ՆԱԵՎ ՀՈՒՄՈՐՈՎ ՊԻՏԻ ՀԱՂԹԵՆՔ
Մեծ հայրենականի զորահրամանատարները գլուխ էին հանում ոչ միայն ռազմական արվեստից, այլեւ սրամտությունից, կանանցից եւ երկրային մյուս բարիքներից
Կոնեւն ինքն էր վարում մեքենան եւ Վիեննայից մինչեւ Պրահա՝ ողջ ճանապարհին երգում էր կնոջ համար, թեեւ ասում են, որ բացարձակ զուրկ էր լսողությունից:
Սակայն ամուսնանալու համար Կոնեւի նման մարդիկ պետք է ստանային «գլխավոր հրամանատարի ոչ պաշտոնական օրհնությունը»: Պատերազմի ժամանակ այդպիսի թույլտվություն ստանալու մասին խոսք լինել չէր կարող: Դրա համար էլ Իվան Կոնեւն ու Անտոնինան իրենց ամուսնությունը գրանցեցին 1945 թ. մայիսի 9-ից հետո: Թե ինչ հանգամանքներում էր հաջողվել Կոնեւին ձեռք բերել Գերագույնի համաձայնությունը՝ հայտնի չէ:
Իսկ, ահա, մարշալ Ռոդիոն Մալինովսկին Կրեմլում Ստալինին իր ռազմաճակատային ընտրյալին՝ Ռաիսա Յակովլեւնային ներկայացրեց Հաղթանակի շքերթից հետո կազմակերպված ընդունելության ժամանակ: Ու երեւի շատ էր հուզվում, քանի որ Ռայան, ինչպես ասում են, «անցյալ ունեցող կին էր»՝ որդի ուներ: Բայց, ըստ երեւույթին, «բոլոր ժամանակների ու ժողովուրդների հայրը» դրանում արատավոր ոչինչ չէր գտել եւ տվել էր իր հավանությունը:
ԳԱԼԻՖԵՈՎ, ԲԱՅՑ ԱՌԱՆՑ ՍԱՊՈԳՆԵՐԻ
Ինչ վերաբերում է դերասանուհիներին ու երգչուհիներին, ապա շատ գեներալներ իրենց պարտքն էին համարում սիրահետել նրանց: Մի անգամ համերգներով գեներալ-գնդապետ Անդրեյ Գրեչկոյի բանակ ժամանեց դերասանների ինչ-որ խումբ: Ճաշից հետո հրամանատարը սկսեց սիրահետել իրեն դուր եկած մի դերասանուհու: Նրան չշփոթեցրեց նույնիսկ այն, որ երգչուհու ամուսինը նույնպես խմբում էր: Նա դերասանուհուն թեւանցուկ արեց, ու նրանք դանդաղ հեռացան դեպի լճակը: Ավազի վրա երգչուհին հանեց կոշիկները եւ սկսեց քայլել առափնյա ջրի միջով: Գրեչկոն ուղեկիցների զարմացած հայացքների ներքո սկսեց ոտքերից դուրս քաշել սապոգները: Բոլորը շփոթահար իրար էին նայում, իսկ Գրեչկոն, հայացքով փնտրելով դերասանուհու ամուսնուն, բարկացած հարցրեց. «Ձեր կինը հո պատահաբար մտադիր չէ՞ սուզվել ջուրը»: Ասենք՝ այս պատմությունը կապում են նաեւ այն շրջանի հետ, երբ Գրեչկոն արդեն մարշալ էր եւ ԽՍՀՄ պաշտպանության նախարար: Եվ քանի որ նրա մասին խոսք եղավ, նկատենք, որ, ի տարբերություն հենց նույն Բաղրամյանի, Գրեչկոն իր «մարշալական կատակներն» անում էր չափազանց լուրջ տեսքով:
Մի անգամ, մեծ զորավարժությունների ժամանակ, «մարտերի» միջեւ ընդմիջման ընթացքում գեներալներից մեկը նախարարին զվարճացնելու համար «Օգոնյոկ» ամսագրից մի նյութ ընթերցեց, թե ինչպես է մի կին ուտելիս կուլ տվել պատառաքաղը: Գեներալներն սկսեցին վիճել, թե ինչպես է հնարավոր, գուցե կատա՞կ է: Իսկ մարշալը, նայելով իր պատառաքաղին ու դրանով քչփորելով տավարի մսով շիլան՝ լուրջ դեմքով ասաց. «Եթե մեր զինվորը կուլ տված լիներ պատառաքաղը, ինձ արդեն օրենքի նախագիծ ներկայացրած կլինեին, որով կարգելվեր պատառաքաղների գործածությունը: Ու հիմա ամբողջ բանակը՝ գեներալներն էլ հետը, չինական փայտիկների անցած կլինեին»:
160 ԿԻԼՈԳՐԱՄ ՔԱՇՈՎ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
Ապագա մարշալ Անդրեյ Երյոմենկոն իր ռազմական օրագրում գրել է. «1943 թ. մայիսի 23. ի՞նչ տեսա 43-րդ բանակում: Բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գոլուբեւը, զորքերի մասին հոգ տանելու փոխարեն, զբաղված է իր անձնական ապահովությամբ: Նա անձամբ իր համար պահում է երկու կով (թարմ կաթ ու կարագ ունենալու համար), երեքից հինգ ոչխար (խորովածացու), երկու խոզ (երշիկացու) եւ մի քանի հավ: Այս ամենը կատարվում է բոլորի աչքի առաջ, եւ ողջ ռազմաճակատը գիտի այս մասին: Կարո՞ղ է լավ մարտիկ լինել այսպիսի գեներալը: Երբեք: Ախր, նա մտածում է ոչ թե հայրենիքի, ոչ թե իր զինվորների, այլ սեփական ստամոքսի մասին: Պատկերացրեք, նրա քաշը 160 կիլոգրամ է»:
Նման դեպքերը խաղաղ ժամանակ էլ հումորի առատ նյութ են: Ահա բավական զվարճալի մի պատմություն: Հաղթանակից հետո անցել էր 20 տարուց ավելի: Պաշտպանության առաջին փոխնախարար, մարշալ Իվան Յակուբովսկին զորամասերից մեկում ելույթ էր ունենում կուսակցական ակտիվի ժողովում: Խոսելով զորքերի մատակարարման անբավարար վիճակի մասին՝ նա մի քիչ հեռացավ ամբիոնից եւ դատապարտող տոնով ասաց. «Հղփացել են պարենավորման ծառայության աշխատակիցները, ճարպակալել են: Փորերը՝ ըհը: Վզներն էնքան են հաստացրել, որ չեն կարողանում գլուխները շրջել: Ի դեպ, որտե՞ղ է էդ պարենային ծառայության պետը»: Առաջին շարքում ոտքի կանգնեց նիհար, հյուծված տեսքով մի սպա: Բոլորովին չշփոթվելով՝ Յակուբովսկին դիմեց դահլիճին. «Ըհը, նայեք, ի՞նչ էի ասում: Կարո՞ղ է պարենային ծառայության էսպիսի սպան կերակրել մարդկանց, եթե ինքն իրեն չի կարողանում կերակրել»:
«ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԻՄ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՑ»
Հետպատերազմյան տարիներին եւս մարշալ Երյոմենկոյի անվան հետ մի քանի զվարճալի պատմություն էլ է կապված: Այսպես, լինելով կոմկուսի 20-րդ համագումարի պատվիրակ, որտեղ մերկացվեց Ստալինի «անձի պաշտամունքը», Երյոմենկոն Մոսկվայից հեռագրում է Դոնի Ռոստով (նա օկրուգի զորքերի հրամանատարն էր). «Խնդրում եմ պատրաստել իմ տպավորությունները համագումարից»:
Գործը հանձնարարվում է քաղվարչության մի աշխատակցի: Սա ամեն կերպ ջանում է եւ պատրաստում զեկույցը, որը համապատասխանում էր համագումարի ոգուն: Եվ ահա, հրամանատարն իր «տպավորություններն» է ներկայացնում գեներալներին ու սպաներին: Հասնելով «ամեն ինչ չէ, որ բարեհաջող է նաեւ մեր օկրուգում» նախադասությանը, նա մի պահ կանգ է առնում եւ զարմացած տմբտմբացնում է գլուխը. «Չէի ասի…»: Դահլիճում քրքիջ է տարածվում: Մարշալը զայրանում է. «Ո՞վ է գրել»: Ոտքի է կանգնում զեկույցը գրած քաղաշխատակիցը: «Դուք ո՞վ եք, որ գնահատեք մի ամբողջ օկրուգի աշխատանքը: Ո՞վ է նման իրավունք տվել ձեզ»,- բղավում է Երյոմենկոն: Եվ ապա հանգիստ շարունակում է «իր տպավորությունների» ընթերցանությունը:
ՀՈՒՇԵՐ ԵՎ ՀՈՒՇԱԳԻՐՆԵՐ
Մարշալներից շատերն են այսպես վարվել: Երբեմն նրանց «աշխատությունների» համահեղինակ են եղել նաեւ ականավոր գրողներ: Օրինակ` Կոնեւի փոխարեն իր «Ռազմաճակատի հրամանատարի նոթերը» գրել է Բորիս Պոլեւոյը:
Հուշեր են գրել նաեւ մարշալ Բուդյոննու համար: Հայտնի է, որ նրա վաստակը Հայրենական պատերազմում բավական համեստ է, բայց նույնիսկ այդ համեստ ներդրումը նա ուզում էր անպայման թողնել պատմությանը: Նրա համար գտան մի զինվորական լրագրողի, որը մեծ հույսեր էր ներշնչում: Լրագրողի նավաստու համազգեստը սկզբում հիասթափեցրեց հեծելազորի հրամանատարին, սակայն զրույցի ընթացքում ռազմական գործի եւ, առհասարակ, հանրակրթական տեսակետից կիսագրագետ Բուդյոննին իր գեղջկական խելքով հասկացավ, որ թեկնածուն միանգամայն արժանավոր է: Նրան ոգեւորելու համար Բուդյոննին հարցրեց. «Իսկ ի՞նչ զինվորական կոչում ունես»: «Երկրորդ կարգի կապիտան»: «Որ լավ աշխատես, արտահերթ կդառնաս երրորդ կարգի կապիտան»,- խոստացավ մարշալը: Տեսնելով նավաստի-լրագրողի տարակուսանքը՝ մարշալը հանգստացրեց նրան. «Որ պետք լինի՝ մենք կարագացնենք այդ գործը»:
Ընդհանրապես, Բուդյոննին կարծես ստեղծված էր անեկդոտների համար: Ասում են՝ դեռեւս Քաղաքացիական պատերազմի ժամանակ էին նրա մասին անեկդոտներ պատմում: Բայց ինքը՝ Բուդյոննին էլ էր բավական կատակասեր ու սրամիտ մարդ: Պատերազմից հետո, ավիացիոն մի ավանում հանդիպման ժամանակ, օդաչուներից մեկը հարցրեց. «30-ական թթ. քարոզվում էր «Ձիերից՝ դեպի օդանավեր» կարգախոսը: Իսկ դուք, ընկե՛ր մարշալ, չե՞ք փորձել տեղափոխվել»: Բուդյոննին ոլորեց իր փարթամ բեղը. «Ո՞նց չէ, փորձել եմ… Բայց, ճիշտն ասեմ, բան դուրս չի եկել. թամբը մի կերպ կարողացա ամրացնել ֆյուզելյաժին, իսկ, այ, սանձը ոչ մի կերպ չհաջողվեց անցկացնել շարժիչին…»:
ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ
Խորհրդային ժամանակներում տարածված մի անեկդոտ կար, որի հեղինակը ստույգ հայտնի է՝ արդեն հիշատակված մարշալ Յակուբովսկին: Վարշավյան պայմանագրի երկրների միավորյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար եղած ժամանակ Յակուբովսկին Բուլղարիայում զինվորներին պատմում է խորհրդային զինված ուժերի մասին: Ապա պատասխանում է լրագրողների հարցերին: «Ի՞նչ է իրենից ներկայացնում խորհրդային ծովային հետեւակը»: -«Դրանք,- նա բութ մատը տնկում է վեր,- այ էսպիսի տղերք են: Հրաշալի տիրապետում են ձեռնամարտի տեխնիկային: Մեկ ծովային հետեւակայինը կարող է մարտնչել հակառակորդի երեք զինվորի հետ»: -«Իսկ ի՞նչ է խորհրդային օդային դեսանտը»: -«Օ~օ, դրանում մեզ հավասարը չկա: Հիանալի կրակում են զենքի բոլոր տեսակներից, տիրապետում են տեխնիկայի բոլոր՝ ե՛ւ սեփական, ե՛ւ ՆԱՏՕ-ի սպառազինության մեջ մտնող տեսակներին: Մի խոսքով՝ արծիվներ են»: Եվ հենց այդտեղ էլ նրան սադրիչ հարց են տալիս. «Իսկ ի՞նչ է շինգումարտակը (ստրոյբատ)»: Յակուբովսկին մի վայրկյան շփոթվում է, բայց հետո լայն ժպտում է ու ասում. «Դա… դրանք այնպիսի պրոֆեսիոնալ մարտիկներ են, որ առաջադրանքը կատարելու համար նույնիսկ զենքի կարիք չունեն»: Դրանից հետո բուլղարական մամուլում գրեցին, թե ԽՍՀՄ-ում, ինչպես հիմա կասեն, «սուպեր սպեցնազ» է հայտնվել: Նյութը արտատպվեց Լեհաստանում, Չեխոսլովակիայում եւ ԳԴՀ-ում: Երբ այդ մասին տեղեկացրին պաշտպանության նախարար, մարշալ Գրեչկոյին, նա մի քիչ նախատեց իր առաջին տեղակալին՝ «ապատեղեկատվության» համար, բայց հետո, սովորության համաձայն, լուրջ դեմքով ավելացրեց. «Ինչ արած, չհիասթափեցնենք Վարշավյան պայմանագրի մեր բարեկամներին»:
ՎԱՌԵԼԻՔ ԼԻՑՔԱՎՈՐՈՂ ՕԴԱՆԱՎ «ԴՐԱԿՈՆԻ» ՀԱՄԱՐ
Ավիացիայի մարշալ Եվգենի Սավիցկին կործանիչների դիվիզիայի հրամանատար եղած ժամանակ անձամբ ոչնչացրել է Լյուֆտվաֆեի 22 ինքնաթիռ եւ Խորհրդային Միության կրկնակի Հերոս է: Օդում նրա ազդականչը «Դրակոն» էր, որը նա գործածում էր նաեւ հետպատերազմյան շրջանում: Եվ նա սիրում էր անել հետեւյալը. oդ էր բարձրանում լրիվ լիցքավորված բաքերով, մի քիչ հեռանում էր օդանավակայանից եւ տագնապի ազդանշան էր ուղարկում կառավարման կետ. «Ես Դրակոնն եմ, կողմնորոշումը կորցրել եմ: Կարմիր լամպը վառվում է: Խնդրում եմ դուրս բերել վայրէջքի»:
Կառավարման կետում նման ստուգողական կանչերը տանել չէին կարողանում, սպաներին դրանք կատաղեցնում էին, կառավարման կետում իրարանցում էր սկսվում, բոլորը ջղագրգիռ վիճակում էին հայտնվում: Իսկ Սավիցկին չէր հոգնում նրանց մարզելուց: Բայց մի անգամ էլ, երբ եթերում հնչեց ծանոթ ձայնը՝ «Ես Դրակոնն եմ, կորցրել եմ կողմնորոշումը, վառելիքի քանակությունը վթարային է…», ավիատորներից ինչ-որ մեկը սեղմեց ռադիոհաղորդիչի կոճակը եւ ծաղրալի գոռաց. «Լսի՛ր, Դրակո՛ն, մի՛ խառնվիր իրար, լիցքավորող ինքնաթիռն արդեն օդ է բարձրացել»: Թռիչքից հետո Սավիցկին հարցրեց. «Ո՞վ էր լիցքավորող ինքնաթիռ ուղարկողը»: Լռություն: «Ոչ թե ուզում եմ պատժել, այլ խրախուսել՝ հնարամտության եւ սրամտության համար: Դրանք, ընկեր օդաչուներ, այնքան էլ երկրորդական բաներ չեն մեր գործում»: Բայց այդպես էլ ոչ ոք չցանկացավ «խրախուսվել»:
Ուր էր թե բոլորը հասկանային, որ զինվորական կյանքում հումորն էլ իր տեղն ունի: Բարեբախտաբար, Մեծ հայրենականի զորավարներն այդ հարցում եւս մեծ գիտակներ էին:
HBO
Թարգմ.` Ս. ՄԵՍՐՈՊՅԱՆԻ