ՃԱՆԱՉԵՆՔ ՆՐԱՆՑ
Արցախի ազատագրման և մայիսյան տոների առիթով ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Սպայի տանը կայացավ ազատամարտիկների և երիտասարդների հերթական հանդիպումը` «Ճանաչենք նրանց» խորագրով: Ձեռնարկի կազմակերպիչներն էին Սպայի տունը և «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնը:
Երիտասարդներին հանդիպելու, նրանց հետ ռազմահայրենասիրությանը վերաբերող հարցեր քննարկելու, իրենց անցած ճանապարհի և արցախյան պայքարի մասին խոսելու, հարցերին պատասխանելու համար Սպայի տանն էին Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, «Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը, ազատամարտի հրամանատարներ: Միջոցառմանը ներկա էին «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները, երիտասարդ զինվորականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և հյուրեր:
Շնորհավորելով մայիսյան հաղթանակների առիթով՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն ասաց, որ արցախյան հաղթանակը Թուրքիայի և Ադրբեջանի հայատյաց ծրագրերի տապալումն էր նշանակում. «Հակառակորդի նպատակը Զանգեզուրն էր, ուզում էին լողալ Սևանում: Հայաստանը ոսկոր էր Թուրքիայի կոկորդում, նրանք ուզում էին Ադրբեջանի հետ միավորված ուղիղ ճանապարհ հարթել մինչև Չինաստան: Մենք շատ դժվարին իրավիճակում էինք, զենք և զինամթերք չունեինք, շատ ազատամարտիկներ զենքին չէին տիրապետում, սակայն մեր ազգը ապացուցեց, որ զինվորական օրենքներից զորեղ ոգին է, հայրենիքի հանդեպ սերը: Կարևոր է մարտական ոգին, իսկ մեր հերոսական ժողովուրդը միայն մարտի դաշտում չէր հերոսական, աջակցում էին, մատակարարում: Երբ մենք հաղթում էինք, մեր կողքին կանգնած չէր որևէ երկիր, իսկ Ադրբեջանի կողքին Թուրքիան էր: Հայաստանը մենակ էր, իր ուժը ժողովրդի մեջ էր, միասնության մեջ…»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:
ԳՄԴ կենտրոնի նախագահ, ազատամարտիկ Գևորգ Գևորգյանն էլ ընդգծեց, որ այսօրինակ ձեռնարկների նպատակը սերունդների միջև կապի ամրապնդումն է, ավագների օրինակով երիտասարդների հոգում հայրենասիրություն սերմանելը: Երիտասարդների խնդրանքով Գևորգ Գևորգյանը անդրադարձավ ԳՄԴ հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի կազմում «Ազատամարտի մասնակիցների միավորում» ստեղծելու խնդրին և նպատակներին. «Այս միավորումը կրթական ուղղվածություն ունի, գործելու է ԳՄԴ-ի շրջանակում: Մենք ողջունում ենք բոլոր այն ազատամարտիկներին, որոնք պատրաստ են իրենց գիտելիքները փոխանցելու մատաղ սերնդին: Ինձ համար հայրենասիրությունը ապրելու կերպ է, այն չի կարող սկսվել և ավարտվել միայն ռազմի դաշտում: Հայրենիքի համար պետք է ոչ միայն կռվել, այլև արարել: Միավորման անդամ ազատամարտիկները կանցկացնեն ռազմագիտության, զենքի կիրառման, աշխարհագրության, քարտեզագիտության, մարտական պայմաններում գոյատևման դասընթացներ»:
Երիտասարդների խնդրանքով խոսվեց նաև Շուշիի ազատագրման մասին: «Շուշիի ազատագրումը մեր միասնության, հայի մարտական զորեղ ոգու արդյունք էր,- ասաց «Արծիվ» մահապարտների գումարտակի ազատամարտիկ Սպարտակ Մաթևոսյանը:
Միջոցառումը եզրափակվեց ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Սպայի տան «Զորական» համույթի կատարումներով և մասնակիցների այցով «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոն:
Մ.ԲԱԳՐԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Ա. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