ՀԱՄԱՏԵՂ ՈՒԺԵՐՈՎ
Փոխգնդապետ Ս. Մինասյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական հենակետերից մեկում կար մատուռ, կողքին՝ հուշաքար՝ նվիրված մոտակա գյուղերի զոհերի հիշատակին:
Հենակետի պատասխանատու, ավագ սերժանտ Էդգար Ապրեսյանը ժամկետային ծառայությունից հետո արդեն երկրորդ տարին է, ինչ անցել է պայմանագրային զինծառայության: Նայելով զոհվածների հուշաքարին՝ ասում է.
-Մեր բոլոր զոհված տղաները իրենց հոգում ունեին մեր ազատ, անկախ Հայաստանի տեսիլքը, որը մենք պարտավոր ենք պաշտպանել-պահպանել:
-Այստեղ ծառայությունը կազմակերպում ենք համատեղ ուժերով, անվտանգության բոլոր կանոններին համապատասխան: Մեր տղաները շատ լավ հասկանում են, որ միայն յուրաքանչյուրի պարտաճանաչ եւ անթերի գործողություններից է կախված ընդհանուր հաջողությունը:
Այս հենակետում շատ են այն տղաները, որոնք զորակոչվել են Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններից: Գնդացրորդ Արթուր Մնացականյանը Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանից է, իսկ Նազարեթ Զաքարյանը՝ մանկավարժականից: Երբեմն փիլիսոփայում են, կատակում, բանաստեղծություններ մտաբերում եւ ընդհանուր առմամբ կիսվում են ցանկացած մտքով՝ խրախուսելով միմյանց, ծառայությունն ակտիվ եւ նպատակաուղղված անցկացնելու համար:
-Իմ բարեկամը երկու տարով իմ զենքն է, -շեշտադրեց Մնացականյանը:
-Անհրաժեշտ է շատ նուրբ վերաբերվել,- խոսակցությանը միացավ շարքային Ռազմիկ Պետրոսյանը:
-Իսկ կարո՞ղ եք բացատրել ջոկ-դասակ-վաշտ փոխհամագործակցությունը մարտի ժամանակ,- հարցնում եմ հենակետի ավագ Նազարեթ Զաքարյանին, և կրտսեր սերժանտը սահուն ու պատկերավոր տալիս է պատասխանը:
Հենակետում իրականացվում է անձնակազմի ուսուցում համապատասխան նախապես կազմված դասացուցակի: Ուշադրության կենտրոնում են հատկապես այն թեմաները, որոնցով կազմակերպվում է առաջնագծի ծառայությունը:
Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս. Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #19 (1037) 22.05.2014 – 28.05.2014, Ազգային բանակ