:

Ինքնակենսագրական բնույթի այս գրքի առանցքում աֆղանական պատերազմին առնչվող դեպքերն ու իրադարձություններն են, որոնց շուրջն էլ հյուսվում են ինչպես հասարակ մարդկանց` խորհրդային զինվորի և աֆղանցու, այնպես էլ ժողովուրդների ու պետությունների ճակատագրերը: Գնդապետ Ռազմիկ Սիմոնյանի հուշագրությունը աֆղանական պատերազմից երեսուն տարի հետո գալիս է պատասխանելու դեռևս շատերիս մտահոգող գլխավոր հարցին` ի՞նչ էր և հանուն ինչի՞ էր` Աֆղանական պատերազմը: Այստեղ է, որ հեղինակը հանդես է գալիս ոչ միայն որպես այդ պատերազմի մասնակից ու ականատես, պատմության, քաղաքականության, միջազգային հարաբերությունների հմուտ, խորագիտակ մասնագետ ու սթափ վերլուծաբան, այլև իր երկրին ու ժողովրդին նվիրված քաղաքացի ու մարդ: Նպատակ ունենալով ընթերցողին պատկերացում տալու «Աֆղանական թնջուկի» մասին, որը հազարավոր խորհրդային մարդկանց և զինվորների կյանքի, խեղված ճակատագրերի, աֆղան ժողովրդի ողբերգության պատճառ դարձավ, հեղինակը ընդգրկուն և հանգամանալի հայացք է նետում ոչ միայն տվյալ ժամանակաշրջանի լարված միջազգային իրավիճակին, այլև Աֆղանստանի ներքին քաղաքական վայրիվերումներին և այդ երկրի ու ժողովրդի պատմությանը… Հստակ պատկերացում ունենալով պատերազմի ողբերգական հետեւանքների և հստակ գնահատական` այդ պատերազմը սանձազերծող պետական ու քաղաքական այրերի ընդունած քաղաքական որոշումների մասին, այնուամենայնիվ, Սիմոնյանը, որպես ճշմարիտ զինվորական, չի ներկայանում աֆղանական պատերազմը փրփրաբերան քննադատողների էժանագին դիրքերից և այն որոշակի տեսակետն է հայտնում, որ, այո՛, դաժան պատերազմ էր, բայցեւայնպես, մղվում էր հզոր խորհրդային երկրի ու հայրենիքի ռազմավարական շահերից ելնելով և Աֆղանստանում կռվող ամեն զինվոր անասելի տառապանքների ու արյան գնով իր ինտերնացիոնալ պարտքն էր կատարում հայրենիքի ու ժողովրդի առջև: «Մենք զինվորականներ ենք և պարտավոր ենք կատարել մեր երկրի ղեկավարության պահանջները: Երբեք չեմ զղջացել իմ վտանգավոր և ծանր աշխատանքի համար: Հատկապես` երբ գիտեմ, որ ի սրտե ցանկացել եմ օգնել այդ երկրին և ուժերիս սահմաններում արել եմ դա»-, անկեղծորեն խոստովանում է հեղինակը: Որ սրանք պարզապես ասված խոսքեր չեն, ընթերցողը համոզվում է գրքի ամեն էջի ամեն տողում:

Որքան էլ զարմանալի թվա, ինքնակենսագրական գրքի հերոսը, իմ համոզմամբ, հեղինակը չէ, ոչ էլ խորհրդային զինվորը, թեև մենք նրանց տեսնում ենք խաղաղ ժամին ու մարտական առաջադրանք, անգամ սխրանք կատարելիս, այլ… աֆղան ժողովուրդը: Եվ հեղինակի հիացմունքի հասնող համակրանքին ու սիրուն այդ ժողովրդի նկատմամբ հանդիպում ենք գրքի հենց առաջին տողում. «Անցել է երեսուն տարի, ինչ վերադարձել եմ Աֆղանստանից, սակայն տարօրինակն այն է, որ ես մինչ օրս էլ կարոտում եմ այդ երկիրն ու ժողովրդին»: Հեղինակը, որ զենքով օտարի հողը մտած բարձրաստիճան զինվորական է, փորձում է ըմբռնել տեղաբնիկ ժողովրդի ցավն ու կարեկից լինել նրա չարքաշ կյանքին. «Մենք սիրեցինք աֆղան ժողովրդին: Ժողովուրդ, որի 80 տոկոսի սնունդը հիմնականում բաղկացած է չոր հացից, բայց արժանապատիվ է ու հպարտ, արտակարգ հայրենասեր: Ապրելով նման պայմաններում` աֆղանցին չի գողանում, չի մուրում: Նա կարող է զենքով թալանել, բայց չգողանալ… Հյուրասեր է, ճշտապահ, տոկուն ու անկոտրում, անձնազոհ: Կյանքի գնով կպաշտպանի քեզ, եթե դու խնդրել ես ապավեն լինել: Քեզ կփրկի կամ կզոհվի քեզ հետ միասին»: Ահա ինչու հայրենասիրության և մարդկայնության բարձրագույն չափանիշներով առաջնորդվող հեղինակը զուգահեռներ է տեսնում աֆղան և հայ ժողովուրդների նկարագրի ու ճակատագրերի միջև. «Աֆղանստանն ինձ շատ է հիշեցնում Հայաստանը: Այս լեռնային երկիրը մեզ նման հազարամյակներ պայքարել է իր ազատության և անկախության համար: Այս ամենը բնորոշ է նաև մեզ՝ հայերիս»:

Այսուհանդերձ, խստագույնս թերագնահատած կլինեինք հեղինակի վաստակը, եթե աֆղան ժողովրդի նկատմամբ սերը վերագրեինք միմիայն նրա մարդկային արժանիքներին: Այդ սերը միայն հոգու թելադրանք չէ, այլ իմացություն, գիտելիք, ինչը խոսում է խորհրդային անվտանգության ծառայության բարձրաստիճան սպայի բարձր մասնագիտական պատրաստվածության մասին: Ռազմիկ Սիմոնյանը, որպես պրոֆեսիոնալ, սիրահարված է իր գործին ու մասնագիտությանը: Եվ պատահական չէ, որ մարշալ Բաղրամյանի մի արտահայտությունը ռազմական հակահետախույզների մասին, տարիներ կրել է իր մեջ. «Ես մեծ հարգանք ունեմ չեկիստների նկատմամբ. պատերազմի առաջին օրերի գեներալ Կիրպանոսի շտաբն ընկավ շրջապատման մեջ, սպանվեցին շատերը, ես մի խումբ չեկիստների հետ` մոտ 40 մարդ, կարողացա ճեղքել շրջապատումը: Նրանք պողպատից են ասես ձուլված»: Գրքի ամեն էջ ընթերցողին համոզում է, որ հեղինակը խորապես տիրապետում է այն երկրի ու ժողովրդի մասին համապարփակ տեղեկությունների, որտեղ ծառայում է կամ պատերազմում: Տեղեկությունները բազմակողմանի են` պատմություն, աշխարհագրություն, տնտեսություն, մշակույթ, կրոն և դավանաբանական տարաձայնություններ, սովորույթներ, հավատալիքներ, ազգագրություն և անգամ կենցաղավարություն: Եվ եթե հեղինակը ամենայն մանրամասնությամբ սիրով է նկարագրում օտար տեղանքը, աֆղանցիների բնակարանի ներքին կառուցվածքը, կահավորանքը, տղամարդկանց ու կանանց հագուստը, տալիս է նրանց ամենասիրելի ուտելիքի, ասենք` գառան մսով փլավի բաղադրատոմսը, ապա այն միայն ու միայն պետք վերագրել նրա ամենատես աչքին` օտար, պատերազմող երկրում ծառայող անվտանգության աշխատակցի պատրաստվածությանն ու բարձր պրոֆեսիոնալիզմին:

Ռազմիկ Սիմոնյանի «Հայրենիքի և պատվի համար» գրքի մեծագույն արժանիքներից մեկը, փաստագրական և պատմագիտական նշանակությունից զատ, բարի հայացքն է իրեն շրջապատող աշխարհին և խորին ցավը մարդու նկատմամբ: Խոսելով հազարավոր երիտասարդ կյանքեր խլած պատերազմի, իր զոհված ընկերների մասին, որոնցից շատերի աճյունները ստիպված է եղել անձամբ տուն ուղեկցել, խորությամբ ըմբռնելով այդ պատերազմի էությունը («Դա պատերազմ էր առանց օրենքների, երբ չեն գործում Ժնևյան կոնվենցիաները, պատերազմական իրավիճակներին հատուկ երկկողմանի իրավունքները»), հեղինակն այնուամենայնիվ այն հստակ կարծիքին է, որ զինվորն իրավունք չունի կորցնելու իր խիղճն ու մարդկային դեմքը. «Մտորելով Աֆղանստանի ճակատագրի շուրջ՝ կարող եմ ասել, որ շատ դեպքերում մեր կողմից «դուշման», «հանցագործ», «հրոսակ» կոչվածներն ավելի շատ էին արժանի կարեկցանքի, քան նրանք, ովքեր պայքարում էին վերջիններիս դեմ»: Միևնույն ժամանակ, զինվորական Սիմոնյանը ատամներով է պաշտպանում աֆղանական պատերազմի գեհենով անցած խորհրդային զինվորի պատիվն ու անունը բոլոր նրանցից, ովքեր փորձում են պիտակավորել նրան որպես սպանելուն վարժված, անխիղճ մարդասպանի: Նման մտայնությունը նա համարում է վիրավորանք, մոլորության եւ չիմացության արդյունք, հիմարություն. «Զինվորականը, որ գնացել է պետության կոչով իր պարքը կատարելու, չի կարող դառնալ մարդասպան և չի կարող վարժվել դրան: Մի՞թե Հայրենական պատերազմին մասնակցած զինվորները, միլիոնավոր մարդիկ մարդասպաններ էին, մի՞թե մեր երկրի բնակչության մոտ 50 տոկոսը մարդասպաններ էին»: Ի դեպ, որպես ԽՍՀՄ անվտանգության ծառայության բարձրաստիճան սպա, որն այդ համակարգում ծառայել է ավելի քան քառասուն տարի, Ռազմիկ Սիմոնյանը բարձր է դասում այդ ծառայության դերն ու նշանակությունը ոչ միայն պատերազմական իրավիճակներում, այլև ցանկացած երկրի ու պետության կյանքում և դատապարտում է հիշյալ կառույցի հասցեին ցեխ շպրտողների փորձերը. չէ՞ որ նրանց մեծամասնությունը կռվում է նաև խաղաղ պայմաններում, ազնվորեն պայքարում է` համոզված, որ օգուտ է բերում իր պետությանը:

