Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անհնար է գերագնահատել հրամանատարաշտաբային զորավարժությունների նշանակությունը զորքերի հրամանատարական կազմերի, շտաբային զինծառայողների մասնագիտական, մարտավարական գիտելիքների հարստացման, հմտությունների կատարելագործման գործում: Եթե պատերազմն ու ճակատամարտը համարվում են հնարավորությունների օգտագործման արվեստ, ապա հրամանատարաշտաբային զորավարժությունների, այսինքն՝ փորձնական մարտի ժամանակ հակառակորդի սպառնալիքները բազմապատկվում են, և արվեստն իր տեղը զիջում է ճշգրիտ գիտություններին, մաթեմատիկական բարդ հաշվարկներին, երբ որոշիչ նշանակություն են ունենում մտքի արագությունը, ճկունությունը, կողմնորոշվելու, պատասխանատվություն ստանձնելու, որոշումներ ընդունելու համարձակությունը: Հիմնականում աննկատ անցկացվող այս մարզումները ԶՈՒ մարտական պատրաստության տարեկան պլանի կարևոր մաս են կազմում և անցկացվում են ուսումնական գործընթացի ողջ ժամանակահատվածում:

Ապրիլի 28-30-ին ենթակա զորամասերի հետ, նրանց բազայի հիման վրա հրամանատարաշտաբային զորավարժություններ անցկացրին ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական բաժինը՝ բաժնի պետ գնդապետ Գևորգ Մանուկյանի ղեկավարությամբ և ՌՔԿՊ վարչությունը՝ գնդապետ Սարգիս Արզումանյանի ղեկավարությամբ:

Տեղագրողներն աշխատանքներն սկսեցին զորամասը՝ հրամանատար փոխգնդապետ Արթուր Ասմարյան, մարտական պատրաստության բարձր աստիճանի բերելով: Այնուհետև՝ զորավարժության երկրորդ փուլում, մասնակիցներն սկսեցին աշխատել պաշտպանական և հակահարձակողական գործողությունների ժամանակ տեղագրաերկրաբաշխական ապահովման որոշման ընդունման և իրականացման ուղղությամբ: Մեր խնդրանքով գնդապետ Գ. Մանուկյանը պարզաբանեց նեղ մասնագիտական զորատեսակին տրված առաջադրանքի էությունը:

-Ներկա պահին, ըստ զորավարժության ծրագրի, մենք կատարելու ենք մարտական գործողություններ վարող զորամիավորումներից մեկի պահանջները: Ինչպիսի՞ խնդիրների կարող են նրանք հանդիպել, և որպես լրահամալրում մեզնից ի՞նչ կարող են պահանջել: Այսպես, ռազմական գործողությունների ընթացքում հնարավոր են կորուստներ: Տարբեր պատճառներով տեղագրական քարտեզները կարող են պակասել, կորչել, վնասվել ու դառնալ անօգտագործելի, միաժամանակ հնարավոր է, որ զորամիավորման ստորաբաժանումներից մեկը ռազմական գործողություններ վարի այնպիսի տարածքում, որի քարտեզը չունի: Չի բացառվում, որ լինեն նաև հետախուզական, օրթոֆոտոպլանի, ֆոտոպլանի, թվային քարտեզների, թվային մոդելների պահանջներ տարածքների առանձին հատվածների վերաբերյալ: Դրանք կարևոր են տեղանքում ճիշտ կողմնորոշվելու, ստորաբաժանումների փոխհամագործակցությունը կազմակերպելու համար: Մենք կարող ենք առաջադրանքներ ստանալ առանձին զորատեսակների, ասենք՝ հրետանային ստորաբաժանումների տեղակապակցման, անհրաժեշտ խտության երկրաբաշխական ցանցի ստեղծման համար և, իհարկե, կատարել հրթիռային զորքերի պահանջները:

Անդրադառնալով հնարավորություններին և միջոցներին՝ գնդապետ Գ. Մանուկյանն ասաց, որ զորամասի հնարավորությունները բավական մեծ են, ու անհրաժեշտության դեպքում կարող են օգտվել տիեզերական նկարահանումներից, անօդաչու թռչող սարքերից ստացվող տվյալներից:

…Զորավարժությունը շարունակվում էր, ստորաբաժանումները զբաղված էին հերթական ներածականի կատարման աշխատանքով: Պարզ է, որ այստեղ կարևորվում են ճշտությունն ու արագությունը, քարտեզները տեղ հասցնելու անվտանգությունը:

Զորավարժության անցկացման կարևոր նպատակներից մեկն էլ մասնագետների, ստորաբաժանումների հրամանատարների (բաժանմունքների պետերի) միմյանց հետ աշխատելու, առաջարկություններ պատրաստելու, քննարկելու, վերադասին զեկուցելու հմտությունների զարգացումն ու կատարելագործումն է: Զորավարժության ընթացքին հետևելիս զգացինք, որ մասնակից սպաները համակ ուշադրությամբ կենտրոնացած են իրենց գործի վրա և ձգտում են խնդիրը կատարել բացարձակ ճշտությամբ: Հրամանատարից բացի, հետևեցինք բաժանմունքների պետեր՝ մայոր Ս. Դանիելյանի, կապիտան Տ. Թադևոսյանի, ինչպես նաև բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Ա. Գալստյանի, փոխգնդապետ Ա. Սուջյանի, տեղագրողներ, ավագ լեյտենանտ Ա. Պողոսյանի, լեյտենանտներ Կ. Միրզոյանի, Վ. Պետրոսյանի աշխատանքին: Պետք է արժանին մատուցել այս թվով քիչ, բայց զորեղ անձնակազմին, որը ժամանակին ու ամբողջությամբ կատարում է իր առջև դրված առաջադրանքները և բանակին տրամադրում արդիական, անսխալ քարտեզներ:

♦♦♦

Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության ուսումնական պլանի համաձայն՝ ենթակա զորամասի հետ անցկացվեց հրամանատարաշտաբային զորավարժություն «Գումարտակը լրահամալրմամբ մարտական պատրաստականության բերելը, պաշտպանական օպերացիայի ժամանակ ՌՔԿՊ խնդիրների նախապատրաստումն ու իրականացումը» թեմայով: Այն հետապնդում էր հետևյալ նպատակները` կատարելագործել գումարտակի հրամանատարի և շտաբի գործնական հմտությունները զորամասի ստորաբաժանումները ղեկավարելիս և համալրմամբ դրանք մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելիս, ստուգել զորամասը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելու պլանի իրատեսությունը, բարձրացնել սպաների գործնական ունակությունները մարտական գործողությունների ժամանակ, ՌՔԿՊ խնդիրները իրականացնել մարտական գործողությունների ընթացքում, ենթակա ստորաբաժանումների գործողությունները ղեկավարելիս, համակողմանի ապահովումներ կազմակերպելիս և իրականացնելիս, բարձրացնել հրամանատարի և շտաբի գործնական հմտությունները ՌՔԿՊ միջոցառումները մշակելիս, իրականացնելիս, մարտական գործողությունները կազմակերպելիս, ստորաբաժանումները ղեկավարելիս:

Զորավարժությունն անցավ երկու փուլով. նախ՝ զորամասը (գումարտակը) բերվեց մարտական պատրաստության բարձր աստիճանի, այնուհետև իրականացվեցին գործնական աշխատանքներ որոշումների ընդունման և իրականացման ուղղությամբ: Ապրիլի 28-ին անձնակազմն աշխատեց մշտական տեղակայման վայրում, հաջորդ օրը զորավարժության ղեկավար, վարչության պետ, գնդապետ Ս. Արզումանյանի որոշմամբ՝ մարզումները շարունակվեցին դաշտային պայմաններում, երրորդ օրը՝ դարձյալ զորամասում: Ապրիլի 29-ի վաղ առավոտյան ղեկավարման շտաբի պետ գնդապետ Սերգեյ Հովհաննիսյանի հրամանով՝ զորամասի հրամանատարական կազմի սպաները՝ հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար մայոր Խաչիկ Գաբրիելյանը, ծառայությունների պետերը և ստորաբաժանումների հրամանատարները (հատուկ մշակման և հրանետային վաշտեր), ինչպես նաև շտաբն ամբողջությամբ տեղափոխվեցին մարտավարական դաշտ և կատարեցին հրամանատարական կետի բացազատում: Զորամասի հետ կապի հաստատումից հետո մայոր Խ. Գաբրիելյանը գնդապետ Ս. Հովհաննիսյանին զեկուցեց մարզումները շարունակելու համար անձնակազմի պատրաստ լինելու մասին:

Իսկ ինչպիսի՞ առաջադրանքներ, ներմուծականներ կարող են տրվել ՌՔԿՊ ստորաբաժանումներին, հնարավոր ի՞նչ խնդիրների առաջ կարող են կանգնել հետևանքների վերացման գործում մասնագիտացած ստորաբաժանումները: Այս հարցերի պարզաբանման խնդրանքով դիմեցինք գնդապետ Ս. Հովհաննիսյանին:

-Ասեմ, որ ենթակա զորամասն ամբողջությամբ անցել է պայմանագրային ծառայության, և մենք հետայսու աշխատելու ենք ոչ թե երիտասարդ կադրերի պատրաստման, այլ անձնակազմի գիտելիքների ու հմտությունների մշտական կատարելագործման վրա: Վերջին տարիներին մենք սերտորեն համագործակցում ենք արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության հետ: Համատեղ ուժերով անցկացնում ենք զորավարժություններ, մարզումներ: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք հնարավոր արհավիրքների, արտակարգ իրավիճակների դեպքում համատեղ միջոցներով և ուժերով գործելու, վտանգները չեզոքացնելու, հետևանքները վերացնելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է վարժանքների բովանդակությանը, ներմուծականներին, պետք է ասեմ, որ դրանք կարող են առնչվել մեր երկրի տնտեսությանը, արտադրությանը, զինված ուժերին, ազգաբնակչությանը, բնական երևույթներին և այլն: Բերեմ մեկ օրինակ. ռադիոակտիվ աղբյուրներ տեղափոխելիս մեքենայի թափքի դռները բացվել են, և տեղի է ունեցել վտանգավոր նյութի արտահոսք: Մենք պետք է չեզոքացնենք հետևանքները և ոստիկանության աջակցությամբ կազմակերպենք դրա անվտանգ տեղափոխումը, ինչպես նաև կատարենք հետախուզական աշխատանք՝ պարզելու տեղանքի վարակվածության աստիճանը, անհրաժետության դեպքում՝ կատարենք բացազատում հատուկ նշանակության տեխնիկայի աշխատելու համար և կատարենք գազազերծման աշխատանքներ: Բազմաթիվ վարժանքներ միտված են զորավարժության մասնակիցների տեսական իմացությունների, գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանը:

Զորավարժություններն ավարտվեցին արդյունքների ամփոփումով:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #17 (1035) 8.05.2014 – 14.05.2014, Ազգային բանակ


08/05/2014