Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ԱՅԼԵՎՍ ԱՌԱՋՎԱՆԸ ՉԵՆՔ…



Տանկային զորամասի կապի հանգույցի պետ, մայոր Մամիկոն Ավանեսյանին հանդիպեցինք վաշտերի և մարտկոցների հրամանատարների հավաքի ժամանակ: Նրանք մարտական պատրաստականության, մասնագիտական և գաղափարադաստիարակչական հարցեր էին քննարկում, իսկ այդ պահին ելույթ ունեցողը մայոր Մ. Ավանեսյանն էր: Խորհրդակցությունից հետո նա հրամանատարության առաջարկով մեզ հրավիրեց կապի հանգույց և ներկայացրեց ենթակա զինծառայողներին:

-Մեր կապավորները հիմնականում այն կանայք են, որոնք ծանր փորձությունների միջով են անցել, բայց չեն ընկճվել, պայքարել են ու մայր հայրենիքում հաստատվելով՝ ձեռք բերել հոգեկան խաղաղություն, արժանապատիվ աշխատանք: Ավելի լավ է ինքներդ զրուցեք նրանց հետ,- ասաց հանգույցի պետը:

Կրտսեր սերժանտ ԼԻԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ռադիոբյուրոյի պետն է: Նրանց ընտանիքն ապրել է Բաքվում: 1990թ. ջարդերի ժամանակ նա ինը տարեկան երեխա է եղել, բայց այսօրվա պես հիշում է այն սարսափները, որոնց միջով անցել է: «Փախանք ու եկանք Ստեփանակերտ, ուրիշ ո՞ւր պիտի գնայինք, միայն հայրենի հողն է, որի վրա մարդ կանգնում է ու չի երերում»,- պատմեց Լիաննան:

Լիաննայի ամուսինը՝ Արցախյան պատերազմի մասնակից Արամ Գևորգյանը, վիրավորվել է, երկրորդ կարգի հաշմանդամ է:

-Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, որ ոչ մի բանի կարիք չունենք, իհարկե՝ դժվարություններ կան, բայց ապահովվածությունը, հայրենակիցներով, հարազատներով ու բարեկամներով շրջապատված լինելը ամեն ինչ է: Աշխատանքիցս շատ գոհ եմ, որովհետև սիրում եմ, ու նաև կոլեկտիվն է շատ լավը: Արդեն քսան տարի է, ինչ ապրում ենք խաղաղության մեջ, տա Աստված, որ այն ամրապնդվի, ու էլ չտեսնենք խուժանից եկող մահացու վտանգ։

Շարքային ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ հեռախոսավար է, արդեն զինվորական ծառայության տասնվեց տարվա փորձ ունի: Անուշի հարազատները նույնպես հայրենի հողի պաշտպանների շարքերում են եղել: Եղբայրը՝ Ալբերտ Ավետիսյանը, զոհվել է 1992թ., ամուսինը վիրավորվել է, այժմ երկրորդ կարգի հաշմանդամ է, որդին հայրենիքի հանդեպ զինվորական պարտքն արդեն կատարել է:

-Մենք մեզ տեսնում ենք այստեղ՝ բանակում, պիտի ծառայենք յուրաքանչյուրս մեր հնարավորությունների, ուժերի ներածին չափով, ոչ մի դեպքում թույլ չենք տա, որ մեր հարազատների թափած արյունը մոռացվի:

Շարքային ԿԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆՆ էլ ռադիոհեռախոսավարուհի է, բանակում է 1998թ.-ից: Ճակատագրի բերումով նա էլ Սումգայիթի ջարդերի ականատեսն է եղել:

-Մենք ապրում էինք Բաքվում, իսկ քույրս՝ Սումգայիթում, գնացել էինք աղջկա ծնունդը նշելու, և հանկարծ սկսվեցին ջարդերը: Ահավոր էր: Մենք մի կերպ փախանք Բաքու: Մտածում էինք, որ այնտեղ նման բաներ չեն լինի, ավաղ, սխալվեցինք: Բարեբախտաբար, կարողացանք այնտեղից էլ առանց կորուստների փախչել: Այժմ ապրում ենք Ստեփանակերտում, հող ենք վերցրել, տուն ենք կառուցում: Տղաս ծառայել է մեր բանակում: Զորամասի հրամանատարությունից շատ շնորհակալ եմ: Մեր աշխատանքը գնահատվում է: Շնորհավորում եմ մեր ժողովրդին Շուշիի ազատագրման տոնի, հրադադարի հաստատման քսանամյակի առիթով։ Վստահ եմ, որ մի օր կլինի նոր պայմանագիր՝ Խաղաղության պայմանագիր: Մենք այլևս առաջվանը չենք, ինքներս ենք մեր գլխի տերը և ամեն օր պատրաստվում ենք կռվի, որպեսզի ապրենք խաղաղության մեջ:

Գ. ԱՐԱՄՅԱՆ

Խորագիր՝ #18 (1036) 15.05.2014 – 21.05.2014, Ազգային բանակ


15/05/2014