ՄԵՐ ՈՒՍԱԴԻՐԱՎՈՐ ԱՍՏՂԵՐԸ
Հաղթանակի 69-ամյակին էր նվիրված օրերս Մոսկվայի Զելենոգրադ վարչական շրջանի Մշակույթի պալատում կայացած «Վիվատ, Պոբեդա» զինվորական երգի 16-րդ միջազգային մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էին 18 համույթներ, 32 մենակատարներ եւ 14 հեղինակ-կատարողներ:
«Վիվատ, Պոբեդա» փառատոնում արդեն 12 տարի հանդես է գալիս նաեւ ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթը եւ միշտ էլ հայրենիք վերադառնում մրցանակներով:
Այս անգամ էլ «Զորականը» գրավեց առաջին տեղը, իսկ մեր «ուսադիրավոր աստղերը»՝ Տիգրան Մելքոնյանը, Խորեն Գալստյանը, Նարեկ Բրուտյանը, Բաղդասար Կարապետյանը, Կարեն Գրիգորյանը եւ Գեւորգ Գեւորգյանը արժանացան փառատոնի միջազգային դափնեկրի կոչման:
-Միջազգային այս մրցույթ-փառատոնին մասնակցում էին Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի,Ղրղըզստանի,Ղազախստանի երաժշտական պրոֆեսիոնալ խմբերը,- նշում է «Զորական» համույթի գեղարվեստական ղեկավար մայոր Արամ Գալստյանը,- բայց մեր տղաների կատարումները գերազանցեցին բոլորին: Այս մի քանի տարիների մասնակցության ընթացքում արդեն 24 դափնեկիր ունենք, որոնցից 6-ը՝ կրկնակի:
Փառատոնին «Զորական» համույթը հանդես է եկել մի շարք գեղեցիկ կատարումներով: Ունկնդիրների վրա հատկապես մեծ տպավորություն է թողել Կոնստանտին Օրբելյանի «Իմ Երեւան» ջազային ստեղծագործությունը:
«Երգը քառաձայն հնչեց, բայց թե աչքերս փակ լինեին, բեմին չնայեի, կկարծեի, թե մի ամբողջ երաժշտախումբ է հանդես գալիս, այնքան հզոր էր կատարումը»,- իր հիացմունքը չի թաքցրել ժյուրիի անդամներից Անատոլի Անտոնենկոն: Իսկ փառատոնի գլխավոր ռեժիսոր Ռաիսա Գրիգորեւնան էլ նշել է. «Հայերն ամեն անգամ մրցույթի մակարդակը բարձրացնում են եւս մի սանդղակով»: Ահա և կոմպոզիտոր Լեբսկիի կարծիքը. «Թեեւ ամեն տարի փոխվում են «Զորական» համույթում երգող զինվորները, բայց, միեւնույն է, անփոփոխ են մնում համույթի հաջողությունները:»
«Զորականի» անփոփոխ հաջողությունների, հաղթանակների մասին խոսելիս պետք է հատուկ շեշտել համույթի ղեկավար մայոր Արամ Գալստյանի անունը, որը անսահման սիրով ու նվիրումով է կատարում իր գործը եւ երբեք չի բավարարվում ձեռք բերածով.
– Հաջորդ տարին հոբելյանական է՝ Հաղթանակի 70-ամյակն է նշվելու: «Վիվատ, Պոբեդա» փառատոնը է՛լ ավելի մեծ շուքով, ավելի մեծ հանդիսությամբ եւ ընդգրկումով բնականաբար կկայանա: Որոշել ենք բացի պատերազմական թեմաներից, հնչեցնել նաեւ «Ադանա» երգը: Երգին զուգընթաց կպատկերվեն հայերի կոտորածից դրվագներ, եւ էկրանին խոշորատառ կգրվի «Նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին»: Սա ես կհամարեմ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին մեր «Զորական» համույթի փոքրիկ ներդրումը,- ասում է մաեստրո Գալստյանը:
Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Մայոր