Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾԱՐՈՒՄ



Արմավիրի մարզի Արագած գյուղում մայիսի 1-ին տեղի ունեցավ Արցախյան պատերազմի հերոս, ուսուցիչ-կամավորական Մեխակ Մեխակյանի մեծարման հուշ – ցերեկույթը, որը կազմակերպել էին Երկրապահ կամավորականների միության վարչությունը, տարածքային կազմակերպության կառույցները և հերոսի անունը կրող դպրոցի ղեկավարությունը: «Մարտական խաչ» շքանշանի կրկնակի ասպետին նվիրված միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երկրապահ կամավորականների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, միության անդամներ, ազատամարտիկներ, հերոսի մարտական ընկերները, երիտասարդ երկրապահներ: Դպրոցականները հանդես եկան գրական – երաժշտական կատարումներով: Ներկայացվեց Մեխակ Մեխակյանի մարտական ուղին:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին և հյուրերին իր և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի անունից` շեշտելով այն սխրանքը, որը կատարել են 5-րդ բրիգադի մարտիկները Թալիշ գյուղի համար: Նա նաև կարևորեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ներդրումը նոր սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:

-Լավ սերունդ է դաստիարակվում,- ասաց նախարար Օհանյանը` մատնացույց անելով պատանի երկրապահների հոծ շարքերը:

Նա նաև գոհունակություն հայտնեց դպրոցի տնօրինությանը` հայրենասիրական բարձր ոգով աշակերտներին դաստիարակելու համար:

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն իր ելույթում շեշտեց, որ Մեխակ Մեխակյանը և Արցախյան ազատամարտի մյուս հերոսները չեն կարող մահանալ.

– Նրանք քսանչորս ժամ շարքում են, մեզ հետ են: Մենք չենք կարող նրանց գործը կիսատ թողնել, չիրականացնել նրանց նպատակներն ու գաղափարները: Դա մեր` ապրողներիս սուրբ պարտքն է:

Մեխակ Մեխակյանի անվան դպրոցի տնօրեն Վրեժ Սայադյանը նոր սերնդին ռազմահայրենասիրական բարձր ոգով դաստիարակելու համար ԵԿՄ վարչության նախագահի հրամանով արժանացավ «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական հուշամեդալի: Մանվել Գրիգորյանի միջնորդությամբ Մեխակ Մեխակյանի հայրը` Վալենտին Մեխակյանը, պարգևատրվեց «Թալիշի պաշտպան» հուշամեդալով:

Արագած գյուղի ուսուցիչ Մեխակ Մեխակյանի մարտական ուղին սկսվել էր 1990 թվականին: Նույն տարում սեպտեմբերի 1-ը նա դիմավորեց Հադրութի շրջանի Աղբուլաղ գյուղում, որտեղ ցերեկը ուսուցիչ էր, երեկոները` հայրենիքի պաշտպան: Հենց այդ օրը Երկրապահ ջոկատի հրամանատար Մանվել Գրիգորյանը և Մեխակ Մեխակյանն ստացան երկրապահի առաջին անդամատոմսը` Վազգեն Սարգսյանի ստորագրությամբ: 1990-1991 թթ. Մեխակյանը մեծ գործունեություն ծավալեց Հադրութի շրջանում: 1993 թ. օգոստոսին Ֆիզուլիի վրա գրոհող ուժերի հրամանատարն էր: Հորադիզի ռազմական գործողությունների ժամանակ Մեխակ Մեխակյանը կրկին վիրավորվում է: 1994 թվականին նա վերադառնում է մարտադաշտ` միանալով Մարտակերտի պաշտպանությանը: 1994 թ. մայիսի 1-ին Թալիշի պաշտպանության ժամանակ ղեկավարելով 5-րդ բրիգադը, Մեխակ Մեխակյանը զոհվում է: Մեխակն ընկնում է Թալիշի Հոռեկա բարձունքը վերցնելուց հետո միայն: Այն վերանվանվում է նրա անունով:

Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության համար ԼՂՀ Գերագույն խորհուրդը 1994 թ.-ին Մեխակ Մեխակյանին հետմահու պարգևատրում է 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով: 1995 թ. նրան հետմահու շնորհվում է փոխգնդապետի կոչում: Նույն թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Մեխակ Մեխակյանն արժանանում է ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի: Արմավիրի մարզի Արագած գյուղի դպրոցը, որում սովորել և դասավանդել է «Մարտական խաչի» կրկնակի ասպետը, կրում է հերոսի անունը: Մեխակ Մեխակյանը ՀՀ ԵԿՄ բարձրագույն պարգևի՝ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի ասպետ է:

Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ

Լուս.՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #18 (1036) 15.05.2014 – 21.05.2014, Բանակ և հասարակություն


15/05/2014