ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ
Ծնվել եմ 1975թ. ԼՂՀ Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղում: Տասնհինգ տարեկանից գյուղի կամավորական ջոկատի կազմում մասնակցել եմ մարտական գործողություններին: Դպրոցից հետո ընդունվել եմ Արցախի պետական համալսարանն ու միաժամանակ ծառայության անցել մոտոհրաձգային գումարտակում, որը Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ գործող բազմաթիվ ստորաբաժանումներից մեկն էր: Հետո նրան փոխարինեց Մովսես Հակոբյանը՝ ԼՂՀ ներկայիս պաշտպանության նախարարը: Ասեմ, որ ավելի քան քսան տարիների ընթացքում զբաղեցրել եմ կրտսեր ու միջին օղակի հրամանատարական բոլոր պաշտոնները՝ դասակի, վաշտի հրամանատար, գումարտակի շտաբի պետ, օպերատիվ բաժնի սպա: Հիմա երիտասարդ զինվորների նախապատրաստական (ուսումնական) գումարտակի հրամանատարն եմ:
Ծառայությունս պատշաճ կերպով է գնահատել հրամանատարությունը, արժանացել եմ «Մարտական ծառայության համար», «Անբասիր ծառայության համար» առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի մեդալների, մի շարք այլ պարգևների:
Զորամասն ունի մարտական գումարտակներ և նախապատրաստական գումարտակ: Վերջինս միակն է, որ ուսումնական վեց ամիսների ընթացքում երիտասարդ զինվորներին սովորեցնում է նախապես ընտրված զինվորական մասնագիտությունը, որպեսզի նրանք մարտական գումարտակները համալրելիս կարողանան լիովին տիրապետել իրենց վստահված զենքին, ունենան զինվորին հատուկ փորձ ու հմտություն, մարտավարական գիտելիքներ, խորամուխ լինեն մարտական հերթապահության նրբությունների մեջ և այլն: Ուսումնական ամբողջ գործընթացը կարգավորվում է հրամաններով և հրահանգներով, ինչպես նաև հաստատված ուսումնական ծրագրով, որը կազմել են հմուտ մասնագետները, երկար տարիների մանրակրկիտ ուսումնասիրությունների և փորձի հիման վրա: Ուզում եմ ասել, որ այն բարդ չէ և լիովին համապատասխանում է զինվորական ծառայության տարիքի տղաների մտավոր և ֆիզիկական հնարավորություններին: Ուսումնական գործընթացի առաջին շրջանում դժվարություններ շատ են լինում, նշեմ դրանցից մեկ-երկուսը: Գաղտնիք չէ, որ եթե երիտասարդն առաջին անգամ է ապրում անծանոթ կոլեկտիվի մեջ, էլ չեմ ասում՝ առաջին անգամ է տևական ժամանակով կտրվում հարազատներից, ընտանիքից, իր նոր տեղում հարմարվելու, ինչպես ժողովուրդն է ասում, մերվելու խնդիր է ունենում: Եթե նախկինում դեռ դպրոցական տարիքից տղաները մեկնում էին ճամբարներ, հանգստյան տներ, ուսանողներն ապրում էին հանրակացարաններում կամ վարձու տներում, ապա բանակ եկող այսօրվա երիտասարդների մեծ մասը նման կյանքով ապրելու ժամանակ ու հնարավորություն չի ունենում: Զինվորի և մեր աշխատանքին խանգարող խնդիրը հաղթահարելու պարզաբանումները, բացատրական աշխատանքները որոշակի արդյունք տալիս են, բայց երևույթն անհետանում է ժամանակի ընթացքում: Երկու-երեք ամսից նորակոչիկները նոր կապեր, ընկերություններ են ստեղծում, հաղթահարում են տան կարոտը և դրանից հետո են միայն ամբողջովին նվիրվում ծառայությանը: Լինում են ֆիզիկապես թույլ տղաներ, որոնց վիճակը բարելավելու համար նույնպես ժամանակ է հարկավոր: Այժմ քիչ չեն արտերկրից եկողները, որոնք հայերեն գրել-կարդալու խնդիր են ունենում: Այս և բազմաթիվ այլ հարցեր իրենց լուծումը ստանում են հենց մեր գումարտակում:
Իսկ այժմ՝ թե ինչպե՞ս ենք կատարում մեր առջև դրված խնդիրը, և ինչպե՞ս ենք անփորձ երիտասարդից բանիմաց ու կարող զինվոր կոփում: Աշխատում ենք երիտասարդ զինծառայողի նախապատրաստության և առանձին մասնագիտությունների համար սահմանված ծրագրերով, որոնք ներառում են ջոկի, դասակի և վաշտի ներդաշնակման փուլերը: Զինվորն սկսում է անհատական վարժություններից, իսկ վերջում արդեն կարողանում է քննություն հանձնել մարտավարամասնագիտական առարկաներից, մասնակցել զորավարժությունների, կատարել կրակային պատրաստության ստուգողական վարժությունները: Իհարկե, նորակոչիկների հնարավորությունները, կրթական աստիճանը նույնը չեն, ինչի համար էլ ուսուցման հիմքում անհատական աշխատանքն է: Ինքնապատրաստության ժամերին օգնում ենք, որ հասկանան հարցերի էությունը և հաղթահարեն դժվարությունները: Ելնելով զորամասի մարտական առաջադրանքի առանձնահատկությունից՝ մեծ ուշադրություն ենք դարձնում գործնական պարապմունքներին: Զորամասն ունի հրաշալի ուսումնական բազա, մարտական հերթապահության ուսումնական տեղամաս, որն օգտագործում ենք լիարժեքորեն: Բացի այդ, ուսման ընթացքում ունենում ենք փորձաշրջաններ առաջնագծում: Երիտասարդ զինվորները մասնակցում են մարտական հերթապահությանը և փորձ ձեռք բերում:
Նշեմ, թե ովքեր են աշխատում նորակոչիկների հետ: Ուսումնական յուրաքանչյուր փուլի ընթացքում առանձնացնում և ընտրում ենք առավել գրագետ, բանիմաց, սովորեցնելու և ղեկավարելու ձիրքով օժտված տղաների, որոնք ավելի ուշ հաճախում են սերժանտների մեկամսյա կուրսերի, որն էլ պատշաճ առաջադիմությամբ ավարտելուց հետո մնում են գումարտակում և ներգրավվում ուսումնական գործընթացում: Այսինքն՝ նշանակվում են ջոկերի հրամանատարներ, դասակների հրամանատարների տեղակալներ: Բոլոր սպաները զինվորական բարձրագույն կրթություն ստացած, մասնագիտական և հոգեբանական պատրաստվածություն ունեցող սպաներ են, որոնք աշխատում են բարեխղճորեն և սովորեցնելուց չեն հոգնում:
Ծնողների հանդիպումը իրենց զինվոր զավակների հետ կանոնակարգված է հրամանով: Զինվորի ծնողին նախ ընդունում, լսում է զորամասի հրամանատարը (տեղակալը), որից հետո նա գալիս է գումարտակ, հանդիպում մեզ հետ, տեսնում իր որդուն, ծանոթանում նրա կեցության, սովորելու պայմաններին, զորամասի հնարավորություններին, իսկ վերջում կատարում է գրառում տպավորությունների մատյանում: Ծնողի համար ի՞նչն է կարևոր` որ մեր զինվորն է ու իր որդին, լինի առողջ, առույգ, ուրախ, որևէ մեկը չոտնահարի նրա արժանապատվությունը, որպեսզի նա գիտակցաբար, պատվով կատարի իր ծառայությունը և, որպես ինքնուրույն, հասուն մարդ վերադառնա տուն, քաղաքացիական կյանք՝ մասնակցելու հայրական օջախի, հայրենիքի բարգավաճմանը:
ԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Փոխգնդապետ