Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊԸ, ՆԱԽԻՋԵՎԱՆ-ԼՂՀ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ»



Թուրքիայի և Իրանի միջև մոտ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպը կարող է վատացնել նրանց հարաբերությունները, ինչը լրջորեն մտահոգում է Ադրբեջանին: Հիշեցնենք, որ մարտի 21-ին Սիրիայի Հալեպ քաղաք թռչող իրանական ինքնաթիռը Թուրքիայի օդային տարածքով անցնելու թույլտվություն է խնդրել: Թուրքիան խնդրանքը բավարարել է` պայմանով, որ ինքնաթիռը տեխնիկական վայրէջք կատարի և խուզարկվի: Արդյունքում իրանական ինքնաթիռում հայտնաբերվել է զգալի քանակությամբ զենք` «ավտոմեքենայի պահեստամասերի» անվան տակ: Թուրքիան այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Թեհրանցի քաղաքագետ Բավանդի կարծիքով, Թուրքիան կարող էր դա չանել, քանի որ թեպետ ԱՄՆ-ը և Եվրամիությունը Իրանի նկատմամբ պատժամիջոց են սահմանել, Թուրքիան դա միակողմանիորեն կիրառելու պարտավորություն չունի: «Ժամանակը ցույց կտա, թե այդ միջադեպն ինչպես կազդի Թուրքիայի և Իրանի հարաբերությունների վրա»,- ասել է թեհրանցի քաղաքագետը:
Իրանի և Թուրքիայի հարաբերությունների սրվելը Ադրբեջանի համար լրացուցիչ գլխացավանք է, քանի որ նրա համար դժվար կլինի հաճոյանալ երկուսին էլ: Առանց այն էլ Իրանի հետ հարաբերությունները վատ են, և քաղաքական տարբեր գործիչների բերանով Ադրբեջանը մշտապես դժգոհում է իր ներքին գործերին Իրանի միջամտելուց, Իրանի և Հայաստանի տնտեսական ակտիվ համագործակցությունից և այն բանից, որ Ղարաբաղի հարցում Իրանը միանշանակ չի պաշտպանում Ադրբեջանին: Ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո Իրանը կարող է ադրբեջանա-թուրքական համագործակցությունը ընկալել որպես իր դեմ ուղղված, և սա անհանգստացնում է Ադրբեջանի ղեկավարությանը, որը պաշտոնական մակարդակում փորձում է ցույց տալ, թե իբր ադրբեջանա-իրանական հարաբերությունները նորմալ են: Որպես դրա վկայություն ներկայացվեց նաև ադրբեջանական «Թրենդ» և Իրանի պետական ինֆորմացիոն «Իռնա» գործակալությունների միջև մարտի 30-ին ստորագրված համագործակցության հուշագիրը: Սակայն ավելի լուրջ հարցերում, ինչպիսին է, օրինակ, Իրանի քաղաքացիներին առանց արտոնագրի Ադրբեջան մուտքի թույլտվություն տալը (Իրանն ադրբեջանցիներին արդեն թույլ է տվել առանց արտոնագրի մուտք գործել երկիր), Ադրբեջանը չի ընդառաջում Իրանին:
Պաշտոնական Բաքվի համար մտահոգիչ է նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի արձագանքը Ստեփանակերտում օդանավակայանի բացման հեռանկարին և այնտեղ վայրէջք կատարող հայկական ինքնաթիռները ոչնչացնելու ադրբեջանական սպառնալիքներին: Հիշեցնենք, որ Բրայզան ինքնաթիռներ ոչնչացնելու գաղափարը համարել էր «անընդունելի» և հավելել, որ «այս պահին Բաքու-Նախիջևան չվերթներն իրականացվում են Հայաստանի օդային տարածքով»: Փաստորեն, ԱՄՆ դեսպանը Ադրբեջանը համեմատել է Հայաստանի, իսկ ԼՂՀ-ն` Նախիջևանի հետ: Նրա ասածից կարելի է բխեցնել, որ Հայաստանը ԼՂՀ նկատմամբ նույն իրավունքներն ունի, ինչ Ադրբեջանը` Նախիջևանի: Այս պատճառով Բրայզայի համեմատությունը դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում. այնտեղ վատ նշան են համարում, որ ԱՄՆ դեսպանը Ղարաբաղը թեկուզ ենթագիտակցաբար ընկալում է որպես Հայաստանի մաս:
Եւ իհարկե, Ադրբեջանի ղեկավարությանը բոլորովին դուր չի եկել, որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ներկայացուցիչներն «առանց Ադրբեջանի թույլտվության» այցելել են Ստեփանակերտ`մասնակցելու ապրիլի 1–3-ը տեղի ունեցած «Խաղաղարարության և խաղաղ համագործակցության փորձ` զինված հակամարտությունից հետո. Կիպրոսի օրինակը» թեմայով քննարկմանը: Հիշեցնենք, որ ԼՂՀ այցելողների թվում են եղել Հյուսիսային Կիպրոսի «Հանրապետական» կուսակցության ղեկավարը, Լեքֆոշ համայնքի նախկին ղեկավարը, Հյուսիսային Կիպրոսի գործարարների նախագահը, Մարդու իրավունքների հիմնադրամի ղեկավարը, Գերագույն դատարանի խորհրդի անդամներից մեկը: Ադրբեջանի ԱԳՆ-ը այս մարդկանց մտցրել է իր «սև ցուցակի» մեջ` հետագայում արգելելու համար նրանց մուտքն Ադրբեջան: Բացի դրանից, Ադրբեջանը բացատրություն է պահանջել նաև Թուրքիայից, որին պատասխանատու է համարում կատարվածի համար:
Ադրբեջանի անհանգստությունը միանգամայն տեղին է. քաղաքական իրադարձությունները զարգանում են ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ:

Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


08/04/2011