Այո՛, գիրքը մի ընդարձակ իրատեսական կտավ է Աֆղանստանի ու աֆղանական պատերազմի մասին (պատահական չէ, որ գիրքն ունի «Հիշողություններ Աֆղանստանից» ենթավերնագիրը), որում սակայն չեն իշխում գորշ գույներն ու մռայլ տրամադրությունները: Հեղինակը անկաշկանդ, հարուստ ու պատկերավոր լեզվով, մեղմ ու աննկատ վրձնահարվածներով կերտում է խորհրդային հասարակ զինվորի, աֆղանցու, բարձրաստիճան զինվորականների ու քաղաքական հայտնի այրերի կենդանի ու լիարյուն դիմապատկերները, ինչի շնորհիվ ընթերցողն այնպիսի տպավորություն է ունենում, որ ինքը գեղարվեստական գիրք է կարդում, և որ ինքը շփվում է ոչ թե իրական, այլ երևակայական հերոսների հետ: Որքա՜ն տեսանելի, հյութեղ են թարգմանիչներ՝ հայազգի Վարդանի և տաջիկ Ակբարի կերպարները, որոնց անվերջանալի կենցաղային ու փիլիսոփայական բնույթի վեճերի միջոցով հեղինակը մտորում է աշխարհի ու մարդու, պետությունների ու պատերազմների, վեհի ու ստորի, հաղթանակի ու պարտության, բարոյականության ու վեհ գաղափարների, մարդկային առաքինությունների ու արատների մասին: Որքա՜ն առինքնող է Գազնի քաղաքի, որտեղ խորհրդատվական ծառայություն է իրականացրել հեղինակը, ինֆորմացիոն ծառայության պետի` Համեդիի կերպարը: Առանց չափազանցության կարելի է ասել, որ նա մարմնավորում է աֆղան ժողովրդի հավաքական կերպարը` հետաքրքրասեր, ուսումնատենչ, ազնիվ, քաջ, խոհուն ու մինչև վերջին շունչը նվիրված:

Ռազմիկ Սիմոնյանը երբեք էլ չի դադարել հայրենիքի զինվոր լինելուց, ինչպիսի բարձր պաշտոն ու դիրք էլ զբաղեցրած լինի: Շարքային զինվորի հանդեպ նրա սերը հաճախ վերածվում է պաշտամունքի: Զինվորի մասին նրա հավատամքը լավագույնս է երևում հեղինակի մի արտահայտությունից. «Այն սպան, որ նսեմացնում է զինվորին, դավաճան է»:

«Հայրենիքի և պատվի համար» գրքի ընթերցողը հնարավորություն կունենա ծանոթանալու անվանի զինվորականների ու քաղաքական հայտնի դեմքերի մարդկային նկարագրին, որոնց հետ հեղինակը շփվելու, աշխատելու պատիվ է ունեցել` մարշալ Բաղրամյան, մարշալ Սոկոլով, ՌԴ պաշտպանության նախարար Ս. Իվանով, լեգենդար հետախույզներ Գևորգ Վարդանյան, Աբել, գեներալ Ն. Տեր-Գրիգորյան, Աֆղանստանի պետական ղեկավարներ Բաբրակ Կարմալ, Նաջիբուլլա,… Հեղինակի վարպետ գրչի շնորհիվ համակողմանի ու վառ ներկայացվում են մի շարք աֆղանցի դաշտային հայտնի հրամանատարներ, որոնցից առանձնանում է հատկապես զորավարական փայլուն տաղանդի տեր, ժողովրդական իսկական հերոս Ահմադ Շահ Մասուդի կերպարը:

Գրքի մասին ասելիքս թերևս թերի լիներ, եթե չխոսեի հուշագրության հեղինակի ամենամեծ սերերից մեկի` իր ծննդավայրի մասին. «Կարճատև արձակուրդներին, երբ վերադառնում էի տուն, Լենինականի ճանապարհին, Լանջիկ գյուղ չհասած` բլուրների մոտ կանգնեցնում էի մեքենան, ժամերով նստում էի այդ բլուրների ստորոտում, շնչում մեր Շիրակի դաղձի, ուրցի, մյուս ծաղիկների անկրկնելի բուրմունքը և զգում, որ առանց հայրենիքի օդի մարդու թոքերը չորանում են»: Նա, ինչպես ասում են, մինչև ուղն ու ծուծը սիրահարված է իր հայրենի քաղաքի քար ու թփին, փողոցներին ու տներին, իսկ ամենաշատը` ավանդապաշտ, աշխատասեր, իմաստուն, սրախոս և ուրախ մարդկանց` լենինականցիներին. Եվ այդ սերն է ասես նրան առաջնորդել իր կյանքի բոլոր մեծ ու փոքր քայլերում, նրան տոկալու, պայքարելու ուժ, երազելու թևեր տվել: Այս իմաստով բավականին խորհրդանշական է հեղինակի և Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հետ հանդիպումը, որն անջնջելի հետք է թողել երիտասարդ զինվորականի հոգում: Երկու հայի, զինվորականի հանդիպում հայրենիքից հեռու, օտար հողում: Չդիմանալով գայթակղությանը, ուզում եմ մի փոքրիկ կտոր մեջբերել այդ զրույցից, համոզված, որ ընթերցողը կհասկանա նաև իմ թուլությունը:

-Ընկե՛ր կապիտան, ծնունդով որտեղի՞ց եք,- հարցրեց մարշալը:

-Լենինականցի եմ, ընկե՛ր մարշալ:

-Մենք, պարզվում է, հայրենակիցներ ենք: Ալեքսանդրապոլն ինձ հարազատ քաղաք է: Լեզուն` բարբառը, սկզբում թվում է կոպիտ, բայց երբ վարժվում ես, նոր ես զգում, թե ինչ մեծ հոգի կա այդ բարբառի մեջ: Որքա~ն բարի, կատակասեր, կենսախինդ մարդիկ են ապրում Լենինականում: Վաղո՞ւց եք քաղաքից դուրս եկել:

-Երբ ինձ զորակոչեցին բանակ, ծառայության բերումով տեղափոխվեցի Երևան, Նովոսիբիրսկ և այլ վայրեր, բայց հույս ունեմ, որ անպայման կվերադառնամ Լենինական, քանի որ մեծ է իմ սերը Շիրակի հանդեպ:

-Գովելի է նման սերը: Տարբեր պատճառներով ինձ էլ բախտ չվիճակվեց ծառայելու իմ բուն հայրենիքում, ծնված վայրում… Ես կարոտում և հաճախ եմ լինում Երևանում, Չարդախլուում…

Ես նկատեցի, թե ինչպես նրա աչքերը թախիծով լցվեցին. հասկացա, որ նա շարունակում է կարոտել:

Ծննդավայրի մասին խոսելիս հեղինակի խոսքը գեղարվեստական արձակին հատուկ երանգ է ստանում, եթե չասեմ` բանաստեղծական ներքին չափ ու ձևի մեջ է մտնում: Նա մեծագույն բախտ է համարում, որ իրեն հաջողվել է ապրել ու տեսնել լենինականցի նշանավոր, «զտարյուն» վարպետներին, որոնք դարձել են քաղաքի խորհրդանիշը. «Միշտ կոկիկ հագնված, երկարաճիտ կոշիկներով, սև վերնաշապիկով, լուրջ, հանգիստ, իրար հետ զրուցելով զբոսնում էին: Բոլոր հանդիպողները` անկախ տարիքից, գլուխ էին տալիս, իսկ վարպետները թեթև գլխով էին անում ու աջ ձեռքը մոտեցնում գլխարկներին»: Գեղեցիկ, խորիմաստ ու նուրբ պատկեր, որ հեղինակը կինոմատոգրաֆիական հմտությամբ դուրս է հանել իր մանկական հիշողություններից ու պահ տվել հետագա սերունդներին:

Գիրքը իսկապես հրաշալի նվեր է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են պատմությամբ, անվտանգության ծառայությունների աշխատանքով, ռազմական հետախուզության ու հակահետախուզության գործունեությամբ, ովքեր սիրահարված են իրենց գործին ու խենթորեն սիրում են իրենց մանկությունը, ծննդավայրը, տունը, հայրենիքը և համայն մարդկությունը:

Հայրենանվեր և շնորհակալ գործ է արել նաև «Պարգև Ոսկանյան» հրատարակչությունը գրատպության պատշաճ չափանիշներով եւ գեղեցիկ ձեւավորմամբ հիրավի այս արժեքավոր աշխատանքը ընթերցողի սեղանին դնելու համար:

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #17 (1035) 8.05.2014 – 14.05.2014, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


08/05/2014