ԻՍՐԱՅԵԼԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԻՐԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԻՑ
Հանրահայտ Վիքիլիքս կայքի հրապարակած նյութերի համաձայն՝ դեռ 5 տարի առաջ Իսրայելը հրաժարվել է Իրանի ատոմային օբյեկտները ոչնչացնելու նպատակով ռազմական օպերացիա անցկացնելու գաղափարից: Լրատվամիջոցներին, մասնավորապես «Հաարեց» թերթին արդեն փոխանցված դիվանագիտական գրագրության մի մասը ԱՄՆ կոնգրեսական Գարի Ակերմանի և Իսրայելի ատոմային էներգետիկայի հանձնաժողովի պետի տեղակալ Արիել Լեվիտի հանդիպման արդյունքներն է արձանագրում: Հենց այդ հանդիպման ժամանակ էլ Լեվիտը հայտնել է, որ Իսրայելի ղեկավարությունը Իրանի դեմ ռազմական օպերացիան առավելապես անհնարին է համարում: Նա նշել է, որ Իրանը հավանաբար հաշվի է առել 1981թ. իսրայելական օդուժի կողմից իրաքյան «Օսիրակա» ռեակտորի հրթիռակոծման փորձը և վստահաբար ապակենտրոնացրել է իր միջուկային օբյեկտները, ընդ որում մի քանիսի մասին Իսրայելը կարող է և ընդհանրապես չիմանալ: Նաև հավելել է, որ իրենք ճշգրիտ ինֆորմացիա չունեն Իրանի գաղտնի միջուկային ծրագրի մասին: Նշենք, որ հատկապես վերջին տարիներին Իսրայելում պարբերաբար շրջանառվում են Իրանի ատոմային օբյեկտների դեմ ռազմական օպերացիա անցկացնելու ծրագրեր:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական