ՄԱՌԱԽՈՒՂ
Դարձյալ այս թանձր ու խիտ մառախուղը: Իջնում էր աննկատ, իր մեջ առնում ամեն ինչ ու զինվորներին դարձնում էր իր գերին: Առավոտյան հողատնակից դուրս էին գալիս ու հայտնվում նրա մալանչների մեջ: Թվում էր՝ այն սահմանապահ զինվորներին պաշտպանում էր թշնամու աչքից ու ապահովության զգացում էր ծնում: Ով ասես մառախուղի փեշի տակ թաքնվելով կարող էր գալ ու…
Ով գիտե, գուցե Աստված մառախուղ ստեղծելիս մի բարի բան մտածել է, բայց զինվորներն այդ չէին հասկանում ու գնահատում: Գուցե ծառը, խոտը, քարը, դեռևս չծաղկած ծաղիկը օգուտ ստանում էին, իսկ զինվորները սրթսրթում էին նրա թաց սառնությունից: Սաքոն մշտապես այն զգացողությունն էր ունենում, ասես մի սպիտակ շոր է կապած աչքերին և ուզում էր այն հեռացնել, դրա համար էլ տեղի-անտեղի սրբում էր աչքերը:
Ուղեկալի պետը Կատու Սաքոյին ու Արմանին հրամայել էր հարևան հենակետ գնալ: Թե հաշվես, հանգիստ քայլերով կես ժամվա ճանապարհ է:
-Կհասնեք, ռացիայով կկապվեք ինձ հետ,- հանձնարարել էր ավագը:
Նրանք գնացել էին: Ավագը չրթացրել էր լուցկին, ծխախոտը կպցրել և ուշօրեք նետել էր հետևներից.
-Կատո՛ւ, զգույշ կլինեք:
-Հա, հրամանատար,- շողոքորթելով ավագին «մեծարել» էր Կատուն ու ընկել էր առաջ:
-Արի հետևիցս, ես ճանապարհը գիտեմ:
Արմանը, հինգ ամսվա, իսկ Կատուն մի տարվա ծառայող էր, ու ոնց էլ լինի, բանակի «վերուդիրին» ավելի ծանոթ ու ընտել էր:
Քայլել էին մառախուղի փեշի տակ, նրա ապահովությանը տրված ու չէին զգացել, որ ճանապարհից շեղվում են.
-Հասանք վերելքին,- հևացել էր Կատուն,- մի քիչ էլ գնանք` հենակետը առաջներս կելնի:
Գնացել էին էլի, քայլել ահագին ժամանակ, բայց հենակետը չէր երևացել:
-Ախր, ես էս տեղը փակ աչքերով էլ գիտեմ,- իրեն ու Արմանին հանգստացրել էր նա,- երևի ճիշտ տեղից չենք թեքվել,- ասել ու հետ էր դարձել, քայլել մի տասնհինգ րոպե, որպեսզի գտնի ոլորանը, որ տանում է հենակետ: Սակայն ոլորանն ասես գետնի տակ էր անցել:
Ավագն անհանգստացել էր, երբ նշանակված ժամին ռացիան չէր խոսել: Կապվել էր հարևան հենակետի հետ և պարզել, որ տղաներն այնտեղ չեն երևացել:
Կատուն ու Արմանը մոլորված պտտվել էին ու ճանապարհը չէին գտել, իսկ ավագն ու հենակետի զինվորները անհանգստացած` չէին իմացել անելիքները:
-Արդեն երկու ժամ է` քայլում ենք,- ժամացույցին նայելով մրմնջացել էր Արմանը:
Կատուն ավելի շատ Արմանի, քան իր համար անհանգստացած` չէր ցանկացել կանգ առնել, մանավանդ որ կանգնելով ճանապարհը չես գտնի: Քայլել էին վախվորած, ով գիտե, մեկ էլ տեսար ականադաշտի վրա ընկար կամ թշնամու հենակետին դեմ առար: Ժամացույցին նայելով` իրիկնադեմ էր, ու իրենք ինչ-որ բարձունքի վրա էին հայտնվել:
-Սաքո՛, կարո՞ղ է թուրքի կողմն ենք անցել, ու վրաներս խաբար չկա,- կասկածել էր Սաքոն:
Սսկվել- նստել էին մի քարի վրա: Ցուրտ էր, թրջված ու քաղցած էին, հոգնած ու վախեցած էին: Հենակետից հենակետ հեռախոսագիծը խռխռում էր անընդհատ: Խռխռում ու տղաներին գտնել չէր կարողանում: Ավագը վախեցած ու անհանգիստ էր, զինվորները` նույնպես: Չգիտեին` եթե փնտրելու գնան, իրենք էլ թշնամու ու մառախուղի բաժին չե՞ն դառնա:
Իսկ մառախուղն ավելի էր խտացել. քուլա-քուլա փաթաթվում էր նրանց ու տաքացնելու փոխարեն սառեցնում, թրջում: Ասես քոսոտ անտեր շան թաց լեզու լիներ, որ տեղի-անտեղի լիզում էր ոտ ու ձեռ, աչք ու երես:
-Չէ, ինչ ուզում ես, ասա՛, էս հենակետն անիծած է,- հևաց Սաքոն:
-Ինչի՞,- չհասկացա՞վ, թե՞ մի բան ասելու համար աչքերը ճպճպացրեց Արմանը:
-Որ ասեմ` չես հավատա:
Արմանն ուզում էր, որ Սաքոն խոսի, մի բան պատմի, մի բան ասի, թեկուզ անհավատալի, թեկուզ ոչ մի բանի պետք չեկող: Թող խոսի, միայն թե խոսի, որ այս բամբականման մառախուղը գոնե փոքր-ինչ նոսրանա:
-Ասա` կհավատամ,- առանց ընկերոջ կողմը նայելու թոնթորաց նա:
-Անցած ամառ էր, առաջին անգամ էի «պոստ» եկել: Խաղաղ, լուսնյակ գիշեր էր, կանգնել էի դրսում ու աստղազարդ երկնքին էի նայում: Նոր էինք մթերք ստացել, և խոհարարը կաղամբի գլուխներն իրար վրա շարել էր հենակետի դիմաց դրած սեղանի վրա: Գիտես էդ սեղանը:
-Հա՛,- մի բան ասելու համար տնքաց Արմանը:
-Ուրեմն՝ ծխում եմ, էդ սեղանի ու հողատնակի միջև կանգնած: Մեկ էլ տեսնեմ` կաղամբի գլուխներից մեկը սեղանից ընկավ, գլորվեց թեք լանջով, բարձրացավ դիմացի լանջը մի երկու-երեք մետր ու էդ թեք լանջի վրա կանգնած մնաց: Հետո նրա հետևից էլի գլորվեցին երկու գլուխ ու կանգ առան թեք լանջի վրա:
-Է՛, դրա մեջ ի՞նչ զարմանալի բան կա,- հիասթափված մզզաց Արմանը:
-Կաղամբն իր իներցիայով չէր կարողանա այդքան բարձրանալ: Հետո նրա շարժման մեջ տարօրինակ բան կար: «Հետախույզ է»,- առաջինը, որ անցավ մտքովս, այդ էր: Կամաց շարժվեցի առաջ, ուշադիր զննեցի, ոչ ոք չկար: Տղերքին կանչեցի, պատմեցի, իրենք էլ զարմացան: Հաջորդ առավոտյան նույնիսկ փորձ արեցինք: Դրեցինք կաղամբներն իրենց տեղում, նույն դիրքով, հետո գլորեցինք: Գլորվում էին թեք լանջով, հասնում հարթ տեղին, բայց դիմացի լանջը չէին բարձրանում, կանգնում-մնում էին վերելքի տակ: Բա՞…
