ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ
«Հարկավոր է տուն-դպրոց-բանակ-բուհ հասարակություն համագործակցության ամուր բռունցք, որի շնորհիվ, համոզված եմ, կարող ենք հասնել ոչ միայն մեր առջեւ ծառացած խնդիրների կատարմանը, այլեւ մեր համաժողովրդական ամենանվիրական երազանքների իրականացմանը»:
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ
Մայիսի 15-ին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում մեկնարկեց «Միասնական պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» խորագրով միջբուհական մարզամշակութային ունիվերսիադան, որը կազմակերպվել էր ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ:
Ունիվերսիադան ունենալու է երեք ուղղվածություն` սպորտային (ֆուտբոլ, բասկետբոլ, հրաձգություն, սեղանի թենիս, շախմատ), մշակութային (երգ, պար, սոցիալական տեսահոլովակ, ՈՒՀԱ) եւ ինտելեկտուալ (ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ):
Մրցույթին մասնակցում է 11 բուհ, այդ թվում՝ Արցախի պետական համալսարանն ու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը:
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն իր ելույթում կարեւորեց նմանատիպ միջոցառումների դերը երիտասարդության դաստիարակության գործում. «Ունիվերսիադան կազմակերպվել է, որպեսզի ներկայացվեն լավագույն ուսանողները: Որակյալ, կիրթ ու զարգացած երիտասարդությունը մեր երկրի հուսալի ապագայի առհավատչյան է: Արժանավոր սերունդ ունենք»: ՀՀ ՊՆ Տ եւ ՀԿ վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վանիկ Մինասյանն էլ պաշտպանության նախարարի կողմից ողջունելով եւ շնորհավորելով բոլոր ներկաներին, շեշտեց՝ պետք է նախանձախնդիր լինել, որ սերունդն է՛լ ավելի ուժեղ, է՛լ ավելի բանիմաց ու է՛լ ավելի հայրենասեր լինի:
Ունիվերսիադայի բացմանը հաջորդեց առաջին մրցույթը՝ երգի փառատոնը: Ուսանողները հանդես էին գալիս ինքնատիպ կատարումներով: Ժյուրին, որի կազմում էին Երվանդ Երզնկյանը, Էդգար Գյանջումյանը, Գեորգի Սարաջյանը, Ավետ Բարսեղյանը, ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության բաժնի պետ, գնդապետ Մանուկ Մանուկյանը եւ ՊՆ Տ եւ ՀԿ վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Ավագյանը, բարձր գնահատեցին բոլոր կատարումները: Առաջին մրցանակը ժյուրին առանց երկմտելու շնորհեց ԵՊՀ ներկայացնող Գայանե Ավդալյանին: Երկրորդ տեղը գրավեց Արցախի պետական համալսարանը ներկայացնող Աննա Հայրիկյանը, իսկ երրորդ տեղը կիսեցին Աիդա Դանիելյանը (ԵՊԲՀ) եւ Ռիմա Փարսյանը (ՀՌՀ): «Ժյուրիի համակրանք» մրցանակին էլ արժանացավ Սոֆյա Պապայանը:
Փառատոնի ավարտին մասնակիցներից մեկին՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Սարիբեկ Ադլոյանին խնդրեցի կիսվել տպավորություններով. «Շատ գեղեցիկ միջոցառում էր: Նմանատիպ միջոցառումների շնորհիվ է՛լ ավելի է ամրապնդվում բանակ-հասարակություն կապը»:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #19 (1037) 22.05.2014 – 28.05.2014, Բանակ և հասարակություն