Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈԳԵՊԵՍ ԱՄՈՒՐ, ԾԱՌԱՅԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏ



Հանրապետության զինկոմիսարիատներում աշխատանքային եռուն մթնոլորտ է: Արաբկիրի զինկոմիսարիատը տարածքով և բնակչության թվով ամենամեծն է մայրաքաղաքում և ներառում է նաև Քանաքեռ-Զեյթուն համայնքը: Զորակոչի ընթացքի շուրջ է ծավալվում մեր զրույցը Արաբկիրի զորակոչային բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արմեն Հակոբյանի հետ:

– Պարոն Հակոբյան, սովորաբար զինկոմիսարիատների հիմնական գործունեությունը կապում են բուն զորակոչի հետ, մինչդեռ դա աշխատանքի մի մասն է ընդամենը: Մեծ և լայնածավալ աշխատանքներ են կատարվում նաև նախապատրաստական շրջանում:

– Ճիշտ նկատեցիք, զորակոչի հաջողությունը մեծապես պայմանավորված է նախապատրաստական շրջանի արդյունավետ աշխատանքով: Մեր զինկոմիսարիատը` զինկոմ, գնդապետ Ալբերտ Քարամյանի գլխավորությամբ, ամենայն պատասխանատվությամբ է մոտենում զորակոչին: Անչափ կարևորում ենք, որ բանակը համալրվի առողջ երիտասարդներով: Ամենափոքր կասկածի դեպքում կրկին մասնագիտական բուժհետազոտության ենք ուղարկում: Ուսումնասիրում ենք նորակոչիկի ընտանեկան պայմանները, պարզում, թե ով ինչ կրթություն ունի, առանձնազրույցներ ենք անցկացնում տղաների հետ, պարզաբանում, թե ինչպիսի արտոնություններ ունեն, ինչ պարտականություններ. մի խոսքով՝ ամեն ինչ հստակ և մանրամասն ներկայացվում է: Այնպես որ` մեր երիտասարդները լիովին իրազեկված են մեկնում ծառայության:

Բացի վերոնշյալից, մեր տարածքի կրթական հաստատությունների հետ համատեղ ռազմահայրենասիրական բնույթի տարբեր միջոցառումներ ենք իրականացնում: Բոլոր դպրոցները կցված են զորամասերին, դպրոցականները պարտադիր այցելում են զորամասեր, ծանոթանում, թե ինչպես է ծառայում զինվորը, ինչպիսի պայմաններում: Նման այցերի շնորհիվ դպրոցականները իրենց աչքով տեսնում, ներսից ճանաչում են բանակը եւ թոթափում են բոլոր ներքին տագնապները, անհանգստություններն ու անորոշությունը: Աշակերտներին ծանոթացնում ենք նաև զենքին: Միայն վերջերս ավագ դասարանի շուրջ 500 աշակերտի կրակային պարապմունքի համար տարել էինք Արմավիրի հրաձգարան:

-Պարոն Հակոբյան, ինչպե՞ս կգնահատեք նորակոչիկների ֆիզիկական պատրաստվածությունը:

-Անզեն աչքով էլ նկատելի է` հիմնականում ձիգ չեն, կեցվածքից, մարմնի կառուցվածքից միանգամից պարզ երևում է: Քչերն են ֆիզիկապես կոփված:

– Ու՞մ մեղադրել:

-Բոլորս էլ մեղավորության մեր բաժինն ունենք: Ծնողը պետք է անպայման զավակին որևէ սպորտաձևով պարապելու ուղարկի, դպրոցում «Ֆիզկուլտուրա» առարկան պետք է նպատակային դասավանդվի: Մարզադպրոցներում պարապմունքները պետք է մատչելի լինեն բոլորին: Ցանկացած եվրոպական երկրում ամեն շենքի հարակից տարածքում մարզադաշտ կա, վազքուղի, հազարումի մարզական գույքով ապահովված խաղահրապարակներ, իսկ մեզ մոտ վիճակը, մեղմ ասած, հեռու է բավարար լինելուց:

– Բայց կարծես թե վերջին շրջանում մեզ մոտ շատացել են մարզասարքերով համալրված բակերը: Ինչևէ, իսկ ի՞նչ կասեք կրթվածության, մտավոր զարգացածության մասին:

-Այս պարագայում բոլորովին ուրիշ պատկեր է, կարող ենք հպարտանալ` մեր Արաբկիրը առանձնանում է ուսանողների թվով` ասպիրանտուրաներում, մագիստրատուրաներում սովորողների թիվը բավականին մեծ է: Կիրթ ու զարգացած են մեր նորակոչիկները:

– Ասում են՝ ամեն տարածք իրեն բնորոշ առանձնահատկություններն ունի: Ի՞նչ բնորոշ խնդիրներ ունեն Արաբկիրի նորակոչիկները:

-Տեսողության խնդիրներ ունեցողներն են շատ: Դա էլ վերը նշված առավելության տխուր հետևանքն է` ուսանողների անընդհատ համակարգչով աշխատելը բնականաբար իր բացասական ազդեցությունն է ունենում տեսողության վրա:

– Պարոն փոխգնդապետ, Ձեր կարծիքով՝ նորակոչիկները հոգեբանորեն պատրա՞ստ են ծառայության:

-Որպես կանոն, դժվար է միայնակ մայրերի մինուճար զավակների համար: Բայց, դե, խոսում ենք, բացատրում, ոգևորում ու քաջալերում: Ընդհանուր առմամբ` մեր տղերքը հոգեպես ամուր են, և ակնհայտ է հայրենիքին ծառայելու նրանց պատրաստակամությունը:

– Վերջերս զրուցեցի զորակոչվող կարատեի չեմպիոն մի տղայի հետ: Իսկապես, զինվորական գործին պատրաստ մարդու գիտակցումով էր բանակ մեկնում: Սակայն ինձ ուրիշ մի հարց է հետաքրքրում. տարբեր ասպարեզներում հաջողության հասած երիտասարդների տվյալները արդյոք գրանցվու՞մ են, նշվու՞մ ինչ-որ տեղ:

-Անշուշտ, նայե՛ք՝ սեղանիս դրված են նորակոչիկների անհատական գրքույկները, որոնցում մանրակրկիտ գրանցված է ամեն մի մանրուք, կան անգամ զորակոչվողի գովասանագրերի, պարգևների, պատվոգրերի պատճենները, դպրոցից տրված բնութագրերը: Ամեն ինչ մանրամասնորեն նշվում է, գրի առնվում, որպեսզի կենտրոնական զորահավաքակայանում հնարավորինս դյուրին լինի նրանց համապատասխան տեղաբաշխումը:

-Պրն Հակոբյան, նորակոչիկների ծնողները որքանո՞վ են տեղյակ, թե ի՞նչ արտոնություններ ունեն:

-Զինվորների ծնողներն ազատ, առանց ավելորդ խոչընդոտների այցելում են մեզ` իրենց հուզող, անհանգստացնող հարցերի պատասխաններն ստանալու: Զինկոմիսարիատն անում է հնարավոր ամեն բան՝ բանակ-հասարակություն կապն ավելի ամրացնելու, բանակի նկատմամբ մեր քաղաքացիների վստահությունը է՛լ ավելի ամրապնդելու համար:

-Հունիսի 11-ին նորակոչիկ տղաների առաջին խումբը կգնա բանակ:

-Զորակոչի մեկնարկը տոնական հանդիսությամբ է տրվելու: Անխախտելի կարգ է` ուրախ ճանապարհում ենք, որ ուրախ էլ դիմավորենք: Հանդիսավոր այս արարողությանը մասնակցում են նաև Արցախյան պատերազմի վետերանները, որոնք իրենց ջերմ եւ սրտառուչ խոսքով էլ ավելի են ոգևորում-ոգեշնչում մեր տղաներին: Այնուհետեւ ուղևորվում ենք Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցի, որտեղ Խորեն քահանան օրհնության խոսք է ասում նորակոչիկներին:

Մեր բոլոր զինվորներին խաղաղ եւ անփորձանք ծառայություն ենք մաղթում:

Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #20 (1038) 29.05.2014 – 4.06.2014, Ազգային բանակ


29/05/2014