ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳԻՍՏ
Պահեստազորի գնդապետ Արայիկ Հարությունյանը ծնվել է 1960 թվականի հունվարի 28-ին, Երևանում: Միջնակարգն ավարտելուց հետո սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում: 1982-ին ավարտել է գյուղատնտեսական, իսկ 1987-ին՝ նույն ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի տարբեր բնակավայրերում՝ որպես գյուղատնտես:
Երբ 1992-ին ծառայության անցավ հայոց բանակում, արդեն լավ ծանոթ էր Հայաստանի «աշխարհագրությանը», բնակավայրերին, որն էլ, ինչ խոսք, օգտակար դեր ունեցավ զինվորական ծառայության ժամանակ: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ վաշտի հրամանատար, զորամասի հրամանատարի տեղակալ, ավագ սպա, բաժանմունքի պետ: Ավարտել է ՌԴ համազորային ակադեմիան, որից հետո նշանակվել է զորամիավորման ծառայության պետ, այնուհետև Վ. Սարգսյանի անվան ՌԻ պետի տեղակալ, զորամիավորման հրամանատարի տեղակալ սպառազինության գծով, ինչպես նաև տեխնիկական մասի պետ:
Պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Արցախի մայրերի երախտագիտություն», Անբասիր ծառայության համար 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի մեդալներով, ԵԿՄ-ի Վ. Սարգսյանի անվան հուշամեդալով, բազմաթիվ պատվոգրերով, ինչպես պաշտպանության նախարարի, այնպես էլ գլխավոր շտաբի պետի կողմից:
-Բանակը ստեղծվեց իմ աչքի առաջ,- ասում է նա:- Վերանորոգման վաշտի հրամանատար էի: Մարտական գործողությունների ընթացքում շարքից դուրս եկած զինտեխնիկան վերանորոգում և կրկին շարք էինք մտցնում, հարստացնում էինք մեր բանակի զինանոցը:
Պատմում, վերհիշում է գնդապետը, և ևս մեկ անգամ համոզվում ես, որ մեր և՛ հաղթանակը, և՛ բանակի զորացումը կայացել է մեր ազատամարտիկի, զինվորի, սպայի միասնական, միակամ ուժի, նվիրվածության շնորհիվ, որտեղ անշուշտ յուրաքանչյուր անհատ իր ներդրումն է ունեցել:
-Եթե համեմատելու լինենք այսօրվա ու այն օրերի բանակը, տարբերությունը շատ մեծ է,- ասում է գնդապետը,- և դա ավելի է ամրացնում իմ հավատը վաղվա օրվա հանդեպ: Ինչպես զինատեսակների, այնպես էլ մարտական պատրաստության գծով ահռելի առաջընթաց կա: Մի բան մնացել է նույնը՝ ոգին է, մեր ազատամարտիկների ոգին փոխանցվել է մեր զինվորներին: Այն օրերին զգացվում էր զինվորների տեսական գիտելիքների պակասը: Իսկ այսօրվա զինվորը իր տեսական գիտելիքներով և գործնական ունակություններով կարող է հրաշքներ գործել: Նա պատրաստ է դիմակայելու ամեն մի փորձության, ինչպես վերջերս համոզվեցինք. խոսքս մեր քաջ զինվոր Արմեն Հովհաննիսյանի և նրա ընկերների սխրանքի մասին է: Եվ հենց դա է հիմք տալիս, որ հավատով լցվենք մեր վաղվա օրվա հանդեպ:
Պահեստազորի գնդապետ Արայիկ Հարությունյանը 2010թ.-ից անցել է վաստակած հանգստի: Եթե բանակի կազմավորման օրվանից մինչեւ կենսաթոշակի անցնելը նրան հազվադեպ էր լինում տանը հանդիպելը, այժմ ժամանակը մի քիչ «կանգ է առել», ու տանեցիները՝ հիմնականում թոռները, անցնող տարիների բացը լրացնում են: Ասել է թե՝ այն օրերի կարոտը առնում են պապից: Երկու աղջիկ ու մի որդի ունի Արայիկ Հարությունյանը, ունի ութ թոռ՝ Նորիկ, Ժիրայր, Ռաֆայել, Սուսաննա, Նելլի, Էմմա, Աննա, Նարինե՝ մեկը մեկից նախշուն, մեկը մեկից չարաճճի ու քաղցր: Ժիրայրը ուզում է դատախազ դառնալ, Նորիկը՝ զինվոր, Ռաֆայելը՝ հրամանատար, Նելլին՝ ուսուցչուհի, Նարինեն՝ բժշկուհի: Եվ իրենց մասնագիտություններն ընտրելիս անչափ կարևորում են տատի ու պապի կարծիքը, և այստեղից էլ հարցեր, հարցեր, որոնց սիրով ու համբերատար պատասխանում են մեծերը:
Զրույցի ընթացքում ներս է մտնում գնդապետ Ա. Հարությունյանի որդին, որը նույնպես զինվորական է ՝մայորի ուսադիրներով: Մայոր Արտակ Հարությունյանը ավարտել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիան: Վերադառնալով՝ ծառայության է անցել որպես դասակի հրամանատար, այնուհետև՝ ականազերծման կենտրոնում վաշտի հրամանատար, իսկ այժմ զորամասի ինժեներական ծառայության պետն է: Իր նվիրված ու կարգապահ ծառայության համար պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», Անբասիր ծառայության 1-ին, 2-րդ աստիճանի մեդալներով:
Հայրը հպարտությամբ ներկայացնում է որդուն, ապա ժպիտով ավելացնում.
-Զինվորական դառնալը մեր գերդաստանում գալիս է գեներով: Իմ նախնիները սերում են Մշո Կոփ գյուղից, որտեղ հայտնի են եղել իրենց քաջագործություններով: Հայկ պապս եղել է ցարական Ռուսաստանի բանակի զինվոր և մասնակցել ռուս-թուրքական պատերազմին, իսկ պապիս եղբայրը՝ Արամը, Բաշ-Ապարանի ճակատամարտում գնդացրորդ է եղել:
…Երեկոյի հետ հաճելի զրույցը երկարում է, ձգվում: Մասիսներն այդ օրն անամպ էին, պարզ, երևում էին լանջերի վիհերն ու ձորակները: Լեռն իր վեհության մեջ կարոտ էր ու մրմունջ, աղոթք էր ու մորմոք, և արդեն մթնող երկնի կապույտի հետ այդ ամենը լցվել էր ձորերը, վիհերը՝ է՛լ ավելի թանձրացնելով անթեղված կարոտների առասպելները, որոնք որպես իրականություն պատմում է գնդապետ Ա. Հարությունյանը, և զգում ես, որ այդ պատմությունները անհանգրվան, թափառական չեն, այլ շարունակվում են հայոց սահմաններին կանգնած զինվորների անքուն գիշերների ու լուսաբացների հետ:
ԳՆԵԼ ՇԱՂԱՓՅԱՆ
Լուսանկարները՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