Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԻ ԿԵՐՊԱՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄԸ ԸՍՏ ԼՈՈՒՐԵՆՍ ԱՐԱԲԱՑՈՒ



Լոուրենս Արաբացի (իսկական անունը՝ Լոուրենս Թոմաս Էդվարդ)։

Ծնվել է 1888թ. օգոստոսին, Թրեմադում (Հյուսիսային Ուելս)։

Սովորել է Օքսֆորդի տղաների Բարձրագույն դպրոցում։ Բրիտանացի լեգենդար հետախույզ, հնէաբան, արևելագետ, զինվորական և գրող։ Կազմակերպել և ուղղորդել է արաբների 1916-18թթ. ապստամբությունը թուրքերի դեմ։

Տպագրվող հոդվածում ներկայացվում է ամերիկացի լրագրող Լինկոլն Սթեֆենսին տված հարցազրույցում Լոուրենս Արաբացու՝ հայերի՝ իբրև հնագույն ազգի ինքնության, հասարակական-քաղաքական կերպարի և դերակատարության մասին հայտնած կարծիքն ու տեսակետները։

Հարցազրույցը գրի է առնվել 1919թ. Փարիզում։ Առաջին անգամ հրապարակվել է 1931թ. «Աութլուք ընդ ինդեփենդընթ» ամսագրում և մինչ օրս չի կորցրել իր արդիականությունը։

Թոմաս Լոուրենսը «Իմաստության յոթ սյունաքարեր» ինքնակենսագրական գրքի հեղինակն է։ Թարգմանել է Հոմերոսի Իլիականը։

Լոուրենս Արաբացին մահացել է 47 տարեկան հասակում, մոտոցիկլետի վթարից։

Լոուրենսյան մեկնաբանությունները հայի կերպարի առնչությամբ այսօր էլ խիստ արդիական են, քանի որ հայի նկատմամբ նրա մոտեցման ճիշտ ընկալումը կարող է լույս սփռել համահայկական խնդիրների վրա այժմյան տեսանկյունից: «Իմաստության յոթ հիմնասյուները» աշխատությունը և ամերիկացի լրագրող ու խմբագիր Լինքոլն Ստեֆենսին տված նրա հարցազրույցը տպագրված «Այդ անտանելի հայերը» վերնագրով, պարզաբանում է Լոուրենսի դիրքորոշումը:

Լոուրենսի մանրակրկիտ դիտարկումները բացահայտում են, որ 1916-18 թվերին թուրքը միայն մի նպատակ էր հետապնդում` Մեծ Թուրան: Թուրքն ուներ միայն մեկ ճշմարտություն` Թուրքիային ու թուրքականին առնչվող ամեն բան պետք է թուրքին պատկանի ու միայն թուրքի համար լինի: Մեծ Թուրանի գաղափարը հնչում է իբրև սպառնալիք, քանզի պարունակում է դաժան ու գաղտնի ուղերձ առ այն, որ եռացող բացասական ուժերը քարը քարին չեն թողնելու, որ շուտով ավերումներ, մարդասպանություններ են լինելու, եւ որ ոչնչացնելու մոլուցքով տարված թուրքը փորձելու է իր ճանապարհից հեռացնել այն ամենը, ինչը թուրքական չէ իր բնույթով ու ծագմամբ: Դա ահազանգ էր այն մասին, որ բռնագրավվելու են այլոց երկրներն ու հողերը, ոչնչացվելու են այլոց լեզուները, կրոնը, սեփականացվելու է այլոց մշակույթը, և, ի վերջո, փորձ է արվելու էթնիկական զտման ճանապարհով ազատվելու այն «անտանելի» ազգերից, որոնց հողը այնքան գրավիչ ու ցանկալի էր երիտթուրքերի համար, որոնք այդ մշակույթը, ռազմավարությունն ու դիրքորոշումը ժառանգել էին Սուլթան Համիդ Երկրորդից, համոզված է Լոուրենսը: Թուրքական տիրապետության տակ անցանկալի «ստորակարգ» ազգերին ուժով պահելու հարցում թուրքին երկարատև օգնություն էր ցուցաբերվում: Թուրքական քաղաքականությունը ձևավորվել ու թռիչքներ է ապրել միմիայն հզոր հովանավոր երկրների գաղտնի աջակցության շնորհիվ, այլապես թուրքը չէր կարող լինել այդքան ամենակարող: Լոուրենսը գրում է, որ երիտթուրքերը հայերին կոտորել էին ոչ թե այն բանի համար, որ նրանք քրիստոնյա են, այլ այն պատճառով, որ հայ էին: Հենց այդ նույն պատճառով թուրքերը արաբ քրիստոնյաներին արաբ մահմեդականների հետ նախրի նման քշում, լցնում էին հենց այդ նույն բանտերը ու կախաղան էին բարձրացնում նույն կառափնարանում: Երիտթուրքերի զոհերը մի շատ մեծ մեղք էին գործել, մեղք, որը միավորում էր նրանց. դա նրանց ազգային ինքնությունն էր` ՀԱՅ: Հենց այդ նույն ազգային պատկանելության պատճառով խողխողվում էին արաբները, թե՛ մահմեդական և թե՛ քրիստոնյա: Թուրք չլինելն արդեն իսկ մեծ մեղք էր… ու նրանք պետք է ենթարկվեին էթնիկ զտման:

Լոուրենսը շատ ուրույն կերպով է ընկալում հային: Հայերը անհնարինության ու անտանելիության անհավատալիորեն բարձրագույն աստիճանն են մարդկային պատմության մեջ, կարծում է Լոուրենսը, այսինքն՝ հայերը այնքան ահավոր ու անտանելի են, որ նմանը ողջ աշխարհում չկա, քանի որ ոչ մի այլ ժողովուրդ չի սպասում, որ օտարը գա ու իրենց փրկի: Հայերի միջոցով, կարծում է Լոուրենսը, կարելի է հասկանալ թուրքին և ոչ միայն թուրքին, այլև հայերի մյուս հարևաններին, որոնք հավերժ փորձեր էին անում աշխարհի երեսից իսպառ ջնջելու այդ որբ ու անտեր ցեղը: Համաշխարհային հանրությունը անտարբեր է հայերի նկատմամբ. Լոուրենսը ցանկանում է ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ ոչ մի ազգ մտահոգված չէր հայի ճակատագրով:

Լոուրենսը անկեղծորեն ու ափսոսանքով նկատում է, որ հայը միշտ վայելում է աստծո օրհնանքը, որի պատճառով էլ չի վերանում, չի ոչնչանում աշխարհի երեսից: Լոուրենսն ընդգծված դժգոհ է, երբ ասում է, որ հայերը վերահսկում և կազմակերպվածություն են ցուցաբերում մանկածնության հարցում` հայերը բազմացան ու բազմացան ու բազմացան, տարածվում ու տարածվում են առանց դադար առնելու: Նա դժգոհում է, որ միլիոններով հայեր կան ամենուրեք, որ հայերը բարի են, ենթարկվող, չըմբոստացող, հաճելի, գրավիչ արտաքինով… Հայերն իրենց գործն անում են լռելյայն, հայերը չեն աղաղակում իրենց համար էական նշանակություն ունեցող հարցերի մասին, այլ լռում են ու գործում, իսկ գործարար անգլիացին մտածում է մեծ, կարևոր բաների մասին, ինչպիսիք են նավթը, հանքանյութը, ծովը, և անգլիացին հարմար չէ հայերին տեղը տեղին բնաջնջելու համար, բացի այդ, անգլիացին երազանք ունի դեռ իրականացնելու` նա դեռ պետք է համաշխարհային կառավարություն ստեղծի: Հայը դառնում է բժիշկ, իրավաբան… բայց դժբախտաբար բոլոր այդ հին, պատմություն ունեցող ազգերը, որ մի ժամանակ քաղաքակիրթ են եղել և տիրել են աշխարհին ու աշխատեցրել, կորցրել են աշխարհը վերահսկելու իրենց հնարավորությունը: Նրանք առաջ են անցել բոլորից տրամաբանությամբ, հոգեբանությամբ, ֆիզիոլոգիապես: Լոուրենսը կարծում է, որ հայը անտարբեր է ծանր աշխատանքի նկատմամբ, բայց հայը պետք է աշխատի Հայաստանի համար և ոչ թե Հայաստանը` հայի: Հայերի նման հին քաղաքակրթություն ունեցած ազգերը ծույլ չեն: Բայց միևնույն ժամանակ հայերը չափազանց խելացի են, որպեսզի ուրիշների համար աշխատեն: Լոուրենսը ոչ մի պահ չի վարանում ասելու, որ հայերը բնույթով շահագործողներ են: Նա համոզված է, որ քաղաքակրթության առումով հայերը ամենախելացին են, ամենաընտրյալն են, զարգացածության ամենաբարձր աստիճանն ունեցող ժողովուրդն են աշխարհում: Ըստ Լոուրենսի՝ հրեաները հայերի նկատմամբ տածում են նույն զգացումները, ինչ հակասեմիտիստ եվրոպացին զգում է հրեայի նկատմամբ, նույնը և մյուսները: Բոլոր ազգերն էլ զգում են, որ հայը, անկասկած, իրենց բոլորին էլ անպայման ստիպելու է աշխատել… Եվ ահա այստեղ Լոուրենսը ակամայից խոստովանում է, որ հայերն ունեն այն բոլոր հատկանիշները, որպիսիք հրեաներն ունեն, ավելացրած այն բոլորը, որ մնացած ժողովուրդներին է հատուկ, և, ամենակարևորը, հայերը նաև քրիստոնյա են: Ազգին ավելի հրաշալի ու իդեալական բնութագրել հնարավոր չէ: Բայց և միևնույն ժամանակ հայը չպետք է Հայաստան ունենա, որովհետև նա ցանկանում է ապրել ծովափին, մեծ քաղաքներում, վարձով տալով, շահույթ ստանալով, ակցիաների վաճառքից ստացած եկամտով, կապիտալից և ուրիշի ծանր աշխատանքից ստացված գումարներով: Հայն իր բնույթով ԱՆՎՆԱՍ է, նա ցանկանում է ծախսել` ոչինչ չանելով: Նրանք ձեռք են բերում ու կուտակում են, եթե բան են վաճառում, ապա այդ գումարով մի ուրիշ բան գնելու համար միայն:

Լոուրենսը համոզված է, որ բնական էվոլյուցիոն զարգացումը մեծ «չարչարանքներ» է կրել այդ աստիճանի կատարյալ առևտրական ոգի ունեցող հայ ազգի զարգացումն ապահովելու համար, իսկ հայի մեջ այդ աստիճանը ձգտում է անսահմանության: Եթե հային հնարավորություն ընձեռվի, նա ողջ մոլորակի բնակչությանը կստիպի աշխատել, և հենց սա էլ, ըստ Լոուրենսի, հայտնի է թուրքին, որն էլ սարսափում է հենց այս մտքից, հույներին էլ, մյուս ազգերին էլ է այս միտքը ահաբեկում: Եվ հենց այստեղ է, որ Լոուրենսն արտահայտում է հայի նկատմամբ իր հստակ դիրքորոշումը` այս համարյա ամենակատարյալ ազգը պետք է ամենակատարյալ կերպով բնաջնջվի, որովհետև ամենադրական մարդկային հատկանիշների կրողն է, քանզի այդպիսի կատարյալ ազգը համայն մարդկության համար սոսկալի վտանգ է ներկայացնում: Ահա Լոուրենսի սահմռկեցուցիչ դատավճիռը այն ազգի համար, որն արարող է, անվնաս, տնտեսող, խելացի, կատարյալ արտաքինով, որն առաջ է անցել մնացած բոլոր ազգերից… և հենց այս հատկանիշների պատճառով հայն իրավունք չունի ապրելու:

Եզրափակելով՝ ասենք՝ Լոուրենսը ոչ միայն հաջողակ հետախույզ էր և բրիտանական լրտես, նա, ով Մուստաֆա Քեմալին հավաքագրել էր լրտեսություն անելու Բրիտանական Կայսրության օգտին, այլև արևելյան մշակույթների հրաշալի գիտակ էր, որի անձնական դիտարկումները մշակութաբանության և ռազմական ոլորտներում յուրահատուկ արժեք են ներկայացնում: Հայերի նկատմամբ իր բացասական դիրքորոշումով հանդերձ Լոուրենսը հրաշալի հասկացել է, որ հայը երբեք չի՛ վերանա, չի՛ ենթարկվի բնաջնջման, որովհետև գիտի, թե ինչպես կարելի է լռելյայն բազմանալ ու հարատեւել:

ՆԱԻՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
բ.գ.թ., ԵՊՀ

Խորագիր՝ #18 (1036) 15.05.2014 – 21.05.2014, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


15/05/2014