Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՐԵՐԻՑ ԵԿՈՂ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ



-Անցյալ տարի Արմավիրի Ակնալիճ գյուղում հանդիսավորությամբ բացվեց «Եզդիների սրբատեղի» տաճարը: Սա աշխարհում երկրորդ նմանատիպ հոգևոր կառույցն է: Մեր ժողովրդի հիմնական սրբատեղին գտնվում է Իրաքի հյուսիսում և կոչվում է Սուրբ Լալեշ,- այսպես սկսեց իր խոսքը եզդի ժողովրդի զավակ Ուսուբ Սարհանգյանը:

Հանդիսությունը բազմամարդ էր: Ներկա էին ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի տարբեր վայրերում բնակություն հաստատած եզդի ժողովրդի ներկայացուցիչները: Հյուրերի թվում էր համայն աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Միր Թահսին բեկը, որն իր հետ ժամանած տասնհինգ հոգևորականների հետ օրհնեց-օծեց նորակառույց տաճարը, ապա, ելույթ ունենալով, բարեմաղթանքի, օրհնանքի խոսքեր ասաց տաճարի հովանավոր, Հայաստանում ծնված Միրզա Սլոյանի հասցեին:

-Ինձ եզդի Լիլո են ասում,- շարունակում է Ուսուբ Սարհանգյանը,- այդպես են ինձ բոլորը ճանաչում: Ինչու խոսքս սկսեցի մեր սրբատեղիի բացումով, որովհետև հենց այդ օրն ինձ համար հիշարժան է նաև նրանով, որ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվեցի «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալով: Ասեմ, որ պարգևատրվել եմ նաև «Մարտական ծառայության համար», «Դրաստամատ Կանայան», «ԵԿՄ քսանամյակ», «5-րդ բրիգադ» և այլ մեդալներով: Իսկ այդ օրը խոսվեց մեր երկու ժողովուրդների եղբայրության, բարեկամության եւ հավատարմության մասին: Խոսվեց Անդրանիկ զորավարի ու Ջհանգիր Աղայի մասին, որն իր 1500 հեծյալներով հերոսաբար կռվել է Անդրանիկ Զորավարի քաջերի հետ կողք կողքի: Եզդիների հոգևոր առաջնորդն ասաց, որ 1915-1918 թթ. վեց հազար հայեր փրկվեցին թուրքական յաթաղանից եզդիների օգնությամբ, որոնք նրանց պատսպարեցին իրենց կացարաններում: Մեր երկու ժողովուրդների բարեկամության մասին են պատմում Շեխ Միրզայի ու քահանա Պողոսի, Ուսըվ Բեկի ու Կոմիտասի մտերմությունն ու բարեկամությունը: Մեր գյուղը փոքր է, բայց երկու գեներալ է տվել՝ Սեյրան Սարոյան և Գագիկ Մելքոնյան, ու նաև երկու հարյուր կամավոր ազատամարտիկ:

Ուսուբ Սարհանգյանը ծնվել է 1959 թ., Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում: Ավարտել է գյուղի դպրոցը և ձեռք բերել տրակտորիստ-մեխանիկի մասնագիտություն: Երբ սկսվեցին սահմանային խժդժությունները, գյուղի տղաների հետ անդամագրվեց Համլետ Նահատակյանի ջոկատին ու գնաց կռիվ: 30 հոգանոց ջոկատում երկու եզդի կային` նա և Մրազը: 1989թ. էր: Իսկ երբ եղավ Սումգայիթը, նա ինքն անձամբ «կռիվ հայտարարեց» ադրբեջանցիներին: Նրա հետ կռվել է նաև եղբայրը՝ Ուզգոն, որի հետ պատերազմական երկար ճանապարհ է կտրել` Արծվաշեն, Կապան, Քարվաճառ, Մարտակերտ…

-Պատերազմը պատերազմ, բայց նաև հետաքրքիր շատ դեպքեր են անցել իմ գլխով: Մի անգամ իջա թուրքաբնակ գյուղ, ասի՝ մի քանի հնդուհավ բերեմ, տղերքը սոված են: Ուժեղ մառախուղ էր, հնդուհավերը դեմս արած գալիս էի, մեկ էլ՝ մառախուղը ցրվեց, ու էս գյուղի ժողովուրդն ընկավ իմ հետևից: Մենք էն ժամանակ ինքնաշեն նռնակներ ունեինք, որ շատ ուժեղ ձայնով էին պայթում: Կանգնեցի, մի հատ գցեցի, նրանք մի կողմի վրա փախան, ես` ուրիշ: Քիչ հետո նորից մի նռնակ գցեցի: Տղերքը հեռվից կանչում էին` թող հնդուհավերը, փախի: Ես չթողեցի: Այդ ժամանակ Հայաստանից օգնական ուժ է գալիս ուղղաթիռով: Ռուսները մոտենում են, որ շրջապատեն: Ու հենց էդ միջոցին էլ լսվում է նռնակների պայթյունը: Ռուսների գեներալը` Կրավչուկը, ասում է. «Գնացեք, տեսեք՝ էդ ով է նռնակ գցում»: Ու երբ ռուսները գալիս են իմ ուղղությամբ, տղաները ուղղաթիռից իջնում ու արագ թաքնվում են անտառում: Էսպիսի շատ-շատ պատմություններ են եղել, ո՞ր մեկը հիշեմ: Երբ կռիվը մի պահ դադարում էր, տղաները խնդրում էին, որ երգեմ իրենց համար մեր ժողովրդական երգերից: Ասում են՝ Անդրանիկն էլ շատ է սիրել մեր երգերը…

Ճակատագրի բերումով հայոց հողի վրա հայն ու եզդին դարերով ապրել են կողք կողքի՝ իրենց հալալ քրտինքով, իրենց վաստակով: Ուրախացել են մեկմեկու ուրախությամբ, տխրել իրար հետ, սատար կանգնել միմյանց: Փոքրաթիվ եզդի ժողովուրդը Արցախյան պատերազմում տվեց 43 զոհ: Այսօր էլ հայոց բանակում իրենց ծառայությունն են շարունակում եզդի ժողովրդի զավակները: Նրանք` սպա, թե շարքային, իրենց ծառայությունը կատարում են պատվախնդիր եւ արժանապատիվ:

Մեր երկու ժողովուրդների եղբայրության, բարեկամության, հավատարմության մասին են վկայում «Եզդիների սրբատեղի» տաճարից քիչ հեռու, դպրոցի հարեւանությամբ հուղարկավորված ազատամարտիկներ՝ եզդի Հասան Օսեյանի և հայազգի Սիմոն Թաթոսյանի շիրիմները: Նրանք Ֆիզուլիում կռվել են քաջաբար ու ընկել հերոսի մահով: Հասանը Արշալույս գյուղից էր, Սիմոնը՝ Ակնալիճ: Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրը թաղման թափորի հետ գալիս էր Արշալույս գյուղից, եզդի հոգևորականն էլ` Ակնալիճի կողմից: Նրանք դեմ առ դեմ հանդիպում են միմյանց ու որոշում հերոսներին թողել կողք-կողքի: Ահա նաեւ այսպես մեկ անգամ եւս հաստատվում ու ամրապնդվում է եզդի և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը:

Հ.Գ.- Այս պատմությունը գրելու ամբողջ ընթացքում մտածում էի` տեսնես Ուսուբ Սարհանգյանը գիտե՞, որ իր ազգանվան սարհանգ բաղադրիչը պարսկերենից թարգմանվում է գնդապետ…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #20 (1038) 29.05.2014 – 4.06.2014, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


29/05/2014