Արմանը Սաքոյի պատմածից չէր տպավորվել: Կաղամբ է, էլի: Գլորվել է, չի գլորվել, ի՞նչ կարևոր է: Կախարդված է եղել…
-Կախարդվա՞ծ էին կաղամբի գլուխները,- ձեռ առնելով նետեց նա:
-Չգիտեմ, բայց դրա մեջ տարօրինակ բան կար:
-Ինչին էլ որ ուշադիր նայես, տարօրինակ բան կգտնես: Բա էս մառախուղը տարօրինակ չէ՞:
-Տարօրինակ է, բա ի՛նչ է: Էսպիսի մառախու՞ղ կլինի:
-Կլինի՛,- իրենը պնդեց Արմանը,- բնության երևույթ է, ուրիշ ոչինչ:
-Ասա թուրքի կողմն անցած չլինենք,- տնքաց Կատուն,- հիմի տղերքն իրար խառնված կլինեն:
Լուռ էին: Շրջապատի ձայներն ասես մառախուղի բամբակով էին փաթաթել, ու ոչինչ չէր լսվում: Ամեն անգամ կա՛մ շնագայլն էր կաղկանձում, կա՛մ անտառի խորքում մնչում էր եղջերուն, կա՛մ վայրի վարազը ինչ-որ բանից խրտնած, փախչում էր` ոտքերի տակ չոր ճյուղեր ջարդելով: Իսկ հիմա ոչինչ չէր լսվում, իրենց շնչառությունից բացի: Ամեն անգամ թշնամու դիպուկահարը թեկուզ ձևի համար օրվա մեջ մեկ-երկու անգամ կրակում էր: Մերոնք պատասխանում կամ չէին պատասխանում, իսկ հիմա… Հիմա չգիտեին` որտեղ են` իրե՞նց, թե՞ հակառակորդի կողմում և անելիքները չգիտեին:
-Գոնե մի խոզ խռխռար,- կեսկատակ-կեսլուրջ մրմնջաց Արմանը:
-Խոզերը հիմա վախենում են ձայն հանել,- լուրջ-լուրջ առարկեց Կատուն:
-Ինչո՞ւ:
-Չգիտե՞ս:
-Գիտե՛մ,- հիշելով գլուխը տմբտմբացրեց Արմանը:
Անտառի խորքից վարազը շփոթմամբ դուրս էր եկել ու վազել էր դիրքերի կողմը: Վայրի անբան անասունն ի՞նչ իմանար, որ դիրքերում զինվորների գնդակն է սպասում իրեն: Գնդակահարել էին, արագ-արագ մաշկել, միս արել, կրակ վառել ու շամփուրի էին քաշել: Միայն իրենց հենակետով չէին բավարարվել. բաժին էին հանել նաև մյուսներին: Հետո հետքերը կորցրել էին, որ հրամանատարները չիմանան: Թե ճիշտն ասենք` հանցանք չէր արածները, բայց ի՞նչ իմանաս` ինչից ինչ դուրս կգա: Մեկ էլ տեսար` եկան ու մի պոչ կպցրին:
-Լավ օր էր, չէ՞,- հարցրեց Կատուն:
-Հա, բայց էսօր էդ օրը չէ,- ընկերոջը նորից դառն իրականությունը հիշեցրեց Արմանը:
-Որքան հասկանում եմ` սարի վրա ենք,- սկսեց բարձրաձայն մտածել Սաքոն,- եթե շարունակենք բարձրանալ, գուցե գագաթից շրջապատն ավելի լավ երևա, գուցե կողմնորոշվենք:
-Հա, բայց…
-Ի՞նչ բայց:
-Կարող է բարձրանանք և հասնենք թշնամու օձաձև խրամատին: Մենք մեր ոտքով հյուր գնանք քեռանցդ տուն, էս մեկ, և երկրորդ…
-Ի՞նչ:
-Մառախուղն այնպես է նստել, որ նույնիսկ վերև բարձրանալու դեպքում էլ, սարերի գագաթներից բացի, այլ բան չի երևա:
-Թե մի հատ կրակե՞մ:
-Չէ,- էլի ձեռքը ընկերոջ զենքին դրեց Արմանը,- բա որ թուրքը մոտի՞կ լինի:
-Լավ, գոնե մերոնք մի երկու կրակահերթ արձակեին:
-Ո՞վ գիտե, գուցե այնքան ենք հեռացել, որ ձայները չենք լսում:
Արդեն ժամը հինգի կողմերն էր: Քաղցած էին, մրսած, բայց ամենաշատը` հուսահատված: Հուսահատված էին անորոշությունից, անգործությունից էին հուսահատված:
-Լրիվ մայրս ու Աղունն են մեղավոր,- տնքաց Կատուն:
-Մայրդ մառախուղի հետ ի՞նչ կապ ունի,- չհասկացավ ընկերը:
-Չէ՛, մառախուղի հետ՝ չէ, բայց… Ինձ փափուկ ու փափկամորթ դաստիարակեցին: Աղունը մորաքույրս է: Պատրաստ էր ամեն ինչ անելու ինձ համար: Քնում էի` որքան ցանկանայի: Մինչև բանակ գալս նույնիսկ մի բաժակ ջուր չէի խմում ինքնուրույն: Թե իրենցով լիներ, չէին թողնի, որ բանակ գնամ, բայց չստացվեց:
-Փոշմա՞ն ես:
-Չէ, բանակի կյանքն էլ իր հետաքրքրությունն ունի: Էս մառախուղից որ անփորձանք պրծնենք, լավ կլինի: Գիտե՞ս՝ ես հայր չեմ ունեցել,- նորից խոսքը փոխեց Սաքոն,- այսինքն՝ ունեցել եմ, բայց ես չեմ տեսել: Սկզբում խաբում էին, թե հայրս Ամերիկա է գնացել ու շուտով մեզ էլ է կանչելու: Իբր, հայրս ճարտարապետ է, ամերիկաներում երկնաքերներ է կառուցում: Ավելի ուշ իմացա, որ մորս խաբել է, մի քանի օր ապրել հետը, հետո թողել-գնացել է անհայտ ուղղությամբ: Հա, մերոնք հորս անհայտ բացակայող են ճանաչել:
Տնքաց, բայց հանկարծ կանգ առավ ու քննող հայացքով նայեց Արմանին. հո իր վրա չի՞ ծիծաղում: Ինքը ոչ մի անգամ ոչ ոքի առաջ այսքան անկեղծ չէր եղել ու հիմա… Արմանը չէր ծիծաղում, գլուխը ուսերի մեջ քաշած նայում էր գետնին: Զինվորական գլխարկը գլխին մեծ էր, ու ականջները նրա ծանրության տակ ճկվել-կորացել էին:
-Որ ճիշտն ասեմ, սկզբում հորս վրա շատ էի բարկանում,- գլուխն ուսերի մեջ քաշեց ու շարունակեց Կատուն,- բա մարդ չի՞ ցանկանա իր զավակին տեսնել, ձեռքը բռնած քայլել, մի հատ պաղպաղակ առնել… Հետո նաև մորս վրա էի զայրանում:
-Ինչի՞:
– Ինչի՞,- ընկերոջ հարցը կրկնեց ու լռեց, կանգ առավ կասկածանքով` ասի՞, թե չասի: Հետո խորը շնչեց ու արտաշնչելու հետ արտաբերեց` ո՞վ գիտե` թեթևսոլիկ, հեշտ տրվող աղջիկ է եղել,- մտածում էի…
-Բա հիմա՞:
-Հիմա ոչ մեկի վրա էլ չեմ բարկանում, և գիտե՞ս ինչի:
-Ինչի:
-Քանի որ ո՛չ հորս, ո՛չ մորս մասին վատ բան չեմ մտածում: Կյանքը բարդ է, և ոչ ոք չգիտի, թե ինքն ինչի առաջ կկանգնի մի օր: Չեմ բարկանում հատկապես մորս վրա: Եղել է, շատ է եղել, որ ինքս ինձ քննել ու մտածել եմ: Եվ գիտե՞ս, տասնութ տարվա մեջ ոչ մի դեպք չեմ հիշում, որ մայրս տղամարդու հետ կապ ունենար:
