Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ…



Հայաստանում այսօր բնակվում է Հայրենական մեծ պատերազմի 1450 վետերան, որոնցից ամենակրտսերը 88 տարեկան է: Նրանցից երեքը կմասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին, տասը` Նովոռոսիյսկում: Վետերանների մոտ յոթանասուն տոկոսը անկողնային վիճակում է, մի մասը` միայնակ: Վետերանների ամսական պատվավճարը կազմում է ընդամենը 25 հազար դրամ: Անցած երկու տարվա ընթացքում Հայաստանում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերանների թիվը կրկնակի նվազել է:

Այսօր Հայաստանում գործում է վետերանների 48 կազմակերպություն, որոնց կից Դիլիջանում, Գյումրիում, Վանաձորում, Մարտունիում գործում են բարեգործական ճաշարաններ: Բոլոր քաղաքներում կան վետերանների ժամանցի տներ: Գործում են նաև վետերանների Փառքի սրահներ:

Զրույցի ժամանակ ՀՀ Վետերանների միավորման խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը ցավով նշեց, որ վետերանների առջև ծառացած հիմնական խնդիրը նրանց տարիքն է ու սոցիալ-կենցաղային անմխիթար վիճակը: Ըստ նրա` վերջին սոցիալ-կենցաղային ցուցանիշով Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում զբաղեցնում է ստորին հորիզոնականներից մեկը: Միաժամանակ, նա հուսով է, որ մինչև Հաղթանակի 70-ամյակը կբարձրանա վետերաններին տրվող պատվավճարի չափը, ինչպես խոստացել է Հայաստանի Հանրապետության նախագահը, ինչը թերևս կթեթևացնի նրանց դժվարին ապրուստը: Գնդապետ Եսայանի խոսքով` թեև աշխատանքի և սոցապահովության, առողջապահության նախարարությունները վետերաններին հանգստյան տների ուղեգրեր են տրամադրում (2013 թ. շուրջ 50 վետերան հանգստացել է Բյուրեղավանում, իսկ այս տարի նախատեսված է ևս 100 ուղեգիր), սակայն, որքան էլ զարմանալի է, դրանցում բժշկական սպասարկում նախատեսված չէ:

-Ի պատիվ վետերանների պետք է ասել, որ նրանք, դժգոհ լինելով հանդերձ, հիմնականում ըմբռնումով են մոտենում և հասկանում են, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս պատերազմական իրավիճակում է, շրջափակման մեջ, ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում և ի վիճակի չէ ավելի մեծ ուշադրություն դարձնել իրենց նյութական խնդիրներին: Իսկ նրանց դժգոհությունը, ինչ խոսք, տեղին է: Հիշենք, թե այդ սերունդն ինչպիսի ավանդ է ներդրել Հայրենական պատերազմում և Մեծ հաղթանակի գործում: Փոքր Հայաստանից պատերազմին մասնակցել է շուրջ 600 հազար հայ: Ամենացավալին այն է, որ այսօր ոմանք, հաճախ նույնիսկ պաշտոնատար անձինք, փորձում են ուրանալ նրանց սխրանքը, ասելով` «Չկռվեի՛ք»: Նմանները պարզապես տգետներ են, քանի որ տեղյակ չեն՝ եթե հայը կռվում էր Մոսկվայի մատույցներում` նա պաշտպանում էր Հայաստանում գտնվող իր տունն ու ընտանիքը: Եթե չլիներ Մոսկվայի կամ Լենինգրադի պաշտպանությունը, եթե չլիներ Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակը, ապա այսօրվա Հայաստանը դժվար թե գոյություն ունենար: 261-րդ դիվիզիան միայնակ կանգնած էր թուրքական սահմանին կենտրոնացած 26 դիվիզիաների դեմ հանդիման, որոնք սպասում էին Ստալինգրադի անկմանը, որպեսզի ներխուժեն Անդրկովկաս և ավարտին հասցնեն իրենց հրեշավոր ծրագիրը՝ հայերի իսպառ ոչնչացումը,- ասում է Ս.Եսայանը:

Այնուամենայնիվ, պաշտպանելով վերտերանների պատիվն ու արժանապատվությունը, խորհրդի նախագահը նշում է, որ վետերաններն իրեն շատ ավելի հաճախ դիմում են ուշացած մեդալների և շքանշանների հարցերով, քան թե նյութական օգնության:

– Ես երբեմն զարմանում եմ և հպարտանում նրանցով: Թեև շատ քիչ մարդ է մնացել, շատերն էլ հազիվ են կարողանում քայլել, բայց սիրով են մասնակցում մեր մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը` ներկա են գտնվում տարբեր միջոցառումների, զորակոչի ժամանակ այցելում են զինկոմիսարիատներ, ոգևորում նորակոչիկներին: Նույնիսկ եթե նրանք ոչինչ չասեն, լռեն, նրանց մասնակցությունն արդեն իսկ դաստիարակչական մեծ նշանակություն ունի: Պետք չէ նաև մոռանալ, որ Արցախյան գոյամարտին մասնակցած երիտասարդների մեծ մասը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակածների թոռներն էին, որոնք իրենց պապերի օրինակով կերտեցին մինչ այդ անիրագործելի թվացող հաղթանակներ: Հուսով եմ, որ նոր կառավարությունը քայլեր կձեռնարկի վետերանների առտնին կարիքները թեթևացնելու ուղղությամբ,- ասում է նա:

Միաժամանակ գնդապետ Եսայանը երախտագիտության խոսքեր է ուղղում պաշտպանության նախարարության հասցեին: Նրա կարծիքով` նախարար Սեյրան Օհանյանի հետևողականության շնորհիվ գերատեսչությունը եռամսյակը մեկ վետերանների տեղական կառույցներին տրամադրում է 50-60 հազար դրամի աջակցություն վետերանների կոմունալ ծախսերը հոգալու համար: Վետերանների միավորումը կարողանում է այդ աջակցությունից տարեկան շուրջ 1,5-2 միլիոն դրամ փոխանցել ծայրաստիճան վատ պայմաններում գտնվող, միայնակ վետերաններին: Նախարարության օգնության շնորհիվ վետերանների միավորումը հոգում է նաև կենտրոնական գրասենյակի վարձակալության և փոքրաթիվ աշխատակազմի վարձատրության հարցերը: Նախարար Սեյրան Օհանյանի անմիջական աջակցությամբ վերանորոգվել է և ընդլայնվել Աշտարակի վետերանների Փառքի սրահը:

Ըստ գնդապետ Եսայանի՝ անկախ ծանր կենցաղային պայմաններից, վետերանները և նրանց ընտանիքները աչքի լույսի պես են պահում իրենց պատերազմական մեդալներն ու շքանշանները, մարտական պարգևները: Ի տարբերություն ԱՊՀ այլ երկրների,- ասում է նա,- Հայաստանում չեն գրանցվել մեդալների և շքանշանների գողության կամ ապօրինի յուրացման դեպքեր:

-Թեև Հայաստանում վետերանների նկատմամբ հարգանքը շատ բարձր է, բայց, ցավոք, եղել են դեպքեր, երբ վետերանի վախճանից հետո նրա ընտանիքը ստիպված է եղել վաճառքի հանել մահացածի պարգևները: Եվ մենք չենք կարող պայքարել այդ երևույթի դեմ, քանի որ այն պայմանավորված է ծանր սոցիալ-տնտեսական վիճակով: Այսօր Վետերանների միավորումը փորձում է ձևավորել ևս մի թանգարան, որտեղ կպահվեն բոլոր շքանշաններն ու մեդալները, որ դրանք չդառնան առուծախի առարկա,- ասում է նա:

ՀՀ Վետերանների միավորման խորհրդի նախագահը նաև տեղեկացնում է, որ Հաղթանակի 70-ամյակին նվիրված մեդալների թիվը սահմանափակ է լինելու: Եթե մինչև 65-ամյակը մեդալներն անվճար էին տրամադրվում, ապա այսօր դրանք կտրամադրվեն որոշակի գումարով: Ընդ որում, Ռուսաստանի Դաշնությունից դրանք գնելու է Հայաստանի Հանրապետությունը:

Եթե մինչև 65-ամյակը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի մեդալներ հանձնում էին նաև թիկունքի վետերաններին, ապա այժմ տրամադրելու են միայն մարտական գործողությունների անմիջական մասնակիցներին: Բնական է, որ թիկունքի վետերանները նեղացած են այդ որոշումից: Պետք է նաև նշել, որ ՀՀ կառավարությունը սահմանել է Հայրենական մեծ պատերազմի մասնակցի կարգավիճակը: Ըստ այդմ` նման կարգավիճակ ունի ռազմական գործողությունների անմիջական մասնակիցը, Լենինգրադի շրջափակման մեջ եղած կամ գերության մեջ ծնված անձը: Վերջերս նրանց հավասարեցվեցին երկաթուղային այն աշխատողները, որոնք մարդկային և նյութական օժանդակություն են ցուցաբերել ռազմաճակատին:

Ըստ վետերանների միավորման ղեկավարի՝ Հայրենական պատերազմից յոթ տասնամյակ անց դեռ շարունակվում է անհայտ կորած զինվորների կամ զոհվածների աճյունների հայտնաբերումը: Այս հարցում նա բարձր է գնահատում Ռուսաստանում, Բելառուսում և Ուկրաինայում գործող որոնողական կամավորական կազմակերպությունների գործունեությունը:

-Եղբայրական գերեզմաններում, նախկին մարտադաշտերում հայտնաբերվել են սաղավարտներ, անձնական իրեր, անձը հաստատող փաստաթղթեր կամ նամակներ: Դրանք բոլորը տեղ են գտել հատուկ գրքերում, արխիվներում: Հայաստանում ևս չորս եղբայրական գերեզմանատուն կա` Երևանում, Դիլիջանում, Վանաձորում և Ալավերդիում, որոնց վիճակը հիմնականում բարվոք է: Մտահոգիչ է միայն Դիլիջանի գերեզմանատան վիճակը. վերջին տարիներին այնտեղ քաղաքացիական անձանց հուղարկավորություններ են կատարվել: Մենք դիմել ենք քաղաքի ղեկավարությանը, սակայն դեռևս որևէ լուծում չի առաջարկվել: Նշեմ նաև, որ Դիլիջանի զինվորական գերեզմանատունը Անդրկովկասի ամենաբարձր հուշարձանն է:

Վետերանների միավորման խորհրդի նախագահի համոզմամբ, Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերում կան Հայրենական մեծ պատերազմի հուշարձաններ, որոնք պահպանում են տեղական ինքնակառավարման մարմինները: Միակ բացառությունը, թերևս, Աշոցքի շրջանի Ցողամարգ համայնքն է, որտեղ հուշարձանը, որ ավերվել է դեռևս Սպիտակի երկրաշարժի ժամանակ, այդպես էլ չի վերականգնվել, որքան էլ այդ մասին բազմիցս բարձրաձայնվել է:

Գնդապետ Սիմոն Եսայանը ցավով է նշում, որ նախկին ԽՍՀՄ որոշ հանրապետություններում փոխվել է վերաբերմունքը Հայրենական պատերազմի վետերանների հանդեպ, և նա մասնավորապես մատնացույց է անում հարևան Վրաստանը, մերձբալթյան երկրները, այժմ նաև` Ուկրաինան, որտեղ ակտիվացել են նեոնացիստական և ֆաշիստական շարժումները:

-Ուկրաինայում վերջին իրադարձությունները խոր մտահոգություն են առաջացնում: Ժամանակին Ուկրաինան իր ներուժով Խորհրդային Միության երկրորդ հանրապետությունն էր` Ռուսաստանից հետո: Վերջին զարգացումները, մասնավորապես՝ Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակը, այլ իրականություն ցուցադրեցին: Եվ այդ հարցում կարելի է զուգահեռներ անցկացնել Ղարաբաղյան հիմնախնդրի հետ: Անհանդուրժելի է նաև Կիևյան ներկայիս իշխանությունների վերաբերմունքը պատերազմի վետերանների նկատմամբ,- ասում է նա:- Մեզ մոտ էլ 90-ականների սկզբներին օրացույցից հանվեց Մայիսի 9-ը՝ Հաղթանակի տոնը, ինչը մեծ դժգոհություն առաջացրեց վետերանների և ամբողջ ժողովրդի շրջանում: Ճիշտ է, հետագայում այն վերականգնվեց` միանալով Շուշիի ազատագրման տոնին։ Կրկնեմ, եթե չլիներ Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակը, թուրքական զորքը կներխուժեր Անդրկովկաս: Մենք այսօր պարտավոր ենք պայքարել շուրջ 600 հազար հայերի անուրանալի վաստակը, Հաղթանակի նշանակությունը նսեմացնողների դեմ, և այդ պայքարը պետք է մշտական լինի, մանավանդ, որ մոտենում է Հաղթանակի 70-ամյակը:

Մայիսի 9-ին Հայաստանի և Արցախի բոլոր համայնքներում Հաղթանակի պատվին տոնական միջոցառումներ են լինելու: Երևանում հիմնական միջոցառումները տեղի կունենան Հաղթանակի զբոսայգում` շքերթ, «դաշտային խոհանոց», երեկոյան` հրավառություն: Հաղթանակի 69-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկել են դեռ անցած շաբաթ: Ապրիլի 29-ին Երևանի աշխարհաքաղաքական ակումբը նախաձեռնել է տոնական ավտովազանց` Գյումրի-Երևան երթուղով:

Զրուցեց լեյտենանտ ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆԸ

Խորագիր՝ #17 (1035) 8.05.2014 – 14.05.2014, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


08/05/2014