Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ԶԻՆՎՈՐՆ ԱՐԺԵՔ Է



Որդիս՝ Արթուրը, անցյալ ամառ մեկնեց բանակ: Մի քանի ամիս էլ չէր անցել, երբ մայրն առողջական լուրջ խնդիրներ ունեցավ, անհապաղ վիրահատության կարիք կար: Դիմեցի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և խնդրեցի՝ եթե հնարավոր է, որդիս ծանր վիրահատության պահին մոր կողքին լինի: Ընդառաջեցին: Ի դեպ, որպես զինվորի ծնող, օգտվեցինք նաև որոշակի զեղչերից: Փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող անցավ, սակայն վիրահատությունից հետո կնոջս վերականգնողական շրջանը բավականին երկար ձգվեց: Որդիս խիստ անհանգստացած էր մոր առողջական վիճակով: Մայրը նույնպես շատ ծանր էր տանում որդու կարոտը: Եվ ես փորձեցի մեկ անգամ էլ նմանատիպ խնդրանքով դիմել, թեև շատ դժվար էր որոշում կայացնելը: Այս անգամ եւս չմերժեցին:

Որպես զինվորի ծնող, անչափ զգացված ենք հայոց բանակի բարձր հրամանատարության սրտացավ եւ հոգատար վերաբերմունքից, ուստի ցանկանում ենք «Հայ զինվոր» պաշտոնաթերթի միջոցով շնորհակալական ջերմ ու անկեղծ խոսքեր ասել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար Ա. Բրուտյանին, Նոր Նորք զինկոմիսարիատի անձնակազմին, որդուս զորամասի հրամանատար Ն. Ասլանյանին: Նրանք բոլորը մեր ընտանիքի համար դժվարին պահին մեզ սատար ու աջակից եղան:

Վերջերս էլ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ կազմակերպված զինվորների ծնողների այցելությանը զորամասեր ես նույնպես մասնակցեցի եւ գնացի որդուս տեսակցության:

Զորամասից տանդարձի ամբողջ ճանապարհին ինքս իմ մտքերի հետ էի՝ չէ՛, իրոք, զինվորը պետության հոգածությունն է վայելում, զինվորն իսկապես արժեք է մեր երկրի համար:

ԱՇՈՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Խորագիր՝ #20 (1038) 29.05.2014 – 4.06.2014, Բանակ և հասարակություն


29/05/2014