-Դու ի՞նչ գիտես:
– Գիտեմ, նույնիսկ հետևել եմ, հետաքրքրվել: Ու հիմա և՛ նրան եմ խղճում, և՛ Աղունին, և՛ հորս: Մորս խղճում եմ, քանի որ հիմա հասկանում եմ, որ իր կյանքի իմաստը ես եմ եղել: Ինձնից բացի, ուրիշ տղամարդու չի սիրել կարգին:
-Բա Աղունին ու հորդ` ինչու:
-Աղունն էլ մորս կտորն է: Ապրեց՝ ինձ ու մորս իրեն նվիրելով: Հիմա արդեն քառասուն տարեկան է: Քառասուն տարեկանին էլ ո՞ր տղամարդը կուզի: Իսկ հորս խղճում եմ, քանի որ խելք չի ունեցել ու իր գտած բախտը թողել-հեռացել է ուրիշ տեղ բախտ փնտրելու:
Նա սրտում եղած ամեն ինչ ասաց միանգամից ու թեթևացած շունչ քաշեց: Հետո կասկածանքով նայեց Արմանին ու տնքաց.
-Էս մասին ուրիշ ոչ ոք թող չիմանա, ինձնից ու քեզնից բացի:
-Էրեխա՞ ես,- ընկերոջը թեք նայեց Արմանը, ու, իրենից անկախ եկավ, աչքերին փաթաթվեց մի պատկեր: Գնում էր հայրը առջևից, ու հետևից` ինքը: Հայրը ձեռքից չէր բռնել, ամոթ էր, գյուղամիջում հազար մարդ կար, ու ամոթ էր, որ հայրը իր ձեռքը բռներ: Գնում էին խանութ: Չէ, հայրն իրեն կոնֆետ առնելու չէր տանում: Այդ գիշեր հոր չորրորդ երեխան ու իր երկրորդ եղբայրն էր ծնվել, և հայրը խանութից ինչ-որ բան պիտի առներ, իր հետ տուն ուղարկեր: Չգիտես ինչու, հոր թիկունքը չի հիշում, այլ հիշում է նրա ծնկածալը` ետևի կողմից: Հայրն արագ էր գնում ու ծնկածալի վրա շալվարի փողքը երկու ծալ էր տալիս: Ինքը վազում էր հոր ետևից: Հայրը հանդիպողներին բարի լույս էր ասում, աչքալուսանք ստանում ու քայլում էր` ինքը հետևից: Շատ էր ուզում, որ հայրն իր համար կոնֆետ առնի կամ մի որևէ լավ բան, բայց կա՛մ շատ պինդձեռ էր հայրը, կա՛մ գրպանն էր դատարկ, կա՛մ գուցե ամաչում էր հոր ու մոր ներկայությամբ ցույց տալ, թե սիրում է տղային, թե ինքն արդեն հայր է: Հիմա արդեն՝ տարիներ անց, ուզում է հասկանալ հորն ու նրան նեղություն չպատճառել: Ուզում է այնպես ծառայել, որ հայրը ստիպված չլինի ձեռքը գրպանը խոթել: Կյանքում թե մի անգամ քեզ սովորեցրիր կաշառք տալուն, հետո ամբողջ կյանքում էդ սովորության գերին ես լինելու: Փող տալը՝ ոչինչ, վատը տալու պահին զգացածդ անվստահությունն ու վիրավորանքն է, նվաստացումը` «ա՛ռ, օրենքը կատարիր», «ա՛ռ, օրենքից շեղվիր», «ա՛ռ, աչքդ արած-չարածիս վրա փակիր»: Ու թեպետ տվողը դու ես, բայց և այնպես, դու ավելի ես ստորանում, քան վերցնողը:
Նրան թվում էր, թե հենակետ բարձրանալուց հետո իր հետ կատարվածի մեջ տարօրինակ ու խորհրդավոր շատ բան կա: Մե՛կ կաղամբները, մե՛կ ժամապահի հովանոցը, հիմա էլ այս մառախուղը: Նա չուզեց ընկերոջը պատմել հովանոցի մասին: Տղա է` մեկ էլ տեսար մտածեց, թե ինքը վախկոտ է: Նստած տեղը գլուխը քաշեց ուսերի մեջ, քիթը քաշեց ու աչքերը ճպճպացրեց: Հովանոցի պատմությունն էլ է հետաքրիր: Էլի գիշեր էր: Իրենք նստած էին հողատնակում, իսկ ժամապահը կանգնած էր հովանոցի տակ: Հանկարծ նրա զարհուրած ճիչը լսեցին.
-Արա~…
Բոլորը հողատնակից դուրս վազեցին և տեսան ժամապահին, որ կանգնած էր իր դիրքից հեռու և բերանբաց նայում էր հովանոցին:
-Ի՞նչ է եղել,- նրան ցնցեց ավագը:
-Նայի՛ր,- մատը թիթեղյա հովանոցի կողմը տնկեց ժամապահը,- ինքն իրեն շարժվում ու ձայն է հանում:
-Քամու ձայնը կլինի,- նրան սիրտ տվեց ավագը:
– Ո՞ւր է քամի:
Բոլորը նայեցին շուրջները: Խաղաղ, անքամի, լուսնյակ գիշեր էր:
-Քեզ թվացել է: Բա հիմա ինչո՞ւ չի շարժվում:
-Ես չեմ խաբում: Կանգնած էի, հանկարծ էնպիսի մի զնգզնգոց ընկավ մեջը: Ասես անտեսանելի մի ձեռք շարժելիս լիներ: Ինձ էլ թվաց` քամի է, բայց ո՛չ քամի կար, ո՛չ էլ որևէ մեկը:
-Ով գիտե` ինչ ես մտածել, ու քեզ թվացել է,- ասաց ավագն ու, իր միջի անվճռականությունը հաղթահարելով, կամաց-կամաց շարժվեց դեպի ժամապահի տեղը: Գնաց, կանգնեց հովանոցի տակ ու նայեց զինվորներին:
-Ո՞ւր է զնգզնգոց, ու՛ր է ձայն: Գուցե աչքդ կպել է ու երազիդ մեջ բան-ման ես տեսել,- ասաց ու քարացավ, հետո վազքով հեռացավ հովանոցից, քաշեց ինքնաձիգի փակաղակն ու վազեց դեպի հողատնակի հետևը:
– Կանգնի՛ր, կկրակեմ:
Սիրտ առած՝ զինվորները հետևեցին նրան, նայեցին չորս կողմը, խրամատի իրենց հայտնի բոլոր անկյուններն ուսումնասիրեցին, բայց ոչ մի կասկածելի բան չգտան: Իսկ հովանոցն ամբողջ գիշեր՝ յուրաքանչյուր քսան րոպեն մեկ, զնգզնգաց: Հաջորդ գիշերներին էլի նունն էր, և արդեն ոչ մի վախենալու բան չկար:
-Չարի խաղերն են,- կասեր Աղունը, եթե ինքը պատմելու լիներ, բայց նախ ինքը Աղունին չէր տեսել մի երկու ամիս, հետո էլ, եթե նույնիսկ տեսնելու էլ լիներ, չէր պատմի, ի՞նչ կարիք կա նրա փափուկ ու սիրող սիրտը կոտրել:
Նա պատկերացրեց մորաքրոջը, նրա նիհար, չորչորուկ մարմինը, նույնքան չորչորուկ և իրեն այդքան խնամքով սիրող ձեռքերն ու հոգոց հանեց: Ուրիշ էլ ի՞նչ կասեր Աղունը: Խորհուրդ կտար աղոթել: Բայց ինքն աղոթել չգիտեր ու Աստծո հետ առանձնապես էլ «գլուխ չուներ»: Հիմա զգում է, որ ճիշտ բան չէր արածը: Երբ մայրն ու մորաքույրը աղոթում էին, ինքը փռթկոցով փախչում էր: Երբ ուզում էին եկեղեցի տանել, ձեռ էր առնում նրանց.
-Կնիկ եք, էլի…
Թե աղոթել իմանար, կաղոթեր, ու սիրտը կթեթևանար, կպնդանար հովանոցի այն օրվա տարօրինակ պահվածքի դեմ, իսկ այսօր էլ մառախուղի թաց բամբակին դիմանալը հեշտ կլիներ: Բայց ամեն անգամ մի հպարտ ինքնահավանություն բռնում էր նրան ու հեռացնում Աստծուն դիմելու մտքից: Նա կտրվեց իր մտքերից ու դարձավ ընկերոջը.
-Աստծուն հավատու՞մ ես:
-Եսի՞մ,- երկար լռությունից հետո տնքաց նա,- իսկ դո՞ւ…
Արմանը լռեց երկար ու, գլուխն ուսերի մեջ քաշելով, նորից ժամացույցին նայեց: Ժամը վեցին մոտ էր:
-Այսպես նստելով բան դուրս չի գա,- ոտքի կանգնեց թափով: Գիշեր է գալիս, թե նստենք, կսառչենք-կմնանք:
Կանգնեց, գրպանից ծխախոտ հանեց, չրթացրեց վառիչը: Բոցը լիզեց գլանակի ծայրը, կարմրացրեց այն ու ծխախոտի կարմիր կրակը նրան մառախուղի ճերմակ սավանին թռած արյան պուտ թվաց: Այս մառախուղն իրենց զինվորական կյանքի նման էր: Ջրի մանր կաթիլներից կազմված մի մեծ ու շարժուն զանգված էր, որ թեկուզև միասնական էր թվում, սակայն մաս-մաս, կաթիլ-կաթիլ ու անջատ էր: Փաթաթվում էր ամեն մեկին՝ ասես պահպանելու համար, սակայն ուրիշներից անջատում, թաղում էր իր մեջ: Փափուկ ու սառը շուրթերով լիզում ու լիզում էր և բանակային ժամկետի սպառվելու հետ չէր նոսրանում: Ի՞նչ նոսրանար և ինչպե՞ս, երբ ամեն ոք իր մասին էր մտածում և թելում էր իր «ճշտի» թելը: Ավագն իր ճիշտն ուներ, ի՛ր ճիշտն ուներ նրանից բարձր կանգնած յուրաքանչյուր հրամանատար: Ավագի ճիշտն այն էր, որ իրեն լսեին ու ենթարկվեին, վաշտի հրամանատարինը՝ որ վտանգի ժամանակ հենակետին ու խրամատին մոտ չգար, գնդի հրամանատարի ճիշտը հայհոյելն ու գոռգոռալն էր: Համոզված է, որ նախարարությունում նստած գեներալներն էլ իրենց ճիշտն ունեին: Ու էդ ճիշտը էս մառախուղի նման է: Կարծես անմարմին է, բայց կա, չի սեղմում, բայց ճնշում է, ձյուն չէ, սակայն սառն է, անձրև չէ, բայց թրջում է մինչև վերջին թելը:
-Էսքան բարձրացել ենք, արի հիմա էլ իջնենք,- դարձավ ընկերոջը:
-Բա որ…,- առարկեց Սաքոն ու միտքը չավարտեց: Ուզում էր ասել` բա որ ավելի մոլորվե՞նք, սակայն հասկացավ, որ նույնը կարելի է ասել ցանկացած կողմ շարժվելու դեպքում: Հասկանում էր, որ չպետք է շարժվեն: Գիշեր էր գալիս, իսկ եթե գիշերն անցկացնեին սարալանջի այս քարին նստած, կսառչեին-կմնային:
Սկզբում իջնում էին անվարժ: Երկար նստելուց հետո ոտքերը քայլելուց հետ էին վարժվել: Սկսեցին ավելի արագ իջվարել: Նույնիսկ Սաքոյի տրամադրությունը բացվեց և իր մականվան հարգը պահելու համար կատվի պես մլավեց.
