Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՐՎԱԳՆԵՐ «ՎԱՐԴԱՆԱՆՔԻ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ



1942 թ.-ի գարնանը Դերենիկ Դեմիրճյանը ներկայացավ զինկոմիսարիատ եւ կամավոր գրվեց՝ մեկնելու ռազմաճակատ ու ծանր օրերին (թշնամին հասել էր Կովկասի դռները) իր հեղինակավոր խոսքով ոգեւորելու հայ մարտիկներին։ Շարքային զինվորի համազգեստ էր հագել՝ կոշտ սապոգներ, պիլոտկա, կրծքին՝ իր ստացած շքանշանը, եւ արդեն պատրաստ էր մեկնելու, երբ Կենտկոմում, իմանալով այդ մասին, արգելեցին նրա այդ քայլը։ Դեմիրճյանն այդ ժամանակ 67 տարեկան էր, եւ նրան ասացին, որ ինքն ավելի օգտակար կլինի թիկունքում, թող նստի եւ հոդվածներ, պատմվածքներ գրի հայրենասիրական ոգով, այդպես ծառայի մարդկանց եւ հայրենիքին։ Այդպես էլ եղավ…

Նշանավոր գրողի «զինվորական» կյանքից միայն մի լուսանկար մնաց` շարքայինի համազգեստով (ի դեպ՝ Նաիրի Զարյանի հետ) եւ անզուգական «Վարդանանք» պատմավեպը, որ գրողի փոխարեն ինքը «մեկնեց» ռազմաճակատ։

Թիկունքում մնալով՝ Դեմիրճյանը գրեց եւ տպագրեց հայրենաշունչ հոդվածներ ու պատմվածքներ պատերազմական թեմաներով, բազմաթիվ ելույթներ ունեցավ աշխատավորների առջեւ։ Ուսումնասիրություն գրեց Վարդանանց պատերազմի մասին՝ նպատակ ունենալով վերարծարծել անցյալի հերոսական ավանդույթները, դրանցով ոգեշնչել հայրենակիցներին։ Բայց մտքին այդ թեմայով պատմավեպ գրելն էր, կերպարները՝ ուրվագծված։

Պետհրատում Դեմիրճյանի մտահղացումն ընդունեցին ոգեւորությամբ. «Պատմական վեպ, այն էլ՝ հերոսական ոգով, այն էլ՝ Վարդան Սպարապետի մասին, այն էլ՝ Դեմիրճյանի գրչով, կհնչի որպես ժամանակակից ստեղծագործություն»։ Դեմիրճյանն ինքն ասաց. «Ինչ թաքցնեմ, վախենում էի, որ հրատարակչությունը չուզենա այս օրերին պատմական գործ հրատարակել։ Շատ ուրախ եմ, որ միատեսակ ենք մտածում»։

Պետհրատի գեղարվեստական գրականության բաժնի վարիչն այդ ժամանակ գրականագետ, արվեստաբան Ռուբեն Զարյանն էր, միաժամանակ՝ «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիրը։ Պայմանավորվում են այսպես. մինչեւ առանձին գրքով լույս տեսնելը, վեպը մաս-մաս տպագրվում է ամսագրում, բայց մինչ այդ տպագրվում է Դեմիրճյանի ուսումնասիրությունը Վարդանանց պատերազմի մասին եւ ազդարարվում, որ հաջորդ համարից սկսած` տպագրվելու է գրողի վեպը նույն ժամանակաշրջանի մասին։ Առաջ ընկնելով ասենք՝ ինչպես պայմանավորվում են, այդպես էլ կատարվում է։ Խոսակցությունից ուղիղ մեկ ամիս անց Դեմիրճյանն ամսագրին է հանձնում վեպի առաջին էջերը։

Պետհրատի եւ գրողի միջեւ պայմանագիր էր կնքվելու, եւ նրան հարցնում են՝ ինչպե՞ս է կոչվելու վեպը։ «Հոսանքին հակառակ»,- ասում է Դեմիրճյանը։ Չեն հավանում, բայց պայմանագրում ժամանակավորապես հենց այդպես էլ նշում են՝ «Հոսանքին հակառակ», մտածելով, որ հետո ավելի հարմար վերնագիր կընտրեն։ Երկու օր անց Դեմիրճյանը գալիս է հրատարակչություն եւ հայտնում իր մտածած նոր վերնագիրը՝ «Վարդան Մամիկոնյան»։ Էլի չեն հավանում՝ «Առանձնապես հաջող չէ»։ Առարկում է՝ վկայակոչելով Մուրացանի վեպը՝ ինչո՞ւ «Գեւորգ Մարզպետունի» կարող է լինել, իսկ «Վարդան Մամիկոնյան»՝ ո՞չ։ Այդպես էլ պայմանավորվածության չեն գալիս, եւ Դեմիրճյանը Զարյանին, որ ստանձնել էր վեպի խմբագրումը, ասում է. «Դե, որ այդպես է՝ ինքդ դիր վերնագիր, մի հարմար բան կգտնես»։

Այդ «հարմար բանը» գտնվում է անմիջապես, երբ Զարյանը կարդում է վեպի առաջին էջերը՝ ներկայացված ամսագրին. «Վարդանանք»։ Դեմիրճյանը ոչ միայն հավանում է, այլեւ ուրախանում անչափ. «Դրանից ավելի լավ չի գտնվի, ապրե՛ս»։ Հետագայում, նկատի ունենալով Զարյանին, Դեմիրճյանը հաճախ է ներկայացրել նրան. «Վեպի կնքահայրը»։

Պայմանավորվածության համաձայն՝ «Վարդանանքը» լույս էր տեսնելու մեկ գրքով, քսանհինգ մամուլ ծավալով։ Դա հեղինակի ցանկությունն էր, որից, սակայն, շուտով պետք է հրաժարվեր։ Նյութը գնալով ծավալվում էր, բազմակերպար, լայն կտավի վեպ էր ստացվում, եւ երկրորդ հատորը դառնում էր անխուսափելի։ Բարեբախտաբար, հրատարակչությունում չառարկեցին՝ վեպը լույս էր տեսնելու երկու հատորով։ Մնում էր գրել։

Մտերիմները, ովքեր այդ օրերին տարբեր առիթներով եղել են Դեմիրճյանի տանը, վկա են եղել մի տիտանական աշխատանքի, որ նիհար, ոչ այնքան առողջ այդ մարդը կատարել է ուժերի գերագույն լարումով, ինքնամոռաց։ Հարցրել են՝ ե՞րբ է մտածում, ե՞րբ է խորհում գրելիքը։ Ասել է՝ գիշերը, երբ տունը քնած է, շուրջը՝ խաղաղ, խանգարող չկա, մտքում կառուցում է վեպի ապագա ընթացքը՝ դեպքերի հաջորդականություն, հերոսների վարքագիծ, հոգեբանական զարգացումներ, եւ առավոտյան այդ ամենը թղթին հանձնում, ընդ որում՝ այնպես արագ, որ կարծես մեկը թելադրում է, իսկ ինքը չի հասցնում գրի առնել։

Ուշագրավ վկայություն. Դեմիրճյանը սեղանի մոտ նստել-գրելու սովորություն չի ունեցել եւ իր հսկայածավալ վեպը շարադրել է այսպես. ծնկին մի մեծ գիրք է դրել, վրան՝ թուղթ, եւ գրել տենդորեն, ընդ որում՝ մատիտով, աներեւակայելի արագությամբ։ Բնական է՝ գրքի խմբագիր Ռուբեն Զարյանն այդ օրերին ավելի հաճախ է եղել գրողի տանը եւ ահա վկայում է. «Պետք էր տեսնել Դեմիրճյանին ներշնչանքի ժամին։ Նյարդային խառնվածքն այդ օրերին դարձել էր ավելի նյարդային, դյուրագրգիռ, անմիջապես բռնկվող։ Ու երբեմն այնքան էր տարվում գործով, այնքան էր ենթարկվում սեփական երեւակայությամբ ստեղծված իրականությանը, որ մոռանում էր, թե կողքին մարդ կա, ձայներ էր հանում, տնքում, կամ, մեկ էլ տեսար, մի բարակ ժպիտ ողողում էր նրա ոսկրացած, այդ օրերին դալկացած, սրված դեմքը։ Ասես հիվանդ լիներ, տենդի մեջ»։

Եղավ, որ իսկապես հիվանդացավ, բայց դա բնավ չխանգարեց նրան՝ նույն եռանդով աշխատելու։ Այո՛, աշխատելու, որովհետեւ ճշմարիտ գրող էր Դեմիրճյանը, եւ գրելը նրա համար աշխատանք էր բառի բուն իմաստով։ Տքնաջան, անձնուրաց, մեծ աշխատանք։

Նորից վկայենք Զարյանին. «Երբեմն թուլանում էր այն աստիճան, որ ձեռքն այլեւս չէր կարողանում շարժել։ Այդ պահերին ընդհատում էր, մեջքը դեմ տալիս պատին՝ մի ցավագին ժպիտ դեմքին, որ նշանակում էր՝ «տե՛ս, թե ինչ օրն եմ ընկել», շունչ էր առնում եւ հետո կրկին շարունակում գրել առաջվա թափով, մինչեւ ուժասպառություն։ Ջերմաստիճանը բարձրանում էր, բայց գրելու տենդը չէր նվազում։ Երբեմն էլ հազն էր բռնում՝ խեղդող ու երկարատեւ, դարձյալ մատիտը վայր չէր դնում։ Սպասում էր մինչեւ հազը կտրվի, որ հարձակվելու հերթն իրեն գա, նորից վրա պրծնի ձեռագրին»։

Դարձյալ ականատեսի վկայությամբ՝ երբ հարցրել են, թե ինչո՞ւ է այդպես տենդով աշխատում, ասել է, որ դա էլ իր մարտական պարտքն է, եւ ինչքան շուտ ավարտի վեպը՝ այնքան լավ։ Համոզված է եղել, որ սովորական գիրք չի գրում, եւ իրեն այցելողները երբեմն այն տպավորությունն են ստացել, թե նա համոզված է եղել՝ ինչքան շուտ ավարտի վեպը, այնքան հաղթանակն ավելի կմոտենա։

Այդ օրերին նրա խոսքերը, խոհերը գրառված են վավերական ճշտությամբ։ Հաճախ է ասել. «Ես ժամանակակից վեպ եմ գրում, եթե ճիշտը կուզեք՝ պատմական վեպ, որը ժամանակակից հարցեր է դնում։ Թե չէ հիմի ի՞նչ ժամանակն է պատմությամբ զբաղվելու, թե ինչը ինչպես է եղել շատ ժամանակներ առաջ։ Ես թանգարան չեմ եւ պատմության հիշատակներ, ինչքան էլ սրբազան, պահպանողի դեր չեմ կամենում վերցնել վրաս։ Այսօրվա հարցերն են ինձ հուզողը, իսկ երբեմն լավ է դրանց լուծումը պատմության մեջ գտնենք, պատմական անցուդարձերի օգնությամբ»։

Դեմիրճյանը «Վարդանանքը» գրել սկսեց 1943 թ.-ի փետրվարին եւ ավարտեց նույն թվականի ամռանը, փաստորեն՝ մի քանի ամսում։ Դա սխրանք էր բոլոր իմաստներով, երկար տարիների խոհերի ու մտորումների, հոգեկան կուտակումների պոռթկում, մեծակտավ ասք իր ժողովրդի անցյալի, ներկայի եւ ապագայի մասին, եւ ժողովուրդը հենց որպես այդպիսին էլ ընդունեց իր նշանավոր զավակի գործը։ Նա կրկին համոզվեց, որ իր որդիների եւ դուստրերի սխրագործությունները՝ կատարված 20-րդ դարի ամենաահեղ պատերազմի ճակատներում, ունեն պատմական հիմքեր, ազգային խառնվածքի թելադրմամբ հիրավի գալիս են Վարդանի ժամանակներից, ավելի խոր անցյալից։

Այսպիսի մի փաստ. պատերազմի դաշտից հայ մարտիկը նամակ է գրում հարազատներին եւ նշում, թե մեկ օրում իրենք՝ հայրենակից զինվորները, միանգամից երկու հաջողություն են ունեցել՝ գրավել են Սեւաստոպոլը եւ ստացել… «Վարդանանքը»։

Այն ծանր օրերին գրողն ավելի մեծ ուրախություն ապրել չէր կարող, քան ապրեց այս մի հատիկ փաստից՝ արձանագրված շարքային զինվորի այնքան թանկ ռազմաճակատային նամակում։ Ուրեմն՝ «Վարդանանքն» էլ է վարդանանց նոր սերնդի հետ մասնակցել պատերազմին, կռվել եւ հաղթել։

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Խորագիր՝ #20 (1038) 29.05.2014 – 4.06.2014, Հոգևոր-մշակութային


29/05/2014