Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՅԻՍԻ 28-Ը ԲԱՑԱՌԻԿ ՏՈՆ Է ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՅԱՆՔՈՒՄ



Առաջին Հանրապետության ստեղծմամբ վերականգնվեց հայոց պետականությունը։ Հայ և եզդի ժողովուրդների ճակատագիրն ու պատմության քառուղիներում դրսևորված վարքագիծը մեզ թույլ են տալիս վստահաբար ասելու, որ մենք միշտ միասին ենք եղել, և դա եղել է մեր ժողովուրդների կամքի ճիշտ ու ազնիվ դրսևորումը:

Երբ պատմաբանները խոսում են Հայաստանի Առաջին Հանրապետության մասին, անշուշտ պետք է խոսեն նաև եզդի ժողովրդի մասին, որը, հայության հետ կիսելով Օսմանյան կայսրության ազգային խտրականության քաղաքականության զրկանքները, իր ուրույն դերակատարումն ունեցավ մայիսյան հերոսամարտերի հաղթանակում և Հայոց անկախ պետականության կերտման ու կայացման գործում:

Ահա թե ինչ է գրել այդ մասին Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ Ս. Վրացյանը. «Հայերի չափ և, թերևս, հայերից էլ ավելի եզդիները նախանձախնդիր էին Հայաստանի անկախության խնդրում և ոչինչ չէին խնայում նրա պաշտպանության համար»:

1918 թ. մայիս: Թշնամին գրավել էր մեր բնակավայրերը, անողոք կոտորում էր բնակչությանը, ավերում և կողոպտում էր երկիրը: Հայերի հետ պայքարի ելավ նաև եզդի ժողովուրդը` իր լավագույն զավակների` Ջհանգիր Աղայի և ՈՒսուբ Բեկի գլխավորությամբ: Ջհանգիր Աղան իր 1500 ձիավորների հետ ամենուր էր` Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում: Այդ օրերին էլ Ջհանգիր Աղան ստացավ «Հայ ժողովրդի անկեղծ դաշնակից» անունը: Հայոց սպարապետ Թովմաս Նազարբեկյանը Ջհանգիր Աղայի մասին խոսելիս նշում էր. «Նրա անունը պետք է դրվի ոչ միայն եզդի, այլև նշանավոր հերոսների անունների հետ միևնույն շարքում»:

Եզդի ժողովուրդն իր լավագույն զավակների քաջության, անձնուրացության և անկեղծ նվիրումի շնորհիվ վաստակեց հավերժ հայ ժողովրդի կողքին լինելու իրավունքը: Ի վերջո, մենք եղբայրներ ենք, որ կողք կողքի մարտնչել, հաղթել ենք և կիսել մի կտոր հացը: Եվ պատահական չէ, որ Հայաստանում կառուցվեց եզդիների` աշխարհում երկրորդ սրբատեղին մեր միակ հոգևոր նստավայր Լալիշա Նուրանից հետո:

Հավատարիմ մեր երախտավորների պատգամին, եզդի ժողովուրդը հայության հետ կիսեց և՛ Սպիտակի ահավոր աղետի ծանր հետևանքները, և՛ անցումային շրջանի մութ ու ցուրտ օրերը, ինչպես նաև Արցախի ազգային-ազատագրական պայքարի հաղթական բերկրանքը: Այս ամենը մեզ պարտավորեցնում է ստեղծել ապահով Հայաստան: Իսկ ապահով Հայաստանը նաև հզոր և մարտունակ բանակ ունեցող Հայաստանն է:

Շնորհավորում եմ Հայաստանի բնակչությանը մայիսյան հաղթանակների և Հանրապետության տոնի կապակցությամբ:

ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Խորագիր՝ #20 (1038) 29.05.2014 – 4.06.2014, Բանակ և հասարակություն


29/05/2014