Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔԸ



Երբ տարբեր առիթներով ինձ հանդիպած ազատամարտիկներին հարցնում եմ՝ ինչի՞ շնորհիվ հաղթեցինք, ինչի՞ շնորհիվ դիմակայեցինք ամենածանր փորձությանը` պատերազմին, գրեթե միշտ նույն պատասխանն եմ ստանում` ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ: Այս անգամ էլ զրուցակիցս` ազատամարտիկ, հրամանատարի տեղակալ, գնդապետ Հովնան Վարդանյանը, որ Հատուկ գնդի կազմում մասնակցել է ՀՀ սահմանների եւ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին, իսկ 1992թ. Շուշիի առանձնակի գումարտակի կազմում՝ Շուշիի, Բերձորի (Լաչին) միջանցքի, Մարտակերտի, Ֆիզուլիի ազատագրությանը, դարձյալ նույն պատասխանը տվեց:

-Իսկ ի՞նչ ասել է միասնություն,- հարցնում եմ:

-Այս հարցին պատասխանելու համար թերեւս տեղին է հիշել 1992 թ. մայիսի 7-ը` Շուշիի ազատագրման նախօրեն… Մեր ջոկատը` Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ, առաջադրանք էր ստացել` շրջանցել Շուշին եւ Զառիսլուն ու հասնել Լիսագորի ռազմավարական բարձունք: Երեկոյան ճանապարհ ընկանք, պետք է աննկատ անցնեինք Սղնախ գյուղի անտառների միջով: Յուրաքանչյուրս իր վրա կրում էր 20-30 կգ զենք-զինամթերք: Մեր շարքը համաչափ առաջ էր ընթանում, իրավունք չունեինք խոսելու, ծխելու, երբ մեկը հոգնում էր եւ կանգ առնում, մյուսները ինքնաբերաբար դադարեցնում էին քայլերը: Հակառակորդը չպետք է նկատեր մեզ: Քսան կիլոմետր քայլեցինք, եւ լռության մեջ ընդամենը մեկ ոտնաձայն էր լսվում` մեր միասնության ոտնաձայնը: Մենք անխոս հաղթահարում էինք ճանապարհը, բայց մտքով միասին էինք, միեւնույն գիտակցությամբ էինք տոգորված, մեկ մարմին էինք, մեկ հոգի: Այդ շարքում մեզնից յուրաքանչյուրն անպարտելի էր, որովհետեւ իր կողքին լավ, հուսալի ընկեր ուներ… Մենք չհասանք Լիսագոր, դիրքավորվեցինք Զառիսլուի բարձունքներում: Մեր հայտնվելը Բերձոր (Լաչին)-Շուշի ճանապարհի մերձակայքում խուճապի մատնեց փախչող հակառակորդին: Մեզ հաջողվեց շեղել նրանց ուշադրությունը Շուշիի ճակատից եւ զրկել ադրբեջանական հրամանատարությանը Զառիսլուում ուժերը վերախմբավորելու եւ հակահարձակման անցնելու հնարավորությունից: Իմ կողքին կռվում էր Վիգեն Զաքարյանը: Նա ծնունդով Բեյրութից էր, ընտանիքի միակ արու զավակն էր, բայց եկել էր Արցախ` իր կռվով մեր ազգի միասնականությունն ամրապնդելու: Վիգենը դարձավ սփյուռքահայության առաջին զոհը, հուղարկավորված է Եռաբլուրում… Վիգենի մահը մեզ ավելի համախմբեց, մենք կրկնակի ուժով էինք կռվում, որ դիրքում նրա տեղը դատարկ չմնա… Ահա հենց սա է միասնությունը…

Հովնան Վարդանյանը երկար լռում է… Կարծես փորձում է հիշողության մեջ վերականգնել մի ինչ-որ կարեւոր բան:

– … Ազատագրել էինք Բերձորի գյուղերից մեկը: Սաստիկ քաղցած էինք, մի քանի օր սննդի մատակարարում չէր իրականացվել: Մեկ էլ մեր տղաներից Անդրանիկ Մուրադյանը բարձրացրեց վերնաշապիկը, եւ մենք ապշեցինք. նա երկու թոնրի հաց էր պահել վերնաշապիկի տակ: Մենք այդ հացը երեսուն կտորի բաժանեցինք, քանի որ երեսուն հոգով էինք: Ու եթե այդ պահին հնարավորություն լիներ կշռելու ամեն կտորը, վստահ եմ` մեկը մյուսից անգամ մեկ գրամով չէր տարբերվի… Ու որքան էլ տարօրինակ թվա, բայց այդ մի փոքր կտոր հացով կշտացանք… Միասնությունը կողքինի հետ ունեցածդ կիսելու պատրաստակամությունն է:

Մի պահ զրուցակցիս հայացքում կարոտ եմ նկատում…

-Գուցե զարմանաք, բայց պատերազմական օրերը լավագույնն են իմ կյանքում… Ինչքան մաքուր էինք, ինչքան ազնիվ, ինչքան սկզբունքային, ինչքան իրար հարազատ… Ինչո՞ւ փոխվեցինք… Սիրում էինք միմյանց ու հոգ տանում… Մարտակերտի նահանջի օրերին Աշոտ Ղուլյանը կանչեց ինձ ու Սարոյին եւ հրամայեց իրեն չսպասել՝ ասելով. «Ես երեխաներ ունեմ, իսկ դուք դեռ չեք էլ ամուսնացել… Գնացեք: Ձեր արյունը էս ազգին պետք է, ձեր տեսակը պիտի պահպանվի»: Ես ամեն օր հիշում եմ այս խոսքերը եւ երբեք իմ սկզբունքներին կամ խղճին դեմ չեմ գնում, որ չաղավաղեմ, չխաթարեմ իմ դիմագիծը, իմ էությունը, որպեսզի չաղճատվի մեր միասնական պատկերը…

Հովնան Վարդանյանը ընտանիք կազմեց 1993 թ.:

-Կինս` Հռիփսիմեն, որդիներս` Մանուկն ու Կորյունը, դուստրս` չորսամյա Ջուլիան, միշտ կողքիս են ու երբեք չեն տրտնջացել առօրյա կեցության պայմաններից: Մենք դեռ մշտական բնակության վայր չունենք, տուն չունենք: Ես ծառայության բերումով անընդհատ մի տեղից մյուսն եմ տեղափոխվում, այն էլ սահմանային գոտիներում տեղակայված զորամասեր: Այսուհանդերձ, ամեն օր զգում եմ նրանց նվիրումը, ջերմությունը, սերը, զգում եմ, որ կանգնած են թիկունքիս: Մեր ընտանիքի ոսկե կանոնն է` միշտ միասին, ու այդ բարոյական հենարանն ինձ ուժ է տալիս…

Նախկին ազատամարտիկն ու այսօրվա բարձրաստիճան սպան` հայոց բանակի գնդապետը, 25 տարի անտրտունջ ծառայել է, որովհետեւ հայրենիքը իր մեծ միասնական տունն է համարել…

-Այսօր որդիս ծառայում է առաջին գծում, մարտական առաջադրանքներ է կատարում: Երբ փակում եմ աչքերս, մտովի պատկերացնում եմ մեր եւ հակառակորդի միջեւ ընկած սահմանը, պատկերացնում եմ խրամատում կանգնած իմ որդուն եւ մյուս տղաներին, նրանց երկար ձգվող շարքը, որն ինձ համար նույնքան հզոր է, նույնքան անպարտելի, ինչպիսին մերն էր… Հաճախ եմ դիրքեր բարձրանում եւ ամեն զինվորի մեջ տեսնում եմ իմ մարտական ընկերներից ինչ-որ մեկին, հիանում եմ նրանց համարձակությամբ, կամքի ուժով… Գուցե առօրյա կյանքում մենք առաջվա պես միասնական չենք, չենք գիտակցում մեր ընդհանուր շահը, բայց բանակում ամեն ինչ այլ է: Դուք պետք է տեսնեք միայն, թե ինչպես են մեր տղաները սննդամթերքն ու հանդերձանքը տեղափոխում երեք հազարից ավելի մետր բարձրության վրա գտնվող մարտական հենակետեր…

Ես ուզում եմ, որ մեծարենք մեր ազատամարտիկներին, պարծենանք նրանցով, ֆիլմեր նկարենք նրանց մասին… Արտաքին գովազդային վահանակների վրա ում ասես տեսնում ենք, բայց ոչ երբեք զինվորի կամ ազատամարտիկի, իսկ չէ՞ որ նրանք են խորհրդանշում մեր ժողովրդի համախմբվածությունը: Մենք ազատ կլինենք, կլինենք զարգացած, ժողովրդավար և կապրենք խաղաղ, երբ երկրի միասնականությունն ու ամբողջականությունը պահող-պաշտպանող մարդը մի օր իսկապես էլ գերագույն արժեք դառնա…

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #19 (1037) 22.05.2014 – 28.05.2014, Ճակատագրեր


22/05/2014