Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԴՈ՛, ՀՈՒՊ ՏՈՒՐ…



Շուտով` մեկ շաբաթից, կսկսվի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, բայց ես ամենայն հավանականությամբ չեմ կարողանա հետևել բոլոր խաղերին, որովհետև ծառայության մեջ եմ, հետո` ժամանակ էլ չեմ գտնի: Ֆուտբոլի մոլի սիրահար եմ: Երազել եմ ֆուտբոլիստ դառնալ և մինչև բանակ զորակոչվելս պարապել եմ: Հետևում եմ ֆուտբոլային հայտնի երկրների առաջնություններին, բայց ամենից շատ մեր հավաքականի խաղերին եմ սպասում, մեկ էլ` գերմանական «Բորուսիայի», որտեղ մեր Համլետ Մխիթարյանն է խաղում:

Կուզենայի իմանալ, թե Բրազիլիայում տեղի ունեցող խաղերում որևէ երկրի հավաքականի կազմում հայ ֆուտբոլիստներ մասնակցո՞ւմ են, թե ոչ: Ուղղակի շատ հետաքրքիր է…

Պետրոս Նիկողոսյան, շարքային

Սիրելի՛ Պետրոս, ֆուտբոլի աշխարհի կայանալիք առաջնությունում, թերթի ունեցած տվյալներով, բացի Իրանի Իսլամական Հանրապետության ազգային հավաքականի անդամ Անդրանիկ Թեյմուրյանից, ուրիշ հայ ֆուտբոլիստ հայտագրված չէ:

Ձեր հարցին կպատասխանի մեր թերթի աշխատակից փոխգնդապետ Գևորգ Ասատրյանը, որը Ձեզ նման մանկուց երազել է ֆուտբոլիստ դառնալ, ֆուտբոլի սիրահար է, ավելին` ժամանակին` խորհրդային բանակում ծառայելու տարիներին, խաղացել է ԽՍՀՄ ԶՈՒ Թուրքեստանյան զինվորական օկրուգի ֆուտբոլի հավաքականում:

ԻՐԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ

Ֆուտբոլն իրանցիների ամենասիրված մարզաձևերից է: Միայն այն փաստը, որ երկրի ազգային հավաքականի և ներքին առաջնության բոլոր խաղերը կայանում են լեփ-լեցուն մարզադաշտերում, խոսում է մարզաձևի նաև մեծ տարածվածության մասին:

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը չորրորդ անգամ է մասնակցում աշխարհի առաջնության եզրափակիչ խաղերին: Իրանն այս անգամ եզրափակիչ փուլ է դուրս եկել Ասիայի ընտրական փուլի խմբերում առաջին տեղը գրավելով` բաց թողնելով ընդամենը երկու գնդակ:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Իրանի հավաքականն այսօր զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը, իսկ Ասիայում` առաջինը:

Իրանի ազգային հավաքականի անդամ Անդրանիկ Թեյմուրյանը ծնվել է Թեհրանում, 1983 թվականին: Մարզական առաջին հաջողությունները գրանցել է Թեհրանի «Արարատ» ֆուտբոլային ակումբում, որը ժամանակին Իրանի բարձրագույն խմբի երեք ամենից հռչակված ու սիրված թիմերից մեկն էր: Բացառապես հայերից բաղկացած թիմը Իրանում հաճախ նմանեցրել են իսպանական «Բիլբաո» ակումբի հետ, որի կորիզը, ինչպես գիտենք, բասկերն են կազմում, և «Արարատին» կատակով ասել են իրանական «Բիլբաո»: Թեհրանի «Արարատին» նաև անվանում են «Նարնջագույն հագնողները», քանի որ տղաները հիմնականում հանդես էին գալիս հայոց եռագույնի հանրաճանաչ գույնով` նարնջագույն համազգեստով: Ազգային այս թիմում են դաստիարակվել այնպիսի հայտնի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Կարո Հախվերդյանը, Վազգեն Սաֆարյանը, Մարգար Աղաջանյանը (Իրանի ներկայիս հավաքականի մարզչական թիմում է ընդգրկված), Անդրանիկ Իսկանդարյանը (խաղացել է «Կոսմոսում», մասնակցել Պելեի հրաժեշտի խաղին` աշխարհի հավաքականի կազմում), Էդմոնդ Բազիկը, Ֆրեդ Մելիքյանը, եղբայրներ Սերժ (խաղացել է գերմանական ակումբներում) և Անդրանիկ Թեյմուրյանները, ուրիշներ, որոնք տարբեր տարիների պաշտպանել են երկրի ազգային հավաքականի պատիվը:

Բրազիլիայի առաջնությունը 31-ամյա հայ ֆուտբոլիստի երկրորդ մասնակցությունն է աշխարհի առաջնության եզրափակիչ խաղերին: Թեհրանի «Արարատից» բացի, Անդրանիկ Թեյմուրյանը խաղացել է Իրանի առաջնության լավագույն թիմերից մեկում` «Էսթեղլալում», ինչպես նաև անգլիական «Բոլթոն», «Ֆուլհեմ» ֆուտբոլային ակումբներում: Հենակետային կիսապաշտպան է: Իրեն լավ է դրսևորում նաև եզրային կիսապաշտպանի դիրքում: Ֆիզիկապես ուժեղ է, ամուր: Հասակը 180 սմ է, կշռում է 73 կիլոգրամ: Աչքի է ընկնում շեշտակի և հուժկու հարվածներով: Կոշտ խաղացողի համարում ունի: Անզիջում է: Հաճախ է մարզական լրագրողների կողմից քննադատվում կոշտ ու կոպիտ խաղի համար, ինչին նա պատասխանում է. «Ես կանաչ դաշտում լուրջ եմ, ավելի քան լուրջ: Ֆուտբոլը խաղ է, բայց նաև պայքար: Եվ ես պայքարում եմ»: Իսկ Իրանի հեռուստատեսության առաջին ծրագրի «90 րոպե» մարզական ծրագրի մեկնաբանի հարցին` «Բոլո՞ր հայերն են այդքան լուրջ», պատասխանել է. «Այո՛, հայերը լուրջ ազգ են և սիրում են պայքարել»:

Անդրանիկ Թեյմուրյանը Իրանի ազգային հավաքականի կազմում խփել է ութ գնդակ:

Ընդգրկվել է Ասիա աշխարհամասի 10 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում:

Հայազգի ֆուտբոլիստը, որ Իրանում առավել հայտնի է «Անդո» մականունով, հավաքականի առանցքային խաղացողներից է: Իրանի ներկայիս ծանր տնտեսական ճգնաժամը, որն արդյունք է միջազգային տնտեսական պատժամիջոցների, բացասաբար է անդրադարձել նաև երկրի մարզական կյանքի վրա: Շատ մարզիկներ, այդ թվում նաև ֆուտբոլիստներ, տեղափոխվում են այլ երկրներ` կորցնելով իրենց տեղը ազգային հավաքականում: «Եվ ի պատիվ Անդրանիկ Թեյմուրյանի,- գրում է «Իրան սպորտ պրեսը»,- պետք է ասել, որ նա միակ ֆուտբոլիստն է, որ թեև հանդես է գալիս Քաթարում (ի դեպ, բավականին բարձր աշխատավարձով), սակայն ոչ միայն հրավիրվել է հավաքական, այլև նրան է վստահվել ազգային հավաքականի ավագի պաշտոնը»:

Փաստորեն, Իրանի, մասնավորապես` Իրանի Իսլամական Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ հայ քրիստոնյան գլխավորում է երկրի ազգային հավաքականը:

Եկեք հաջողություն ցանկանանք մեր հարևան ու բարեկամ Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականին, հաջողություն ցանկանանք նաև մեր հայրենակցին, թիմի ավագին` Անդրանիկ Թեյմուրյանին:

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ

Ամիր Շոջա-Թահերի. «Ես հայ չեմ, պարսիկ եմ, բայց միշտ Թեհրանի «Արարատի» երկրպագուն եմ եղել: Իմ սիրած թիմը «Պերսեպոլիսն» է եղել, բայց միշտ հիացել եմ հայերի գեղեցիկ խաղով»:

ՖՈՒՏԲՈԼ… ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ… ՀԱՅՐԵՆԻՔ

Ֆուտբոլասերները պետք է լավ հիշեն աշխարհի 2006 թվականի առաջնության Իրանի մասնակցությամբ խաղերից մեկի հետևյալ դրվագը` Իրանի Իսլամական Հանրապետության հիմնի հնչյուններից հետո իրանցի տասնմեկ ֆուտբոլիստներից տասը ծիսական կեցվածքով փռվեցին գետնին` աղոթելու, Բարձրյալից բարեհաճություն խնդրելու, և միայն մեկը ուղիղ ու ձիգ կանգնած մնաց, անշտապ խաչակնքեց՝ աջ ձեռքի իրար միացրած երեք մատները` բթամատը, միջնամատն ու ցուցամատը տանելով ճակատին, կրծքին, ձախ ուսին, աջ ուսին ու ապա իր ընկերների հետ թեթև վազքով կանաչ խաղադաշտ մտավ…

