Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾԱՐՈՒՄ



Էրեբունու թիվ 107 միջնակարգ դպրոցում կազմակերպված ցերեկույթը նվիրված էր 1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմի վետերան Իվան Մեխակի Սարգսյանի 90-ամյակին։ Նա ծնվել է Ադրբեջանի Եվլախի շրջանի Նամեթարաթ գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում։ Դեռ 18 տարին չլրացած՝ 1942թ. հոկտեմբերին զորակոչվել է Կարմիր բանակ, նախնական զինպատրաստությունը անցել Վրաստանում և ուղարկվել Հյուսիս-Կովկասյան, այնտեղից էլ Ուկրաինական առաջին ռազմաճակատ։ Պարգևատրվել է Կովկասի, Ուկրաինայի, Կիևի ազատագրման համար մեդալներով։ Պատերազմից հետո աշխատել է դպրոցում՝ որպես ռազմագիտության ուսուցիչ։ Երկար տարիների անբասիր աշխատանքի համար արժանացել է բազմաթիվ պարգևների, մեծ հարգանքի և պատվի։

Ցերեկույթը բացման խոսքով սկսեց դպրոցի տնօրեն Սվետլանա Ամիրյանը, այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ պատերազմի և ԶՈՒ վետերանների կոմիտեի նախագահ, Հայրենական մեծ պատերազմի ակտիվ մասնակից գնդապետ Պետրոս Պետրոսյանը։

Հոբելյարի պատվին ջերմ խոսքեր ասացին Ժենյա Հարությունյանը, համայնքի վետերանների խորհրդի նախագահ, փոխգնդապետ Խաչատուր Խաչատրյանը և ուրիշներ։ Գնդապետ Պ. Ա. Պետրոսյանը հոբելյարին նվիրեց վաստակավոր նկարիչ Ղարիբ Եղիազարյանի հայոց լեռնաշխարհի յուղաներկ կտավը։

ՌՈՒԲԵՆ ԲԱԽՇՅԱՆ

Խորագիր՝ #17 (1035) 8.05.2014 – 14.05.2014, Բանակ և հասարակություն


08/05/2014