Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



Մայիսի 7-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անցկացվեց «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը:

«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական օլիմպիադան անցկացվել է 2 փուլով: Հանրապետական օլիմպիադային մասնակցում էին մարզերում անցկացված մրցումներում հաղթող ճանաչված կրթօջախների աշակերտները, ովքեր երեք օր շարունակ զինվորի առօրյայով ապրեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում` անմիջականորեն զգալով զինվորական լինելու պատասխանատվությունը:

Պատանիների ֆիզիկական, կրակային և շարային պատրաստվածությանն անձամբ ծանոթանալու և անցկացվող մրցումներին հետևելու նպատակով մայիսի 7-ին ռազմական ինստիտուտ այցելեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու կարևորությունը, հավաստիացրեց, որ հպարտ է նման պատանիներով, քանի որ նրանք են զինված ուժերի ապագա զինվորներն ու հայրենիքի սահմաններն անառիկ պահողները:

Օլիմպիադայի փակման արարողության ժամանակ մրցանակների արժանացան անցկացված մրցումների արդյունքներով լավագույն ճանաչված թիմերը: Թիմային ընդհանուր հաշվարկով Տավուշի և Լոռու մարզերի հավաքականներն զբաղեցրին համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը: Առաջին տեղն զբաղեցրեց Արցախի թիմը, որը, ի դեպ, արդեն երկրորդ տարին է, ինչ հաղթող է ճանաչվում առարկայական օլիմպիադայում:

Պաշտպանության նախարարի կողմից պատվոգրերի և հուշանվերների արժանացան նաև օլիմպիադայի ընթացքում լավ արդյունքներ արձանագրած մի շարք դպրոցների զինղեկներ ու աշակերտներ:

Խորագիր՝ #18 (1036) 15.05.2014 – 21.05.2014, Բանակ և հասարակություն


15/05/2014