ԵՐԿՐԱՇԱՐԺ ԵՎ ՀԵՂԵՂ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ. ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ
Ադրբեջանի Սալյանի շրջանից մինչև Հաջիքաբուլ ընկած տարածքում երկրակեղևը ճեղքվել է: Որոշ տեղերում ճեղքի լայնությունը հասնում է 2 մետրի: Ադրբեջանի ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի սեյսմոլոգիայի և երկրադինամիկայի բաժնի վարիչ Ֆահրեդդին Գադիրովի խոսքով, այդ մասին ահազանգել են արտակարգ իրավիճակների նախարարությունից: Նշված տարածքի արևելյան մասը 5-10 սանտիմետրով իջել է ծովի կողմը: Որոշ տեղերում նկատելի են ցեխային հրաբուխներ: Բացի դրանից, Հաջիքաբուլում տեղի են ունեցել 3.5, 3.6 և 3.2 միավոր մագնիտուդով երկրաշարժեր: Ֆ.Գադիրովի խոսքով, երևույթի պատճառը Արաբական սալի ազդեցությամբ 15 կմ խորության վրա տեղի ունեցած հորիզոնական տեղաշարժն է. Ադրբեջանի տարածքում երկրակեղևը շարժվում է տարբեր ուղղություններով և տարբեր արագություններով, ինչը շատ վտանգավոր է: «Ապշերոնում հնուց ի վեր գոյություն ունեն երկրաշարժի և ճեղքվածքների օջախներ, ինչը անհանգստանալու տեղիք է տալիս»,- ասում է Ֆ.Գադիրովը: Ըստ նրա` նշված տարածքների բնակելի տներում ճաքեր են առաջացել:
Մեկնաբանելով այս տեղեկությունը` երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արիս Ավետիսյանն ասել է. «Եթե ադրբեջանցի գործընկերների դիտարկումները համապատասխանում են իրականությանը, ապա արդեն աշնանը, իսկ գուցեև ավելի շուտ, Ադրբեջանում և, մասնավորապես, Բաքվում, ակնկալվում է աղետալի երկրաշարժ»: Հայ գիտնականի կարծիքով, սալի «սահքը» դեպի Ապշերոն աստիճանաբար կարագանա և կրիտիկական մակարդակի կհասնի արդեն 2-3 ամսից: «Դրան նպաստում է նաև Ապշերոնի ընդերքի դատարկվելը: Եթե արդյունահանված նավթի փոխարեն նավթահորերի մեջ սովորաբար ջուր է լցվում, ապա գազահորերի դեպքում դա չի արվում, և դրանցում ճնշման թուլացումը ոչնչով չի փոխհատուցվում,- ասում է Ա.Ավետիսյանը:- Իհարկե, սեյսմիկ առումով հանգիստ գոտիներում դա ոչ մի նշանակություն չունի, բայց այնտեղ, որտեղ երկրակեղևը շարժվում է, դրա հենարանի ցանկացած թուլացում կարող է հանգեցնել աղետի: Եթե Գադիրովի տվյալները ճիշտ են, ապա նշանակում է, որ սալը սկսվել է շարժվել, և երկրաշարժն անխուսափելի է: Գադիրովի նշած` մինչև 10 սանտիմետրանոց ճաքերը ահեղ նախազգուշացումներ են»: Նման զգուշացումներ են նաև ցեխի հրաբուխները: Գիտնականի խոսքով, դրանց «արմատները» սկիզբ են առնում մինչև 20կմ խորությունից, և հրաբուխները վկայում են, որ «փլուզվում է ամրոցատիպ մի բան, որը սալերը պահում էր անշարժ վիճակում»:
Գիտնականի խոսքով, խորհրդային ժամանակաշրջանում ամբողջ Անդրկովկասը սեյսմիկ տեսանկյունից ենթարկվել է դասակարգման, և հենց Շեմախից մինչև Բաքու ընկած հատվածը համարվել է տարածաշրջանի ամենասեյսմավտանգ շրջանը: Դա 10 միավորանոց սեյսմագոտի է, ինչպես և Ադրբեջանի հյուսիսը: Ա.Ավետիսյանը հիշեցրել է, որ Շեմախում երկրաշարժներ են եղել 1607, 1669, 1859, 1902 թթ.: «Դեռ 2 տարի առաջ ակադեմիկոս Ս.Նազարեթյանը նշում էր Ապշերոնի թերակղզում տեկտոնական տեղաշարժերի մեծ հավանականությունը,- ասում է հայ գիտնականը:- Նա համարում է, որ 1859թ. երկրաշարժից հետո նահանգային կենտրոնը Շեմախից Բաքու տեղափոխելը կոպիտ սխալ էր, որի պատճառը սեյսմոլոգիայի չիմացությունն էր: Այսօր` մեկուկես դար անց, դա կարող է սարսափելի ողբերգության հանգեցնել»:
Ադրբեջանի բնապահպանական կանխատեսման ազգային կենտրոնի նախագահ Թելման Զեյնալովի կարծիքով, երկրակեղև ճեղքվածքը ոչ թե գալիք երկրաշարժի վկայություն է, այլ`հեղեղման: «Արդեն ավելի քան 150 տարի է, ինչ Ապշերոնի թերակղզում նավթ է արդյունահանվում: Դատարկված նավթահորերը պետք էր լցնել, ինչը չի արվել: Դրա հետևանքով այսօր, կապված վիթխարի շենքերի կառուցման հետ, որոնք մեծացնում են ճնշումը երկրի վրա, Ապշերոնի թերակղզին հեռանում է Ադրբեջանի մնացած մասից»:
Զեյնալովի խոսքով, ցայսօր ոչ ոք չի ուսումնասիրել այդ խնդիրը: Ըստ նրա` երկրակեղևի ճեղքվածքը կա՛մ սողանքի հետևանք է, կա՛մ էլ վկայությունն այն բանի, որ հողն աստիճանաբար իջնում է ցած և լցնում երկրակեղևում առաջացած դատարկությունը: Համանման իրավիճակ ժամանակին ստեղծվել է նաև Արգենտինայում և Բրազիլիայում, որտեղ նավթի արդյունահանման պատճառով հողն իջել էր 3 մետրով: Եթե նույնը կատարվի Ադրբեջանում, ապա ամբողջ Բաքուն կհայտնվի ջրի տակ: Դա կանխելու համար, փորձագետի կարծիքով, Կասպից ծովի ափին պետք է պատնեշ կառուցել: Հակառակ դեպքում ջուրը կարող է ոչնչացնել ամբողջ Ապշերոնյան թերակղզին:
Ադրբեջանի ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի արշավախումբը ներկայում ուսումնասիրում է երկրակեղևի ճեղքվածքը: Արշավախմբի գլխավոր ճարտարագետ Շաիգ Նիֆտիևի խոսքով, իրենց յուրաքանչյուր երկրորդ դաշտային ելքին մասնակցում են արտակարգ իրավիճակների նախարարության երկրաբանության բաժնի աշխատակիցները: Դա վկայում է, որ երկրակեղճի ճեղքվածքն անհանգստացնում է Ադրբեջանի իշխանությանը:
Անհանգստացած է նաև Ադրբեջանի և հատկապես Բաքվի բնակչությունը, որը չափազանց զգայուն է դարձել եղանակի փոփոխության նկատմամբ: Անցյալ շաբաթ, օրինակ, Բաքվում տեղացել է ցեխախառն անձրև, իսկ փոշու պարունակությունը մթնոլորտում եղել է նորմայից 1.5-2.5 անգամ ավելի: Ուշագրավ է, որ այս լուրը «day.az» ինտերնետային կայքում կարդացել է 15340 մարդ, այն դեպքում, որ ամենաընթերցվող նյութերը դիտվում են միջինում 2000 անգամ: Սա վկայում է հասարակության աննախադեպ հետաքրքրությունը այս թեմայի նկատմամբ:
Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական