Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌԱՏՈՒՆԿ ԲԵՐՁՈՐՈՒՄ



Արդեն 12-րդ տարին է, ինչ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, «Գուրգեն Մելիքյանը Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանը Բերձորում և մոտակայքում կազմակերպում է ծառատունկ, որին մասնակից են լինում Երևանի մայր բուհի ուսանողները: Այդ ծառատունկերի արդյունքում այժմ Բերձորում գոյություն ունեն մի քանի պուրակներ՝ նվիրված Երևանի պետական համալսարանին, Մոնթե Մելքոնյանին, Ստեփան Ալաջաջյանին, Քերոլայն Քոքսին: Տարիների ընթացքում տնկվել են բազում ընկուզենիներ, որոնցից շատերն արդեն բերք են տալիս: Ապրիլի 27-ին շարունակվեց այդ բարի ավանդույթը, և մոտ 50 տնկիներ՝ ընկուզենի և սոսի, հարստացրին Բերձորի մուտքը: Ծառատունկին մասնակցեցին մոտ 100 ուսանողներ Երևանի պետական համալսարանից, դասախոսներ, բարձր դասարանների աշակերտներ Բերձորում գործող 2 հանրակրթական դպրոցներից, շրջվարչակազմի աշխատակիցներ՝ վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ: Գուրգեն Մելիքյանը առաջին ծառը տնկելուց առաջ ընթերցեց Զավեն Սուրմելյանի բանաստեղծություններից, որն արտասանվում է որպես աղոթք ամեն ծառատունկի: Դիմելով ուսանողությանը՝ Գ. Մելիքյանը շեշտեց, որ բոլորը պետք է զինվորագրվեն հայրենիքի բարգավաճմանը: ԵՊՀ ռոմանագերմանական լեզուների ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Էլլադա Գալստյանը հպարտությամբ նշեց, որ երկու ծառ է տնկել՝ ծառատունկը համարելով նոր կյանքի սկիզբ: Նրան օգնում էր սոցիոլոգիայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Շուշանիկ Սարգսյանը: Մոնթեին նվիրված պուրակում ավարտվեց ծառատունկը: Հերոսի հուշակոթողին իր իսկ թևավոր խոսքն է փորագրված. «Եթե կորցնենք Արցախը, շուռ կտանք մեր պատմության վերջին էջը»:

ԵՊՀ ուսխորհրդի մշակույթի հանձնաժողովի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը տեղեկացրեց, որ արդեն երեք օր է, ինչ Արցախում են: Եղել են Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղում, Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցում մասնակցել հուշ-ցերեկույթի, այցելել են զորամաս, համերգ տվել զինվորների համար: ԱրՊՀ-ում մասնակցել են գիտաժողովի՝ նվիրված զինադադարի 20-ամյակին: Հանդիպել են ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ, այնուհետև այցելել Շուշի: Այդ ընթացքում ուսանողության հետ է եղել բանասիրության ֆակուլտետի հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը: Ծառատունկից հետո ուսանողները մասնակցեցին ճաշկերույթի: Բերձորից մեկնեցին շուրջպարից հետո:

Զ. ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #18 (1036) 15.05.2014 – 21.05.2014, Հոգևոր-մշակութային


15/05/2014