ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ
ՀՀ զինված ուժերում ծառայում են տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Այսօր ներկայացնում ենք ազգությամբ եզդի մայոր Խդր Միրզոյանին
Մայոր Խդր Միրզոյանը ծնվել է 1983 թ. ապրիլի 8-ին, Երեւանում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Օմսկի տանկային ինժեներական ինստիտուտ: 2005 թ. նշանակվել է վաշտի սպառազինության գծով տեղակալ, այնուհետեւ՝ տանկային գումարտակի վաշտի հրամանատար, հրաձգային գումարտակի սպառազինության գծով տեղակալ: 2012 թ.-ից գնդապետ Աշոտ Ղազարյանի հրամանատարությամբ գործող զորամասի ծառայության պետն է:
-Ինձ հաճախ են հարցնում` ինչո՞ւ եմ ընտրել զինվորականի մասնագիտությունը: Հավանաբար մտածում են` եզդի եմ, ի՞նչն է ինձ դրդում պաշտպանել Հայաստանը: Բայց, ախր, Հայաստանը իմ հայրենիքն է, եւ ես հազար թելով կապված եմ այս հողին: Այստեղ են ծնվել ծնողներս, ես, եղբայրս ու քույրս, այստեղ եմ դպրոց գնացել, ընկերներիս հետ խաղացել, այստեղի ջուրն եմ խմում, այստեղի մարդկանց բարությունն ու կամեցողությունն եմ վայելում, այստեղ եմ ես ընտանիք կազմել, այստեղ են ծնվել երեխաներս, այստեղ է իմ տունը… Եվ, ի վերջո, մենք այստեղ գերեզմաններ ունենք. այս հողում` հայ հերոսների կողքին են հանգչում Արցախյան ազատամարտի տարիներին հայ ժողովրդի ազատագրական պայքարին միացած իմ ազգակիցները: Կարծում եմ` մասնագիտության ընտրությունս միանգամայն բնական է եւ օրինաչափ:
Այս մասնագիտությունն ընտրեցի, որովհետև համոզված էի, որ լավ զինվորական եմ դառնալու, պատվով եւ արժանապատվությամբ եմ կատարելու հայրենիքի պաշտպանի պարտականություններս: Ես միշտ պայքարել եմ թույլ կողմերիս դեմ, նախապատրաստել ինքս ինձ զինվորական ծառայությանը: Կարատեի դասերի եմ հաճախել, ունեմ սեւ գոտի առաջին դան: Ուսումնասիրել եմ հայ ռազմարվեստի պատմությունը: Այդ հարցում ինձ օգնել է հայրս` Սուրիկ Միրզոյանը: Նա հայ ժողովրդի պատմության մասնագետ է, եւ մենք միասին հաճախ էինք քննարկում դարավոր ազատագրական պայքարի բախտորոշ ճակատամարտերը: Ներքուստ հպարտացել եմ, որ Բաշ Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերում իր գործուն մասնակցությունն է ունեցել նաեւ եզդի ժողովուրդը` լեգենդար զորահրամանատար Ջհանգիր Աղայի գլխավորությամբ, որ եզդի տղաների կամավորական ջոկատները Արցախյան պատերազմի տարիներին պայքարի են ելել հանուն ազատության եւ հաղթանակի: Մենք այստեղ ապրել ենք, աշխատել ու հայ ժողովրդի հետ կիսել բոլոր դժվարությունները, եւ իմ ցանկությունն էր շարունակել մեր դարավոր բարի ավանդույթները, գործով օգտակար լինել Հայաստանին, հայ ընկերներիս կողքին, նրանց հետ միասին պաշտպանել մեր հաղթանակը:
Ընդունվել եմ Օմսկի տանկային ինժեներական ինստիտուտ: Ուսումնառության ընթացքում ձգտել եմ չթերանալ, անձնական մեծ պատասխանատվություն էի զգում, քանի որ միաժամանակ ներկայացնում էի ե՛ւ եզդի, ե՛ւ հայ ազգը: Ինձ վստահել էին հայկական կուրսանտական խմբի ավագի պարտականությունները, ինչը մեծ պատիվ էր: Սովորել եմ բարձր առաջադիմությամբ, տանկիստի մասնագիտությանը տիրապետում եմ լիարժեքորեն: Թող անհամեստ չհնչի, բայց ես միշտ եղել եմ լավագույնների շարքում: Հիմա նպատակադրվել եմ կատարելագործել հմտություններս եւ պատրաստվում եմ շարունակել ուսումս ռազմական ակադեմիայում: Չկա զինվորական, որ չերազի գեներալ դառնալու մասին, եւ ես բացառություն չեմ: Ու վստահ եմ, եթե արժանի լինեմ, նպատակիս կհասնեմ, քանի որ ծառայությանս ընթացքում երբեք իմ հանդեպ խտրականություն չեմ նկատել, դեռ ավելին` ինձ միշտ սիրված ու հարգված եմ զգացել: Ես վեց եզդի սպաների եմ ճանաչում, որոնք եւս բարձր պաշտոններ են զբաղեցնում մեր բանակում: Երբեք չեմ լսել, որ նրանցից մեկը դժգոհի, թե իրեն «թարս աչքով» են նայում: Համատեղ ծառայությունը մեզ ավելի է մտերմացնում, միավորում՝ դարձնելով մի ամբողջություն: Իմ եւ ծառայակից ընկերներիս հարաբերությունները, իրոք, եղբայրական են: Հաճախ իրար տուն հյուր ենք գնում, ընտանիքներով մտերմություն ենք անում, միասին նշում ենք շատ տոներ, օրինակ՝ մայիսի 9-ը` Եռատոնը, հունվարի 28-ը` Հայոց բանակի օրը:
Ես ինձ մեր բանակի մասնիկն եմ համարում, քանի որ 14 տարի է՝ բանակում եմ, 14 տարի ամեն օր արթնանում եմ եւ շտապում ծառայության ու չեմ հոգնել… Ես ինձ երջանիկ եմ զգում, քանի որ սիրում եմ այն, ինչ անում եմ… Ծառայում եմ ուսումնական գումարտակում, զինվորներին եմ փոխանցում իմ փորձն ու գիտելիքները, նրանց նախապատրաստում հետագա պատասխանատու գործի: Այո՛, ծառայությունը ծանր է, անելիքները շատ են, եւ եթե ուզում ենք, որ մեզ հետ հաշվի նստեն, մեզ հարգեն, եթե ուզում ենք պաշտպանված լինել, ուրեմն պետք է շատ աշխատենք եւ գործի մեջ չթերանանք: Հայոց բանակի թե՛ հաջողություններն ու ձեռքբերումները եւ թե՛ խնդիրներն ու հոգսերը ես իմն եմ համարում: …Եվ ոչ միայն ես, նաեւ տնեցիներս. հենց գործից տուն եմ մտնում, 73-ամյա Սեյրան տատս հարցուփորձ է անում՝ ինչպիսի՞ն է իրավիճակը սահմանում, ինչպե՞ս են իրենց զգում զինվորները, ընկերներիս տրամադրությունը տե՞ղն է:
Խնջույքների, հավաքույթների ժամանակ էլ մեր մեծերն ինձ միշտ օրինակ են բերում՝ խրախուսելով ծառայությունը բանակում: Ես էլ հաճախ եմ զրուցում մեր համայնքի երիտասարդների հետ, բացատրում, որ չխուսափեն ծառայությունից, իրենք էլ պարտավոր են խորացնել բարեկամությունը, պաշտպանել Հայաստանը, որտեղ մենք կարողանում ենք պահպանել մեր ազգային ինքնությունը, դիմագիծը, մշակույթը: Չմոռանանք նաև, որ եզդի ժողովուրդն իր մեջ հավասարապես կրում է նաև հայ մշակույթը: Ես վստահ եմ, որ միասին, կողք կողքի, թիկունք թիկունքի տված մենք ուժեղ ենք եւ անպարտելի:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