Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՏԱՔՐՔՐԱՍԵՐԻ ԱՆԿՅՈՒՆ



«Մամուլում, քաղաքական, գիտական գրականության մեջ կամ հոդվածներում մեր հարևան և հակառակորդ երկրի բնակիչներին ադրբեջանցի ասելուց բացի երբեմն նաև «ազերի» կամ «ազարի» են անվանում: Ինչո՞ւ, ի՞նչ հիմքով, չեմ հասկանում: Խնդրում եմ, եթե հնարավորություն ունեք, բացատրեք մատչելի լեզվով, քանի որ, համոզված եմ, շատերը այդ հարցի պատասխանը չգիտեն: Չմոռանանք, որ ժողովրդական խոսքն ասում է` թշնամուդ պետք է լավ ճանաչես…»:
Արարատ Սինանյան
շարքային

Շարքային Ա. Սինանյանի հարցին պատասխանում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դասախոս, դոցենտ Վարդան Ոսկանյանը:

Ազերին կամ ազարին Արաքսից հարավ Իրանում գտնվող Ատրպատականի բնակիչն է, որի հոմանիշը և, ըստ իս, հայերենում ավելի ընդունելի տարբերակը «ատրպատականցի» եզրն է: Փավստոս Բուզանդի մոտ հանդիպող «Ատրպատճաց գաւառ» ձևից պետք է ենթադրել, որ հայերենում ժամանակին «ատրպատականցի» իմաստով կիրառվել է նաև «ատրպատիճ» անվանումը, որը հետագայում դուրս է մղվել:

Ադրբեջանցին՝ Ադրբեջանական Հանրապետության բնակիչն է՝ անկախ էթնիկական պատկանելությունից: Եթե ուզում ենք շեշտել ադրբեջանական էթնիկական հանրույթին պատկանելության հանգամանքը, ապա կիրառելի է «էթնիկ ադրբեջանցի» ձևը:

Թեև անգլերենում Azeri և Azerbaijani տարբերակները այժմ համարյա որպես հավասարազոր հոմանիշներ են գործածական, բայց իրականում հենց ադրբեջանական քարոզչամեքենան է շահագրգռված այս երկու անվանումների նույնականացմամբ, որպեսզի ցույց տա, թե իբր Ատրպատականում և Ադրբեջանում միևնույն էթնիկ հանրույթն է՝ բաժանված Արաքս գետով:

Այլ խոսքով՝ անգլերենում ավելի ճիշտ կլինի Ադրբեջանական Հանրապետության դեպքում օգտագործել Azerbaijani (հայերեն՝ ադրբեջանցի կամ էթնիկ ադրբեջանցի, ռուսերեն՝ азербайджанец կամ ýòíè÷åñêèé àçåðáàéäæàíåö), իսկ Իրանի հյուսիսի երկրամասի՝ Ատրպատականի պարագայում՝ Azeri կամ Azari (հայերեն՝ ազերի, ազարի կամ ավելի ընդունելի է ատրպատականցի, ռուսերեն՝ азери կամ азари), որը մինչև Ատրպատականի լեզվական թյուրքացումը (մոտավորապես՝ 16-17-րդ դդ.) այս տարածքի իրանալեզու բնակչության լեզվի և նաև էթնիկ անվանումն էր:

Խորագիր՝ #18 (1036) 15.05.2014 – 21.05.2014, Ռազմաքաղաքական


15/05/2014