Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԲԱՐԵԼԱՎՎԵԼ Է



Պաշտպանության նախարարության կենտրոնական հոսպիտալում մարտի 29-ին տեղի ունեցավ կոնֆերանս, որի ընթացքում ամփոփվեցին զինված ուժերի բուժսպասարկման ոլորտում 2010թ. արդյունքները, եւ նախանշվեցին 2011թ. անելիքները:
Կոնֆերանսին ներկա էին պաշտպանության նախարարի խորհրդական Բ. Հարությունյանը, բուժծառայության բարձրաստիճան սպաներ, զորամասերի բուժծառայության պետեր:
Ոլորտի 2010թ. արդյունքները համեմատվեցին նախորդ տարիների արդյունքների հետ:
Բուժծառայության կապիտան Ա. Նազարյանը ներկայացրեց. «ՀՀ զինված ուժերի անձնակազմի 2010թ. հիվանդացության վերլուծությունը» եւ ծավալուն անդրադարձ կատարեց զինված ուժերի եւ պաշտպանության բանակի բուժծառայության բոլոր ոլորտներին: Ըստ այդմ` զինված ուժերում համաճարակային վիճակը կառավարելի է, իսկ կարմրուկի, պարոտիտի, կարմրախտի դեպքեր յոթ տարվա ընթացքում գրեթե չեն արձանագրվել: Ոչ կառավարելի վարակներից մտահոգություն է առաջացնում ջրծաղիկ հիվանդությունը: Ջրծաղիկը, սակայն, համարվում է ոչ վտանգավոր հիվանդություն, որը բարդություն չի առաջացնում: 2010թ. հիվանդների թիվը նվազել է»,-նշեց Ա. Նազարյանը:
Աղիքային վարակների առումով եւս համաճարակային վիճակը եղել է կառավարելի, ջրամատակարարման հետ կապված համաճարակային բռնկումներ չեն եղել: Թոքաբորբի դեմ եւս կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել (օրինակ՝ դիմադրողականության բարձրացում), ինչի շնորհիվ հիվանդների թիվը նվազել է:
Անդրադառնալով պոլիկլինիկաների աշխատանքին` զեկուցողը նշեց, որ հոսպիտալները մեծ թվով ամբուլատոր ընդունելություններ են իրականացրել, սակայն 2010թ. ծանրաբեռնվածությունը նախորդ տարիների համեմատ եղել է ամենափոքրը: Նվազել է մեկ հիվանդի բուժման տեւողությունը:
Կայազորային հոսպիտալները վճարովի հիմունքներով սպասարկել են քաղաքացիական բնակչությանը, ինչից ստացված եկամուտը վճարվել է ԶՈւ բյուջե. «Սպասարկման ծավալով առաջին տեղում է կենտրոնական զինվորական հոսպիտալը, ապա՝ Տավուշի առանձին բժշկական ջոկատը»:
ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ գնդապետ Գ. Թեփելիկյանը նշեց, որ հիվանդների թիվը նվազել է նաեւ առողջ ապրելակերպի եւ սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման վերաբերյալ գիտելիքների ուսուցման շնորհիվ. «Համազգեստի ճիշտ կրումն ու ժամանակին հատկացումը, զորանոցների ջերմային ռեժիմի պահպանումը մեզ թույլ են տվել հասնել այն բանին, որ մրսելու հետ կապված հիվանդությունները անձնակազմի շրջանում մեծ տարածում չեն ունեցել»:
Անդրադառնալով բուժծառայության պետերի աշխատանքին` Ա. Թեփելիկյանը նշեց, որ նրանք պատվով են կատարում իրենց գործը ինչպես մշտական տեղակայման վայրերում, այնպես էլ դիրքերում:
Գնդապետ Գ. Թեփելիկյանի խոսքով, 2011թ. զինված ուժերի բուժծառայության գերակա ուղղություններից են. բուժկանխարգելիչ աշխատանքների եւ սանիտարահակահամաճարակային միջոցառումների ակտիվացումը, ծանր հիվանդությունների թիվը նվազագույնի հասցնելը եւ կառավարելի վարակների կանխարգելման նպատակով պատվաստումների իրականացումը:

Էջը` ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ
լեյտենանտ
Լուսանկարը՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #12 (877) 30.03.2011 – 6.04.2011, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


07/04/2011