Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԱԹԵՐՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԹՈՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ



Օրերս Երևանում տեղի ունեցավ «Առաջին միջազգային թաթագիտական գիտաժողովը», որին մասնակցում էին մոտ 40 գիտնականներ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Լեհաստանից և այլ երկրներից: Ինչպես իր խոսքում նշեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, բ.գ.դ. պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը, «գիտաժողովը առաջին անգամ մի վայրում ի մի էր հավաքել թաթագիտության ողջ սերուցքը»:

Գիտաժողովը նվիրված էր ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տեղաբնիկ ժողովուրդների թվին պատկանող մահմեդական թաթերին կամ կովկասյան պարսիկներին, որոնք այժմ բնակվում են Արևելյան Այսրկովկասի հիմնականում մերձկասպյան շրջաններում՝ Ապշերոնյան թերակղզուց մինչև Լեռնային Շիրվան: Ըստ ամենայնի, մահմեդական թաթերը, որոնք յուրահատուկ ազգային ինքնության, լեզվի և մշակույթի կրողներ են, կազմում են նաև ժամանակակից ադրբեջանական թյուրքախոս էթնոսի հիմնական ենթաշերտը, ինչն արտացոլվում է թե՛ լեզվական, թե՛ կենցաղային և թե՛ մշակութային տարբեր իրողություններում: Այսրկովկասի մահմեդական թաթերի զգալի մասը 19-րդ դարի վերջերից սկսած, հիմնականում Ադրբեջանի վարած ձուլման քաղաքականության հետևանքով, ենթարկվել է էթնիկ ուծացման կամ թյուրքացման. մի գործընթաց, որն արհեստականորեն և հաստատուն շարունակվում է ցայսօր:

Երևանում կազմակերպված միջազգային գիտաժողովը, լինելով առաջինը թաթագիտության ասպարեզում, նպատակ էր հետապնդում լայն ակադեմիական շրջանակներում քննելու իրանական այս ժողովրդի պատմությանը, լեզվին, կրոնական հավատալիքներին, մշակույթին, ազգագրությանը, մարդաբանությանը վերաբերող հիմնահարցերը: Կարելի է միանշանակ փաստել, որ արդարացան գիտաժողովի կազմակերպիչների բոլոր սպասելիքները:

Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, դոցենտ Վարդան Ոսկանյանն իր զեկուցման մեջ անդրադարձավ Ապշերոնյան թերակղզուն հարող կղզիներից մի քանիսի անվանումների ստուգաբանությանը և հստակ փաստերով ապացուցեց, որ այդ անվանումները թաթական են և ոչ թե թյուրքական, ինչպես փորձում են ցույց տալ Ադրբեջանում:

Բավականին հետաքրքիր էին Դաղստանից ժամանած հյուրերի զեկուցումները: Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մախաչկալայի մասնաճյուղի անդամ Թիմիրլան (Թեյմուր) Այթբերովն անդրադարձավ դաղստանյան աղբյուրներում Սեֆյան տերության և Արևելյան Կովկասի դաղստանալեզու տարածքներում իրանական ռազմաքաղաքական ակցիաներին: Իսկ ահա Դաղստանը ներկայացնող մեկ այլ մասնակից՝ կրկին ՌԴ ԳԱԱ Մախաչկալայի մասնաճյուղի անդամ Ռուսլան Սեֆերբեկովը իր ելույթում խոսեց Դաղստանի տարածքում բնակվող թաթ ժողովրդի հավատալիքների մասին:

Բավականին հետաքրքիր էր նաև Ֆրանսիայից ժամանած հայտնի թաթագետ Ժիլ Օթիյեի ելույթը: Նա, հիմնվելով թաթերենի բայական համակարգի վրա, փորձում էր պատասխանել այն հարցին, թե արդյոք թաթական բարբառների համար կա՞ մի ընդհանում շղթա, թե՞ դրանք բոլորն էլ առանձին բարբառներ են: Մեկ այլ ֆրանսիացի մասնագետ՝ Հելեն Ժերարդինն էլ անդրադարձավ վրացերենի ու թաթերենի քերականական և տիպաբանական նմանություններին:

Իրանից ժամանած գիտնականների զեկուցումների հիմնական թեման Իրանում բնակվող թաթերն էին կամ նոր ազարիական ցեղերը: Նրանք իրենց ելույթներում փորձեցին անդրադառնալ ներկայումս կղզյակների տեսքով պահպանվող միջնադարյան ազարի լեզվի ժառանգորդ հանդիսացող նոր ազարիական լեզվին և այդ լեզվով խոսող ժողովրդի խնդիրներին:

Հետաքրքիր է, որ գիտաժողովի ընթացքում մասնակիցները հեռագրի միջոցով ադրբեջաներեն ողջույնի խոսք ստացան «Շիրվանի ազատագրման ճակատ» կազմակերպությունից (այն իր գործունեության մասին հայտարարել է երկու ամիս առաջ և նպատակ ունի այժմյան Ադրբեջանի Հանրապետության տարածքում Շիրվանի պարսկական անկախ հանրապետություն հռչակելու), որում ամբողջ թաթ ժողովրդի անունից ազատագրական ճակատի անդամները շնորհակալություն էին հայտնում նման բարձր մակարդակով գիտաժողով կազմակերպելու ու իրենց խնդիրների մասին բարձրաձայնելու համար:

Թաթագիտական միջազգային առաջին գիտաժողովը եկավ փաստելու, որ Երևանի պետական համալսարանում պրոֆեսոր Գ. Ասատրյանի գլխավորությամբ հաջողվել է ստեղծել իրանագիտական հզորագույն մի դպրոց, որի ուսումնասիրությունների շրջանակը տարածվում է Առաջավոր Ասիայից ընդհուպ մինչև Չինաստանի սահմանները և Հյուսիսային Կովկասից մինչև Պարսից ծոց: Իրանագիտության ամբիոնն աշխարհում այն եզակի կենտրոնն է, որտեղ ակադեմիական մակարդակով զբաղվում են տարածաշրջանի երկու հնագույն և տեղաբնիկ ժողովուրդների՝ թաթերի և թալիշների ուսումնասիրությամբ:

ԱՀԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
թաթագետ

Խորագիր՝ #20 (1038) 29.05.2014 – 4.06.2014, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


29/05/2014