-Միաու~…
«Սու՛ս»,- ուզում էր սաստել Արմանը, բայց արձագանքի պես վերադարձող մլավոցի ձայնը նրան կանգնեցրեց.
-Միաու~…
Սաքոն նորից մլավեց ու նորից պատասխան ստացավ:
-Կատու է,- ասաց ուրախացած:
-Հետո՞,- չոր նետեց Արմանը:
-Չե՞ս հասկանում, եթե կատու է, ուրեմն բնակավայրի մոտ ենք: Գյուղ ենք հասել:
-Մե՞ր, թե թշնամու,- նորից զգուշացավ Արմանը, իսկ Սաքոն ասես ընկերոջը չէր լսում, նորից մլավեց:
Մլավոցը գնաց, գտավ կատվին ու նրա պատասխան մլավոցը բերեց: Հետո կամաց-կամաց մլավոցի հետևից եկավ կատուն: Շեկ, փոքրիկ, ճլորած արարած էր:
-Արի, էս որտեղի՞ց եկար,- ուրախացավ Կատուն:
-Ախպո՞րդ տեսար,- սրտնեղած նետեց Արմանը:
-Բա ի՞նչ անեմ, որ էստեղ քո ազգականներից ոչ ոք չկա,- տակ չմնաց Սաքոն:
Գյուղին զգուշորեն մոտեցան, մառախուղի փեշը բարձրացրին, գլուխները ներս մտցրին ու ծիկրակեցին: Ավելի ուշ, երբ հաստատ համոզվեցին, որ հայկական բնակավայր են հասել, ապահովությամբ շունչ քաշեցին: Պարզվեց` հենակետից տասնհինգ կիլոմետր հեռու գտնվող հայկական գյուղ են հասել: Մի կերպ հեռախոսով իմաց տվեցին ավագին, եւ իսկույն էլ հայհոյանքի մի ընտիր ծաղկեփունջ ու սպառնալիքի փշե մի պսակ ստացան, բայց քանի որ ուրախ էին մահացու մոլորությունից իրենց հաջող դուրս գալու համար, չվիրավորվեցին, եւ հեռախոսն անջատելուց հետո քրքջացին լիաթոք: Քրքջացին այնպես, ինչպես տասնինը տարեկան երիտասարդ, առողջ և ուժեղ զինվորը կքրքջա: Իսկ հետո գյուղի տղաներից մեկի ուղեկցությամբ տասնհինգ կիլոմետրն անցան խաղալեն:
Կյանքը ուրախ էր, մառախուղն այլևս անհայտություն պարունակող սպառնալիք չէր, և ամեն մեկի գրպանում ողորկ ու ապահով լխկլխկում էր գյուղի խանութից առած համապատասխան շիշը, որ տանում էին ավագի զայրույթը մեղմելու համար:
2-ը հունիսի 2008թ.
ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Խորագիր՝ #19 (1037) 22.05.2014 – 28.05.2014, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում