Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՕԴԱՅԻՆ ԲՈԼՈՐ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ԿՁԱԽՈՂՎԵՆ



Եթե ասենք, որ ազգային բանակի զորատեսակներից ամենամարտունակը հակաօդային պաշտպանության զորքերն են, հնարավոր է՝ վիրավորենք մյուս զորատեսակների, ասենք՝ մոտոհրաձգային, հրթիռահրետանային կամ էլ զրահատանկային զորքերի զինծառայողների ինքնասիրությունը: «Մենք ինչո՞վ ենք պակաս ՀՕՊ-ի տղերքից» արդարացիորեն կասեն նրանք: Ասում եմ արդարացիորեն, որովհետև մեր երկրի փորձադաշտերն այնքան մեծ չեն, որ նրանք զորավարժությունների ժամանակ կարողանան ցուցադրել իրենց ողջ ուժն ու հնարավորությունները: Այդ ամենը նրանք կարող են անել հնարավոր պատերազմի ժամանակ, իսկ ՀՕՊ զորքերը, որ ՀԱՊԿ անդամ երկրների միացյալ հակաօդային պաշտպանության մաս են կազմում, պարբերաբար մասնակցում են համագործակցության անդամ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության ընդարձակ վարժարաններում անցկացվող զորավարժություններին, որտեղ ցույց տալով հարյուր տոկոսանոց արդյունք՝ արժանանում են խստապահանջ մասնագետների հիացմունքին, ապացուցում, որ օժտված են մարտավարամասնագիտական բարձր ունակություններով և անհրաժեշտության դեպքում կարող են հուսալիորեն պաշտպանել ՀԱՊԿ անդամ երկրների հարավային սահմանները:

Հետադարձ հայացքով պետք է փաստենք, որ մեր բանակաշինության զարգացման տրամաբանությունը համահունչ է երկրի որդեգրած՝ հարևանների և ընդհանրապես բոլոր երկրների հետ խաղաղ գոյակցության և համագործակցության քաղաքականության սկզբունքներին, իսկ ՀՕՊ զորքերի արագ կայացումը պայմանավորված է մեր հարևանների ագրեսիվ մտադրություններն ու հնարավոր գործողությունները չեզոքացնելու անհրաժեշտությամբ: 1992-93 թվականներին Ադրբեջանի ռազմական օդուժի հասցրած՝ Ստեփանակերտի, Կապանի, ԼՂՀ և ՀՀ մի շարք այլ բնակավայրերի ռմբակոծությունները հրամայաբար պահանջեցին արագացնել զորատեսակի ստեղծումը և ամբողջովին ապահովել օդային տարածքների պաշտպանվածությունը: Բարդ առաջադրանքը հաջողությամբ կատարվեց հմուտ մասնագետներ՝ գեներալ-մայորներ Ա. Սարգսյանի, Ա. Համբարյանի, գնդապետներ՝ Ս. Գուռակյանի, Հ. Ավդալյանի, Ս. Բաղդասարյանի, արտադրությունից, գիտակրթական ոլորտներից զորատեսակը համալրած երիտասարդ կարող ուժերի կողմից: Նրանք նորոգեցին, գործարկեցին ու մարտական հերթապահության դրեցին տարածաշրջանից հեռացող խորհրդային զինծառայողների թալանած դիվիզիոնները, ստեղծեցին նորերը, բազմաթիվ երիտասարդների գործուղեցին արտերկիր սովորելու՝ հիմնավորապես լուծելով մասնագետ կադրերի խնդիրը: Այսօր ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերը համարվում են ամենամարտունակը տարածաշրջանում, իսկ երկրի օդային տարածքը՝ ամենահուսալի պաշտպանվածը: Այս կարծիքը հիմնավորված է, որովհետև վերջին տասը տարում Ս-125, «Կրուգ», ԱՍԱ-ՕԿ և մյուս զենքերի հետ մարտական հերթապահության են դրվել աշխարհում լավագույնի համարում ունեցող Ս-300 զենիթահրթիռային համալիրները, մեծ ուշադրություն է դարձվում զորային ՀՕՊ-ին, կատարելագործվում է համագործակցությունը ավիացիայի, այդ թվում՝ մեր երկրում գտնվող ՌԴ ավիաբազայի հետ: Կարևոր հարցերից մեկը, որին նույնպես հիմնավոր լուծում է տրվել, ռազմական տեխնիկայի սպասարկումն է: Հայրենական գիտության ու արտադրության համատեղ ուժերով ժամանակի ընթացքում փոխարինվող գրեթե բոլոր պահեստամասերն արտադրվում են տեղում, ավելին՝ նորացվում են մի շարք կարևոր սարքավորումներ, որոնք էլ նպաստում են ամբողջական դիվիզիոնների, առանձին մարտկոցների հնարավորությունների մեծացմանը, ապահովում նրանց մանևրելու ունակությունները: Կադրերն արդեն հիմնականում բարձրագույն մասնագիտական կրթություն են ստանում տեղում՝ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտում, կրտսեր մասնագետները՝ ուսումնական զորամասում: Դիվիզիոններում մտցվել է պայմանագրային ծառայություն: Եթե ժամանակին խորհրդային բանակից ժառանգություն ստացած շենքային պայմաններն ամենավատն էին ամբողջ զինված ուժերում, ապա այսօր դրանք ամենալավերից են, իսկ գնդապետ Տ. Ասլիկյանի զորամասի դիվիզիոնների հնարավորությունները բառերով ներկայացնելն անհնար է, տեսնել է պետք: Զորանոցաշինության աշխատանքները շարունակվում են գնդապետ Ս. Գրիգորյանի գլխավորած զորամասի դիվիզիոններում: Համակարգի սպառազինության, տեխնիկայի մշտական կատարելագործման, ինչպես նաև կոմունալ-կենցաղային պայմանների արմատական բարեփոխումները ցույց են տալիս, որ ՀՕՊ զորքերը ազգային բանակի ղեկավարության և անձամբ հանրապետության նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում են:

ԼԱՎԱԳՈՒՅՆԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ

Հանրապետության օդային տարածքների մի զգալի հատվածի պահպանության հիմնական պատասխանատուն գնդապետ Սամվել Գրիգորյանի զորամասն է, որի մարտունակության մասին է խոսում այն փաստը, որ ինչպես 2011-2012թթ., այնպես էլ 2013թ. զորատեսակի կազմում ճանաչվեց առաջինը և ընդմիշտ պահպանելու իրավունքով նվաճեց երրորդ Պատվադրոշը: Կսխալվեն նրանք, ովքեր կմտածեն, թե մրցանակը հեշտությամբ է ձեռք բերվել: Ինչպես մյուս զորատեսակներում, այս դեպքում էլ մրցակցությունը շատ ուժեղ է, և անձնակազմը հաջողության հասել է փորձառու հրամանատարի, ինչպես նաև տեղակալներ՝ փոխգնդապետներ Մ. Վարդանյանի, Կ. Դարբինյանի, Ռ. Սայատյանի, դիվիզիոնների հրամանատարներ՝ փոխգնդապետներ Վ. Հակոբյանի, Ս. Հովհաննիսյանի, Գ. Պետրոսյանի, Կ. Փարփուրյանի, մարտկոցների, հաշվարկների հրամանատարների, անձնակազմերի կողմից ռազմական ուսուցման և շուրջօրյա մարտական հերթապահության ճիշտ կազմակերպման ու անցկացման շնորհիվ:

ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՎԻԶԻՈՆՈՒՄ

Երբ վերջերս այցելեցինք փոխգնդապետ Վահե Հակոբյանի հրամանատարությամբ գործող դիվիզիոն, պարզվեց՝ նախորդ օրվանից այստեղ աշխատում, ստուգումներ է անցկացնում վարչության հանձնաժողովը՝ վարչության պետ գնդապետ Արմեն Վարդանյանի ղեկավարությամբ: Ստուգվում էին ուսուցման և հերթապահության ընթացքը, ամբողջ դիվիզիոնի, մարտկոցների, առանձին սարքավորումների աշխատանքները (սարքինությունը), մասնագետների և ստորաբաժանումների կողմից հրամանների, խնդիրների կատարման ճշտությունը, արագությունը և այլն:

-Ինչպես գիտեք՝ դիվիզիոնը պարբերաբար (հերթով) մարտական հերթապահություն է կատարում, թեպետ մենք հերթապահության մեջ չենք, բայց, միևնույն է, մարտական հաշվարկները կրճատ կազմերով իրենց աշխատանքային տեղամասերում են և պասսիվ կերպով մասնակցում են հերթապահությանը: Ասեմ նաև, որ հաշվի առնելով զորքերի վարչության պետի զորամասում գտնվելու և ստուգումներ անցկացնելու հանգամանքը, չի բացառվում, որ, հնարավոր է՝ ստուգողական խնդիրներ էլ ստանանք, ուստի՝ դիվիզիոնը գտնվում է աշխատանքային ռեժիմում,- պարզաբանեց փոխգնդապետ Վ. Հակոբյանը:

Մարտական հերթապահության հաշվարկի պետը լեյտենանտ Հովհաննես Սարգսյանն է: Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտի շրջանավարտին միանգամայն դրական կողմերով բնութագրեց դիվիզիոնի հրամանատարը:

-Ինստիտուտն ավարտել է գերազանց առաջադիմությամբ ու գործնական աշխատանքում երբեք դժվարություններ չի ունենում, կարծես մի ամբողջ կյանք է այստեղ անցկացրել:

Ռադիոհեռախոսավարն ու գծագրոցավարը շարքային պայմանագրային Ալինա Ալեքսանյանն է: Նա համապատասխան նշումներով պարբերաբար ցույց է տալիս Հայաստանի վրայով անցնող հարավային հարևան երկրի մարդատար ինքնաթիռի տեղը:

Էներգաապահովման բաժանմունքում հանդիպեցինք ավագ դիզելավար-էլեկտրամեխանիկ, շարքային պայմանագրային Արտյոմ Սարգսյանին, և դիզելավար- էլեկտրամեխանիկ, շարքային պայմանագրային Պետրոս Նազարեթյանին: Նրանց խնդրեցի պարզաբանել, թե որքան (ինչ ուժի) հոսանք է պետք դիվիզիոնի ապահով աշխատանքի համար և ստացա լիարժեք պատասխան:

Մարտական կառավարման խցիկում էին հայտնաբերման և նշանացուցման սպա լեյտենանտ Շահեն Պապոյանը, կապիտան Գուրգեն Գրիգորյանը, կապիտան Արթուր Շամցյանը, շարքային օպերատորներ՝ Ա. Ղահրամանյանը և Գ. Հովհաննիսյանը: Իր տեղն զբաղեցրեց նաև փոխգնդապետ Վահե Հակոբյանը: Անձնակազմը, որ անհրաժեշտության դեպքում հրաման ստանալով, պետք է հայտնաբերի և ոչնչացնի մեր երկրի օդային տարածք ներխուժած ցանկացած թռչող սարք, մեքենա: Հայտնաբերման, առգրավման և ոչնչացման գործողությունները մերոնք կարողանում են կատարել րոպեից էլ քիչ ժամանակում, հաշվված վայրկյանների ընթացքում:

Կապիտան Արթուր Շամցյանին խնդրեցինք ցույց տալ հերթապահող հաշվարկի կատարողական հմտությունը: Կրճատ հաշվարկի ավագ համար, շարքային պայմանագրային Գարիկ Զեյնալյանը և հաշվարկի համարը, նույնպես շարքային պայմանագրային, հրթիռները մեկնարկային և հակառակ վիճակի բերեցին նորմատիվային լավագույն ժամանակից շուտ:

Դիտարկման կետում էլ հերթապահում էին ԴԶՀՀ-ի հաշվարկի հրամանատար կրտսեր սերժանտ Նարեկ Մխոյանը և շարքային Արտյոմ Բոջոկյանը: Դիվիզիոնում նրանք իրենց գործի լավագույն մասնագետներից են: Արտյոմը ծնունդով Վանաձորից է, բռնցքամարտիկ, երիտասարդների Հայաստանի եռակի չեմպիոն: Նա անվանի մարզիչ Վազգեն Բադալյանի սաներից է և մարզվում է նրա ակումբում:

-Վարպետն ինձ հետ հույսեր է կապում, ծառայությունից հետո շարունակելու եմ սպորտով զբաղվել,- ասաց Արտյոմը:

Դիվիզիոնում սպորտով զբաղվող տղաներ շատ կան: Նրանցից մեկն էլ ռադիոտեխնիկական մարտկոցի վարորդ-օպերատոր, միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող, կրտսեր սերժանտ Վաչե Գաբրիելյանն է:

Այս օրերին դիվիզիոնում փորձաշրջան են անցնում ՀՕՊ ուսումնական զորամասի մի խումբ կուրսանտներ՝ ավագ լեյտենանտ Մարտին Խաչատրյանի ղեկավարությամբ: Լսարանում նրանց հետ մասնագիտական պարապմունք էր անցկացնում պահեստի փոխգնդապետ Մանվել Մուխսյանը: Նա ասաց՝ չի բացառվում, որ կուրսանտներից ոմանք իրենց հետագա ծառայությունը հենց այստեղ էլ շարունակեն:

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

-Ինչպես գիտեք, ՀՕՊ զորքերի նպատակը հակառակորդի օդային հարձակումներից պաշտպանություն իրականացնելն է,- ասաց փոխգնդապետ Վ. Հակոբյանը և շարունակեց:- Անհրաժեշտության դեպքում մենք չպետք է թույլ տանք, որ հակառակորդը ռմբակոծի մեր բնակավայրերը, կենսագործունեության ապահովման օբյեկտները, չկարողանա խոչընդոտել մեր ցամաքային զորքերին: Դիվիզիոնի մարտական հերթապահությունը համարվում է մարտական խնդրի մի մասը, և մենք հաճախակի ենք այն ստանձնում ու հաջողությամբ կատարում: Զորամասի կազմում մեր դիվիզիոնի որոշ մասնագետներ մասնակցել են ԱՊՀ երկրների զորավարժություններին և մարտական կրակի կատարման փորձ ձեռք բերել: Ստուգումներ, մարզումներ զորքերի վարչությունը հաճախակի է անցկացնում: Ուսումնական տարվա ընթացքում մի քանի անգամ անցկացվում են զորավարժություններ ավիացիայի շրջաթռիչքներով: Վերջին զորավարժության ժամանակ մենք կատարել ենք առաջադրված բոլոր խնդիրները և ստացել՝ «Դիվիզիոնն ունակ է կատարելու իր առջև դրված խնդիրները» գնահատականը: Քանի որ մեզ մոտ այժմ ծառայում են գերազանցապես պայմանագրային զինծառայողներ, հետեւաբար, ծրագրի համաձայն, շաբաթվա ընթացքում երկու օր նրանց հետ մասնագիտականից, համազորային առարկաներից, ֆիզպատրաստությունից պարապմունքներ ենք անցկացնում: Ասեմ, որ պայմանագրայինների մեջ շատ են սպորտով զբաղվողները, որոնք քննությունների ժամանակ բարձր արդյունքներ են ապահովում, բարելավում կրակային պատրաստության ցուցանիշները: Եթե նախկինում դիվիզիոնն աշխատանքային ռեժիմի մեջ էր մտնում մարտական հերթապահություն ստանձնելիս, ապա այժմ էներգահամակարգն աշխատում է ամեն օր, վառելիքի ծախսի սահմանափակում գոյություն չունի: Մասնագետները պարապում, հմտությունները կատարելագործում են ամեն օր: Կան մասնագիտական հարցեր, որոնք մենք լուծում ենք ստեղծագործաբար և շատ լավ արդյունքներ ենք ստանում:

Վստահեցնում եմ, որ անխորտակելի օդային պաշտպանության ստեղծման ուղղությամբ գործադրված ջանքերը, ներդրված բոլոր միջոցները տվել են ցանկալի արդյունք, և մեր երկրի դեմ ցանկացած օդային հարված անպայման կձախողվի:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #19 (1037) 22.05.2014 – 28.05.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


22/05/2014