ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ
Արցախյան գոյամարտը ոգեկոչեց ազատության պայքարի հին ու նոր հերոսներին՝ ցուցանելով մեր միասնական ուժի հաղթանակը, դառնալով հայ զորականի մարտարվեստի փայլատակումը: Եվ այսօր առավել քան երբևէ պետք է դաստիարակել հայրենապաշտ սերունդ: Սերունդ, որը վաղը պատրաստակամ ու պատվախնդիր կստանձնի Հայրենիքի պաշտպանության գործը:
Օրերս Երևանի թիվ 50 հիմնական դպրոցում անցկացվեց հերթական ռազմահայրենասիրական բաց դաս-միջոցառումը՝ նվիրված Մայիսյան Եռատոներին: 45 րոպե տևողությամբ դասի ընթացքում աշակերտները հիշատակեցին ու մեծարեցին ազգի նվիրյալ զավակների կատարած գործը, ներկաներին ոգևորեցին ռազմական երգերով ու երդվեցին արժանի ժառանգներ լինել:
Միջոցառման ընթացքում աշակերտներին իրենց խոսքն ասացին լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, ԵԿՄ վարչության անդամ Ռոմիկ Մխիթարյանը, «Զորավար Անդրանիկ» ջոկատի տղաները, Շենգավիթի տարածքային զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Անդրանիկ Ունուսյանը, «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, որը դպրոցի փոխտնօրեն, միջոցառման կազմակերպիչ Անժելա Հովհաննիսյանին մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում զգալի ավանդ ունենալու համար պարգևատրեց միության «Զինվոր հայրենյաց» պատվոգրով: Իսկ ԵԿՄ Շենգավիթի տարածքային բաժանմունքի նախագահ Գառնիկ Հովսեփյանը դպրոցում գործող «Պատանի երկրապահ» ակումբի 15 սաներին նվիրեց «Պատանի երկրապահ» հայրենասիրական ուսումնական փաթեթներ:
«Դպրոցի ՆԶՊ դասասենյակն անվանակոչված է ազատամարտիկ Արման Զոհրաբյանի անունով: Մենք շուրջ հինգ տարի է՝ սերտ համագործակցում ենք «Երիտասարդության կամք» երիտասարդական կազմակերպության հետ: Դպրոցի նախազորակոչային տարիքի սաները երեք անգամ մասնակցել են դեպի Արցախ ռազմահայրենասիրական ծրագրերին»- իր խոսքում նշում է դպրոցի տնօրեն Սոս Վարդանյանը:
Հերթական դաս-միջոցառումն ավարտվում է տոնական զինվորական երգերով:
ԱՆՆԱ ԳՐԻԳ
Խորագիր՝ #19 (1037) 22.05.2014 – 28.05.2014, Բանակ և հասարակություն