Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ԶԱՆԳԵՐԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՍՐԲԱԶԱՆ ՔԱՋԵՐԻ ՊԱՏԳԱՄԸ



1.

1918 թվականը մարդկության պատմության մեջ հայ ժողովրդի համար գուցե լիներ մահվան թվական, եթե Աստծո կամեցողությամբ սրբազան քաջերին տրված զորությամբ չկատարվեր, ինչպես հիմա ասում են` «Սարդարապատի հրաշքը»:

Մարդկության պատմության մեջ իր նախադեպը չունեցող 1915 թվականի ազգասպանությունից հետո` 1918 թվականի հունվարի վերջին, օգտվելով Կովկասյան ռազմաճակատում ստեղծված իրադրությունից (ռուսական զորքերը հեռացել էին ճակատից), խախտելով Երզնկայում կնքված զինադադարի պայմանագիրը, թուրքական զորքն սկսեց արշավել դեպի Անդրկովկաս` նպատակ ունենալով արեւելահայությանը ե՛ւս բնաջնջելու եւ պայմաններ ստեղծելու Մեծ Թուրանի թյուրքական պետության կառուցման եւ պանթուրքական գաղափարախոսության իրագործման համար:

1918 թվականի մայիսի 21-ին թուրքական զորքը գրավում է Սարդարապատ կայարանն ու գյուղը` անմիջական սպառնալիք ստեղծելով Երեւանի համար:

Հայկական զորամասերը, որոնք ամբողջ Արեւմտյան Հայաստանը եւ Կարսի մարզը, գրեթե առանց դիմադրության, թողել էին հակառակորդին, այլեւս նահանջելու տեղ չունեին:Նրանք կա՛մ պետք է օրհասական մարտի բռնվեին` հաղթելու վճռականությամբ, կա՛մ հանձնեին թշնամուն իրենց պատմական հայրենիքի վերջին հողակտորը:

Նույն օրը հայերն իրենց գոյության, արժանապատվության եւ ազատության համար մարտի ելան` անցնելով հակահարձակման եւ հերոսական մարտերում ապահովելով պատմական հաղթանակը:

Եվ մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը` որպես 1918 թվականի Մայիսյան գոյամարտերի «սրբազան վարդ».

«Արարատ լեռան հայացքի տակ ծեր

Բիրտ յաթաղանն էր վայրի շառաչում…

Բայց բարբարոսը, ո՛չ, չէր հասկացել,

Որ վերքերից են վարդերը աճում»։

2.

… Ասում են` 1918 թվականի Մայիսյան գոյամարտի օրերին, Գեւորգ Ե Ամենայն Հայոց կաթողիկոսի հրամանով, զարկել են Սուրբ էջմիածնի եւ շրջակայքի եկեղեցիների զանգերը, եւ զանգերի մեջ լսվում էին հայկական շարականներն ու Աստվածընկալ աղոթքը Հայաստանի փրկության համար:

Ղողանջե՞լ են հայկական եկեղեցիների զանգերը, թե ոչ, կարծես այդքան էլ կարեւոր չէ, գուցե կարեւոր փաստ է պատմագրական կամ պատմագիտական տեսանկյունից: Մեզ համար, սակայն, այն կարեւորվում է իր ոգեղենությամբ, որով զանգերը ղողանջում են նաեւ Այսօր, ինչպես ղողանջել են Անցյալում, եւ դեռ ղողանջելու են Ապագայում:

Այդ զանգերի երկնառաք ղողանջները արձագանքվում են ամեն հայի հոգում, ով գեթ մեկ անգամ լինում է Սարդարապատի հուշահամալիրում, կանգ առնում մի պահ, լսում ոսկեձեռիկ ճարտարապետի` Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցված զանգաշտարակի զանգերի ղողանջները, շունչ առնում սրբազան քաջերի շնչառությամբ եւ նայելով Արարատին` մտքի ու հոգու աչքով տեսնում է արծվակերտ ու արծվենի հայացքով սրբազան քաջերին եւ զանգերի ղողանջների մեջ լսում նրանց պատգամը.

«Հայրենիքը… հանձնել չի՛ կարելի: Պիտի հաղթենք մենք: Այդ ինձ ասաց Արարատը: Նայեցե՛ք, ինչպես հպարտ նայում է մեզ Հայաստանի արքան: Նա պատրաստում է մեր հաղթության տոնակատարությունը: Եվ Աստված նրա հետ է: Լսեցեք այս զանգակները…»:

3.

«Զանգերն են զնգում Սարդարապատի… Պղնձե զանգը նման է վարդի…»:

Ի վերջո, ո՞րն է 1918 թվականի Մայիսյան գոյամարտերի խորհուրդը…

Ունենք այս հարցի քիչ թե շատ առարկայական պատասխանը եւ իննսունվեց տարի առաջ տեղի ունեցած պատմական դեպքերի ամբողջական եւ համակողմանիորեն մշակված ու շարադրված պատմությունը:

Կունենա՞նք արդյոք այդ պատմությունը իրադարձությունների 100-ամյակին:

Լիովին սերտե՞լ ենք այդ պատմության դասերը եւ ըմբռնե՞լ Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակությունը` Հայաստանի երրորդ Հանրապետության 25-ամյակի պատմության նախաշեմին…

Վերջին հարյուր տարվա ընթացքում փոքրիշատե ճանաչել ենք մեզ, սակայն մշակել ենք Հայոց ազգային գաղափարաբանությունը եւ այդ գաղափարաբանության հիման վրա կառուցե՞լ ենք ազգաստեղծման եւ ազգապահպանման մեր ազգային ծրագրերը, ինչպես դա արել եւ անում են մեր մերձավոր եւ հեռավոր հարեւանները` աշխարհին ներկայանալու համար…

Ազգային պատմություն ունենալուց առաջ եւ հետո, այո՛, մենք պարտավոր ենք ճանաչել ինքներս մեզ, այո՛, «մենք պարտավոր ենք ընթանալ համաշխարհային քաղաքակրթությանը համաքայլ», այո՛, «մենք իրավունք չունենք ուշանալու պատմության գնացքից կամ օդանավից», մենք պարտավոր ենք պահպանել 1918 թվականի Մայիսյան գոյամարտերում շահած մեր հաղթանակը եւ Սարդարապատից` մեր հաղթանակի բնօրրանից կռել եւ կոփել Արցախի գոյամարտում եւ Հայոց պետականության ճանապարհին ձեռք բերված եւ ձեռք բերվող յուրաքանչյուր հաղթանակ, մենք պարտավոր ենք պետականության մեծ ու խոր զգացում ունենալ, սիրել եւ փայփայել մեր արյամբ սրբագործված Հայաստանի Հանրապետությունը, մենք պարտավոր ենք հավատարիմ մնալ Հայոց սրբազան քաջերի հնավանդ պատգամին, նրանց բարձրաձայնած եւ Հայաստանի Հանրապետության նախագահի վավերացրած նորօրյա Ուխտին. «Սա Հայաստանն է, եւ վե՛րջ»

«Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք,

Մենք չհանգանք, դեռ կգանք`

Երբ տան զանգը, ահազանգը`

Որ մեր հոգու պարտքը տանք»,-

Մենք պարտավո՛ր ենք…

ԿԱՐԵՆ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Խորագիր՝ #20 (1038) 29.05.2014 – 4.06.2014, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


29/05/2014