Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵԼ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ



Մայիսի 8-ին Կոտայքի մարզի Գառնի գյուղի թիվ 2 ավագ դպրոցում տոնական տրամադրություն էր տիրում։ Դպրոցը, որ տարիներ առաջ անվանակոչվել էր 1990թ. մայիսի 27-ին Նուբարաշենում խորհրդային բանակի դիպուկահարի կրակոցից զոհված Դերիկ Աբրահամյանի (Ատոմի) անունով, առանձնակի շուք էր ստացել։ Եվ նկատելի էր, որ բոլորը հատուկ նվիրումով են պատրաստվել հանդիսությանը։

Միջոցառումը, որին իրենց մասնակցությունն էին բերել թե՛ մանուկ, թե՛ մեծ, նվիրված էր մայիսյան եռատոներին՝ Մեծ հայրենականի հաղթանակից մինչև Շուշիի ազատագրում, ինչպես նաև՝ Դերիկ Աբրահամյանի հիշատակին։

Հավաքվել էին Դերիկ Աբրահամյանի զինակից ընկերները, հարազատները, ազատամարտիկներ, Կոտայքի մարզի Երկրապահ կամավորականների միության ներկայացուցիչներ, մայրը՝ տիկին Ալվարդը, կրթության և գիտության նախարարության աշխատակիցներ, հյուրեր մայրաքաղաքից։

Աշակերտները հակիրճ ներկայացրին մեր նորօրյա պատմությունը՝ Արցախյան շարժման սկզբնավորումից մինչև խաղաղ բանակաշինության տարիները, պատմելով, թե ինչպես պայքարը ոտքի հանեց ու միավորեց համայն հայությանը։

Դերիկը (Ատոմ) առաջիններից էր, որ միացավ պայքարին։ Ընկերներով ստեղծեցին «Նժդեհ» մարտական ջոկատը և ուսանողական շինջոկատի անվան տակ մեկնեցին Արցախ, մասնակցեցին առաջին մարտերին։ Վերադառնալով՝ լծվեցին զենք-զինամթերքի հայթայթմանն ու ճակատ ուղարկելու գործին։

Ավագ դասարանցիները պատմեցին Ատոմի կարճ, բայց բովանդակալից կյանքի մասին, ներկայացրին դրվագներ նրա նոթատետրից՝ հուշերն ու պատմությունները երբեմն ընդմիջելով հայրենասիրական երգերով ու ասմունքով։

Դպրոցի տնօրեն Թերեզա Պետրոսյանը կարևորում է նման ռազմահայրենասիրական միջոցառումների անցկացումը դպրոցում. «Մենք պետք է հիշենք բոլոր նրանց, ովքեր պայքարեցին հանուն մեր ազատության, ովքեր զոհվեցին, որպեսզի մենք ապրենք՝ հիշելով ու մեծարելով բոլոր նրանց, ովքեր դժվարին պահին ոտքի ելան, պայքարեցին ու անմահացան»։

Հուզմունքը հազիվ թաքցնելով՝ Ատոմի մարտական ընկեր Արմեն Ռուբենյանը, որն այսօր դասավանդում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, հիշում է, թե ինչպես էին ինքն ու Ատոմը մտերմացել խորհրդային բանակի մի քանի սպաների հետ, զենք-զինամթերք ձեռք բերել ու տարբեր ճանապարհներով ուղարկել Արցախ։

Հուզիչ պատմություն պատմեցին Ատոմ Աբրահամյանի ազատամարտիկ ընկերները՝ Սամվել Ներսիսյանն ու Ալբերտ (Վրեժ) Դիլանյանը։ Ատոմի զոհվելուց երկու տարի անց հիսունն անց Ալվարդ մայրիկը արու զավակ է ունենում և ի հիշատակ ու ի պատիվ իր զոհված զավակի, երկրորդ որդուն անվանակոչում է Ատոմ։ Ծննդատանը բոլորը զարմացած նայում էին, թե ինչու են այսքան զինված տղամարդիկ հավաքվել։ «Ատոմն է ծնվել, մեր ընկերը»։ Իրար աչքալուսանք էին տալիս բերկրանքից ցնծացող ընկերները և ուրախությունից օդ կրակում։

Միջոցառման ավարտին հետաքրքիր անակնկալ էր մատուցել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը՝ առանձին գրքով լույս ընծայելով համալսարանի ուսանող զոհված ազատամարտիկներին նվիրված «Մարտական հաշվարկ» գիրքը, որը բաժանեցին ներկաներին։

Հարգելով մեր նահատակ քաջորդիներին, ոգեկոչելով նրանց հիշատակը, միասնական ու ամուր լինելով տեր կանգնենք ու արժանի լինենք մեր անկախությանը։

ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆ
Մայոր

Խորագիր՝ #18 (1036) 15.05.2014 – 21.05.2014, Բանակ և հասարակություն


15/05/2014