Այդ ֆուտբոլիստը Անդրանիկ Թեյմուրյանն էր:

Ո՞վ է Անդրանիկ Թեյմուրյանը, չէ՛, ավելի ճիշտ` որտեղի՞ց է, չէ՛, չէ՛, ուզում եմ ասել` որտե՞ղ է ծնվել, ավելի շուտ` ովքե՞ր են նրա ծնողները, հայրը… Ես նրա հորը պետք է ճանաչեմ, անպայման կճանաչեմ… Նա հաստատ այն տղաներից մեկը պետք է լինի, որ տասնամյակներ առաջ Թեհրանի ծայրից ծայր հայերով լցված «Ամջադիեհ» մարզադաշտում Թեհրանի «Արարատի» և Երևանի «Արարատի» ընկերական խաղի ժամանակ կոկորդը պատռելով գոռում էր. «Հաց ու պանիր, կանաչի՜, Երևանից ամաչի՜», «Հաց ու պանիր ու ռեհա՜ն, դարպասդ ծակ է, Թեհրա՜ն», «Հաց ու պանիր ու թարխուն, Թեհրան, փախի՜ր, գնա տո՜ւն»:

Սովորաբար մարզադաշտը երկու հավասար մասերի էր բաժանվում Թեհրանի «Արարատի» խաղերի ժամանակ` մի կողմում հայերն էին հավաքվում, մյուս կողմում՝ Իրանի բարձրագույն խմբի մյուս հայտնի թիմերի, ասենք` «Փասի». «Թաջի», «Դարայիի» կամ «Պերսեպոլիսի» երկրպագուները: Եվ մեր այդ չափածո, հանգավոր վանկարկումները, որոնք թեթևակի կամ երբեմն էլ կծու ծաղր էին պարունակում, ուղղված էին հենց այդ թիմերից որևէ մեկին… Նրանք էլ մեզ էին պատասխանում` նույն եռանդով, նույն ոգևորությամբ… Սակայն ուրիշ էր Երևանի «Արարատի» հետ հանդիպումը… Առաջին անգամ երկու հայկական թիմեր, երկու «Արարատ» իրար էին հանդիպում… Այլևս հակառակորդներ չկային… Բոլորս հայ էինք, մի բանակում էինք, բոլորս մի թիմում էինք, և այդ թիմը… Երևանի «Արարատն» էր: Ամբողջ մարզադաշտը «Ե-րե-վան» էր վանկարկում, «Ա-րա-րատ» էր վանկարկում, բայց առաջին անգամ մեր կյանքում «Արարատը» մեր թաղի տղերքի, մեր եղբայրների, մեր ընկերների, մեր հարևանների, մեր ամենօրյա կուռքերի «Արարատը» չէր, այլ՝ Երևանի… Առաջին անգամ Թեհրանի «Արարատի» տղաները մենակ էին մնացել դաշտում, մեն-մենակ, տասնմեկ հոգով… Իսկ մենք հայությունից խենթացած շարունակում էինք բղավել, կոկորդ պատռել. «Հաց ու պանիր ու ռեհան, դարպասդ ծակ է, Թեհրա՜ն…»:

…Խաղի հենց հաջորդ օրը Երևանի «Արարատի» խաղացողներից երկուսը, եթե չեմ սխալվում, Աբրահամյան և Վյուն ազգանուններով, մեր դպրոց եկան` համայնքի հետ ծանոթանալու, աշակերտության հետ հանդիպելու: Մեր «Նաիրի» ազգային դպրոցի հսկայական բակի երկարությամբ` դարպասից մինչև գլխավոր շենքի աստիճանահարթակը, կարմիր ուղեգորգ էր փռված: Այդ ուղեգորգը փռվում էր պետական բարձր պաշտոնյաների, հազվագյուտ կարևոր անձանց այցելությունների ժամանակ միայն: Ես առաջին անգամ էի տեսնում, իսկ մեծերը պատմում էին, որ այդ ուղեգորգը մեկ էլ փռվել է տարիներ առաջ` Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանի՝ մեր դպրոց այցի օրը: Ուղեգորգի երկու կողմերում մեկընդմեջ տղա-աղջիկ կանգնած էինք Թեհրանի կիզիչ արևի տակ` հայաստանցի ֆուտբոլիստներին դիմավորելու և հրահանգի համաձայն` մեր ձեռքի ծաղիկները նրանց պատվին թափահարելու համար… Ահա վերջապես բացվում են դարպասները, հայ մարզիկները մեր երիտասարդ ուսուցիչներից մի քանիսի ուղեկցությամբ ուղեգորգով քայլում են դեպի դպրոցի հարթակը, որտեղ նրանց էին սպասում մեր դպրոցի ծերունազարդ տնօրենը` պարոն Պուլուզյանը` ազգային ու հասարակական հայտնի գործիչ, մեր հեղինակավոր, վաստակաշատ տարեց ուսուցիչներն ու ուսուցչուհիները… Ուղեգորգի երկու կողմերում շարված աշակերտներս, թեթևակի առաջ կքած, հայացքով հետևում էինք մեր հայրենիքի դեսպաններին… Հայաստանցի հյուրերին առաջինն իր գիրկն առավ մեր տեսուչը, հետո մյուսները… Ուրախությունից ու երջանկությունից բոլորը պապանձվել էին… Լռություն էր… Հանկարծ ուրախությունի՞ց, թե՞ կարոտից հեկեկաց մեր ծերունազարդ տեսուչը` տնօրենը, նրա հետևից ուսուցչուհիները… Տեսնելով հեկեկացող տեսուչին ու ուսուցչուհիներին՝ մենք էլ` ուղեգորգի երկու կողմերում հավասար հեռավորությամբ շարված աշակերտներս` տղա, աղջիկ, սկսեցինք հեկեկալ, և մեր ձեռքերի ծաղիկներն սկսեցին ցնցվել մեր անմեղ ու մաքուր հեկեկոցի ռիթմով…

Մտածում եմ` շատ հնարավոր է, որ Անդրանիկ Թեյմուրյանի հորը տեսել եմ հենց «Նաիրի» ազգային դպրոցում, և բոլորովին էլ չի բացառվում, որ կարմիր ուղեգորգի երկու կողմերում կանգնած և հուզմունքից հեկեկացող տղաներից մեկն էլ հենց նա է եղել… Պարզապես ես նրան չեմ հիշում… Ախր, շատ տարիներ են անցել այդ օրից, համարյա կես դար…

♦♦♦

…Եվ, ընդհանրապես, ֆուտբոլ ես իսկապես շատ եմ սիրել և դեռ սիրում եմ… Չեք հավատա, բայց ասեմ, որ այն վճռորոշ դեր է խաղացել իմ ճակատագրում: Չէ՛, ես ֆուտբոլիստ չդարձա, ինչպես երազում էի (ո՞ր պատանին չի երազում), բայց ֆուտբոլն ինձ օգնեց, որ դառնամ այն, ինչ կամ` լրագրող, գրի ու գրականության մարդ: 1970 թվականին, Մեքսիկայի աշխարհի առաջնության ժամանակ, երբ ես իններորդ դասարանում էի, պատահականորեն ձեռքս ընկավ մի երիտասարդական նկարազարդ պարսկական ամսագիր, որում ընդարձակ հոդված կար ֆուտբոլի արքա Պելեի մասին: Ես որպես ապագա ֆուտբոլիստ իմ սրբազան պարտքը համարեցի հոդվածը թարգմանել: Թարգմանեցի և ուղարկեցի «Ավանգարդ» թերթին: Եվ որքան մեծ եղավ զարմանքս, ավելի մեծ քան ուրախությունս, երբ իմ անունը տպագրված տեսա թերթի ամբողջ էջը զբաղեցրած հոդվածի տակ… Այդ օրը շրջադարձային եղավ իմ մտածողության մեջ, իմ կյանքում. որոշեցի` ֆուտբոլիստից բացի նաև հայտնի լրագրող դառնալ, հայտնի թարգմանիչ… Այդպես էլ եղավ` լրագրող դարձա, ընդամենը… Բայց ֆուտբոլն իմ հոգուց ու մտքից դուրս չեկավ և մնաց որպես մանկությանս չիրականացած երազանք… Ո՞վ գիտե, գուցե ֆուտբոլի՞ստ էի դառնում, հայտնի ֆուտբոլիստ, ասենք գոնե` Համլետ Մխիթարյանի կամ Անդրանիկ Թեյմուրյանի նման…

Խորագիր՝ #21 (1039) 5.06.2014 – 11.06.2014, Մարզաշխարհ, Ուշադրության կենտրոնում


05/06/2014