ՉԵՄՊԻՈՆՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ ԲԱՆԱԿՈՒՄ
Մինասյանների հյուրընկալ օջախում ենք։ Ընտանիքի հայրը իսկապես հպարտանալու տեղ ունի՝ երկու արժանավոր զավակներ է դաստիարակել, պատվախնդիր, շիտակ ու ազնիվ, դրան գումարած՝ երկուսն էլ չեմպիոն։ Ավագ որդին՝ Էդուարդը, Հայաստանի կարատեի իննակի չեմպիոն է, կրտսերը՝ Էդգարը՝ քառակի։ Էդուարդն արդեն ծառայել է ազգային բանակում։ Ծառայության ընթացքում երկու անգամ մասնակցել է հանրապետական առաջնությունների և ոսկե ու բրոնզե մեդալների արժանացել։
Շուտով բանակ կգնա նաև կրտսերը։
-Էդգա՛ր, մինչև բանակային թեմաների շուրջ զրուցելը, կցանկանայի, որ պատմեիր քո մարզական հաջողությունների մասին։
-2013թ. սեպտեմբերին կարատեի աշխարհի ֆեդերացիայի կողմից Ստամբուլում անցկացվեց միջազգային մրցաշար, որին մասնակցում էր 38 երկրից ավելի քան 350 մարզիկ։ Ես մրցապայքարից 5։0 հաշվով դուրս թողեցի սկզբում Թուրքիայի ներկայացուցչին, իսկ հետո՝ Իրանի, Ղազախստանի մարզիկներին, վերջում էլ հաղթեցի Ադրբեջանի չեմպիոնին։
-Լսել եմ, որ հաղթանակդ նվիրել ես հայոց բանակին, ճի՞շտ է:
Հարցիս, սակայն, պատասխանում է Էդգարի հայրը.
-Տղայիս Ստամբուլ մեկնելուն աջակցել էր գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյանը։ Եվ որդիս էլ այդ հաղթանակը սիրով նվիրեց մեր հայոց բանակին՝ հայ զինվորին։ Պատկերացնո՞ւմ եք, ամբողջ դահլիճում թուրքեր էին, ու թուրքի հողում մշեցու թոռը պարտության մատնեց հա՛մ թուրքին, հա՛մ ադրբեջանցուն։ Սա ինձ համար գերագույն պարգև էր։
-Ես մրցման ժամանակ չեմ էլ նայում, թե ով է հակառակորդս, ինչ ազգության է պատկանում,- անկեղծանում է Էդգարը,- ինձ համար կարևորը հաղթանակն է։
Էդգար Մինասյանը 2013թ. մասնակցել է նաև Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում անցկացված պատանիների և երիտասարդների կարատեի աշխարհի գավաթի առաջնությանը, որին մասնակցել է մոտ 900 մարզիկ 49 երկրից։ Հաղթելով Ուկրաինան, Հունգարիան, Իտալիան ներկայացնող բավական ուժեղ մարզիկներին՝ Էդգարը եզրափակչում պարտության է մատնել Եվրոպայի չեմպիոն խորվաթ մարզիկին ու դարձել աշխարհի ոսկե գավաթակիր։
-Իմ հաջողությունների համար ես պարտական եմ նաև բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցում են ինձ՝ Հայաստանի կարատեի ազգային ասոցիացիայի նախագահին, մարզչիս,- ասում է Էդգարը:
-Համացանցից տեղեկացա, որ Դուբայի շեյխը քեզ ոսկե մեդալով է պարգևատրել։
-Տարեսկզբին Միացյալ Արաբական Էմիրություններում անցկացվեց կարատեի 3-րդ միջազգային բաց առաջնությունը։ 60 երկրից մոտ 1250 մարզիկ էր ժամանել, նրանց մեջ էին աշխարհի չեմպիոններ, փոխչեմպիոններ և ոսկե գավաթակիրներ։ Մենամարտեցի նրանցից հինգի հետ։ Իսկ եզրափակչում հաղթեցի Եգիպտոսը ներկայացնող աշխարհի չեմպիոնին ու դարձա ոսկե մեդալակիր։ Պարգևատրմանը ներկա էր կարատեի աշխարհի ֆեդերացիայի նախագահը։ Մրցանակը ինձ հանձնեց Դուբայի շեյխը։ Հիմա մի առանձնակի ջերմությամբ եմ հիշում այդ օրը. բարձրացվեց հայկական եռագույնը, և կարատեի պատմության մեջ առաջին անգամ հնչեց Հայաստանի հիմնը։ Հուզմունք, հպարտություն, ուրախություն, ամեն ինչ միախառնվել էր։ Մեր ազգային հավաքականի անդամ մեծահասակները՝ Սերյոժա Մակարյանը, Վիգեն Օհանյանը և Էդուարդ Մինասյանը թիմային պայքարում Հայաստանին պարգևեցին երրորդ պատվավոր տեղը, և Հայաստանի թիմը Դուբայի շեյխի կողմից արժանացավ նաև հատուկ մրցանակի։ Տեղի հայ համայնքն անսահման ոգևորվել էր և ուրախացել մեր հաջողություններով։
-Եվ ահա աշխարհի գավաթակիրը, շեյխից մրցանակ ստացած մարզիկը շուտով պետք է դառնա հայրենիքի մարտիկ,- կատակում եմ ես։
-Գիտակցումով եմ գնում ծառայության՝ հայրենիքի առաջ բոլորս էլ հավասար ենք եւ պետք է անխտիր մեր պարտքը տանք։ Երբեք չեմ մտածել ծառայությունից խուսափելու մասին. սա մեր հողն է, և մենք պարտավոր ենք այն պաշտպանել։ Բայց, անկեղծ լինեմ, որոշակի մտավախություն էլ ունեմ… Երկու տարիների ընդմիջումը կարող է ինչ-որ չափով խանգարել մարզական կարիերայիս… Հուսամ, որ զորամասում մարզվելու պայմաններ կլինեն… Ինչևէ, կփորձեմ հնարավորինս արդյունավետ օգտագործել բանակային տարիները։
-Ավելի հեռուն գնացող ի՞նչ երազանքներ ունես։
-Նախ` ծառայություն: Իմ բոլոր երազանքները մարզական են…
-Խաղաղ ծառայություն և բարի վերադարձ եմ մաղթում քեզ: Թող իրականանան քո բոլոր երազանքները։
Հ.Գ. Նյութը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկացանք, որ կարատեի Հայաստանի առաջնության մեծահասակների մրցապայքարում Էդգար Մինասյանը արժանացել է ոսկե մեդալի՝ դառնալով Հայաստանի հնգակի չեմպիոն:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #19 (1037) 22.05.2014 – 28.05.2014, Բանակ և հասարակություն