ԻՆՉՈ՞Ւ ԻՐԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մասնակի կրճատումներով ընթերցողին ենք ներկայացնում Aparaj.am-ի թղթակից Արմինե ՆԱՐԻՆՅԱՆԻ հարցազրույցը ԻՍԱԿ ՅՈՒՆԱՆԵՍՅԱՆԻ հետ:
-Այսօր Իրանում ի՞նչ գործունեություն են ծավալում Հայ դատի գրասենյակները:
-Իրանում գործում է ՀՅԴ Հայ դատի երկու գրասենյակ` Թեհրանում եւ Իսպահանում: Թեհրանի Հայ դատի գրասենյակը կոչվում է ՀՈՒՍԿ (Հայ ուսումնասիրաց հաստատություն): Մենք Իրանում չենք կարող ազատորեն քաղաքական աշխատանքներ տանել, դրա համար աշխատում ենք այս հաստատության անունով: Իրանը գտնվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հարեւանությամբ, այդ իսկ պատճառով մեզ համար բավականին դժվար է իրականացնել մեր աշխատանքները: Դժվարություններից մեկը նաեւ այն իրողությունն է, որ այսօր Իրանում ապրում են ավելի քան 20 մլն թրքախոս ազերիներ: Իրանում Հայ դատի քարոզչական աշխատանքներ իրականացնելիս բնականաբար չի անտեսվում Ղարաբաղյան հիմնահարցը: Բարեբախտաբար, վերջին տարիներին Իրանի քաղաքական դաշտը մեզ համար մի քիչ բացվել է, քանի որ Իրանի հարաբերությունները լարված են թե՛ Ադրբեջանի եւ թե՛ Թուրքիայի հետ, եւ մենք կարողանում ենք ավելի ազատ աշխատանքներ տանել: Մեկ տարի է, որ «Ալիք» օրաթերթն արդեն տպագրում է պարսկերեն էջեր, որի միջոցով էլ կարողանում ենք մեր քարոզչությունն իրականացնել: Այդ էջերում անդրադառնում եւ ազատորեն արտահայտվում ենք Հայ դատի, Ցեղասպանության, Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ: Թեհրանի Հայ դատի գրասենյակն աշխատում է տարբեր ուղղություններով. ունենք Հայ դատի կայքէջ թե՛ հայերեն, թե՛ պարսկերեն, ֆեյսբուքյան էջ, որոնց միջոցով կարողանում ենք քարոզչություն տանել: Պարսկական լրատվամիջոցները հաճախ օգտվում են մեր լրատվությունից՝ արտատպելով դրանք:
-Վերջերս մերձեցում է նկատվում Իրան – Արևմուտք հարաբերություններում: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Հայ դատի աշխատանքների, Ղարաբաղյան հիմնահարցի վրա:
-Օրինակ՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի Իրան այցելությունը, Իսպահանի հայկական եկեղեցի գնալը, Իսպահանի Հայոց ցեղասպանության թանգարան այցելությունը, բողոքի մեծ ալիքի տեղիք տվեց Իրանի ազերիաբնակ շրջաններում, սակայն, կարծում եմ, սա նշան է, որը ցույց է տալիս` Իրանը մեր կողքին է:
-Իրանում կա կայացած, ուժեղ հայկական համայնք, սակայն մինչ օրս այդ երկիրը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է պատճառը:
-Բնականաբար, դրա պատճառներից մեկը ազերիների գործոնն է: Որոշիչ դեր է խաղում նաև կրոնական հարցը: Նորից պիտի նշեմ, որ հարմար պահից է կախված Հայոց ցեղասպանության ընդունումը: Անցյալ տարի ապրիլի 24-ին ցեղասպանությանը նվիրված միջոցառում ենք կազմակերպել պարսիկ պատգամավորների եւ քաղաքական գործիչների համար, որտեղ Իրանի խորհրդարանի փոխնախագահն իր ելույթում երեք անգամ օգտագործեց Ցեղասպանություն բառը՝ նշելով, որ Թուրքիան իրագործել է Ցեղասպանություն հայերի նկատմամբ: Նոր նախագահի օգնականներից մեկը, որն զբաղվում է Իրանում փոքրամասնությունների հարցերով, վերջերս իր ելույթում նշել է, որ Թուրքիան այսօր Սիրիայում իրականացնում է նույն ցեղասպանությունը, ինչ 100 տարի առաջ իրագործել է հայերի դեմ:
-Նոր նախագահի ընտրվելուց հետո ի՞նչ է փոխվել հայերի կյանքում, մասնավորապես` վերաբերմունքը քաղաքական դաշտում:
-Նոր նախագահը կառավարությանն առընթեր ստեղծեց մի բաժին, որն ուղղակի զբաղվում է կրոնական, ազգային փոքրամասնությունների հարցերով: Դա նշանակում է, որ ինչ-որ բան փոխվում է: Պարսկական մի քանի թերթերում շաբաթական մեկ էջ հատկացվում է հայերին, որտեղ խոսվում է հայերի պատմության, անցյալի մասին: Անմիջական շփում կա կառավարության եւ հայկական համայնքի միջեւ. այցելում են մեր սրահները, մասնակցում են մեր միջոցառումներին, այսինքն՝ վերջին ութ ամիսների ընթացքում ակնհայտ են այս բարեփոխումները:
Խորագիր՝ #18 (1036) 15.05.2014 – 21.05.2014, Պատմության էջերից