Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ՊԱՏԱՆԴՆ ԵՆ



Ուկրաինական ճգնաժամն իր ազդեցությունն է թողնում Մերձավոր Արևելքի, մասնավորապես` Թուրքիայի վրա, որը չի ցանկանում կորցնել հարմար առիթը` դիրքերն ամրապնդելու տարածաշրջանում: Թուրքական ներքին և արտաքին քաղաքականության նոր զարգացումները ներկայացնում է թուրքագետ ԱՐՏԱԿ ՇԱՔԱՐՅԱՆԸ:

-Պարոն Շաքարյան, Ուկրաինական ճգնաժամը ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ Թուրքիայի ներքաղաքական զարգացումների, ինչպես նաև Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա:

– Թուրքիայում առկա է բավականին կազմակերպված թաթարական լոբբի, դրանից բացի, կա ազգայնական մի ստվար զանգված, որը աշխարհի յուրաքանչյուր կետում բարձրաձայնում է թյուրքական ժողովուրդների շահերը: Հաշվի առնելով առաջիկա նախագահական ու խորհրդարանական ընտրությունները՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը փորձելու է գոհացնել ընտրազանգվածի այս հատվածին ու հայտարարությունների մակարդակով պաշտպանել Ղրիմի թաթարների իրավունքները:

Անկարայում հասկանում են, որ Ղրիմի զարգացումներով Ռուսաստանը դառնում է բացահայտ գերիշխող Սև ծովում, ինչը հետ է մղում Թուրքիային: Չպետք է մոռանալ, որ Թուրքիան ու Ռուսաստանը միշտ էլ եղել են մրցակիցներ ու միշտ էլ դա հիշում են: Անկարան շարունակելու է ոչ բացահայտ, բայց ամեն կերպ խանգարելու է Ռուսաստանի հզորացմանը Սև ծովում: Բացի այդ` Թուրքիան փորձելու է ամեն կերպ աջակցել Ռուսաստանը շրջանցող նավթագազային խողովակաշարերի կառուցմանը: Զինելու է թաթարներին ու չեչեններին և դառնալու է Սիրիայից նահանջող իսլամիստներին Ռուսաստան ու Ուկրաինա տեղափոխելու հարթակ:

Այդուհանդերձ, Թուրքիան հակառուսական բացահայտ քայլերի կգնա մեծ դժկամությամբ, քանի որ գազային կախվածություն ունի այդ երկրից, բացի այդ, հաշվարկում է, որ ուկրաինական փակուղու դեպքում կկարողանա ավելի մեծ ծավալների տարանցում իրականացնել: Ռուս-թուրքական բիզնես կապերը շատ զարգացած են, իսկ Թուրքիան այնքան էլ բարեհաճ չէ դռներն իր առջև փակած ԵՄ-ի հանդեպ: Միայն ԱՄՆ-ի ճնշումների ու հատուկ առաջարկների դեպքում Անկարան կհամաձայնի բացահայտ կտրուկ քայլերի դիմելու Մոսկվայի դեմ:

Հատկանշական է, որ գրեթե նույն պատկերն է նաև թուրք-իրանական հարաբերությունների հարթակում: Երկուսն էլ քաջ գիտակցում են իրենց մրցակից լինելն ու համագործակցում են զուտ սեփական կարճաժամկետ շահերից ելնելով: Թուրքիան կփորձի օգտվել պատժամիջոցների թեթևացումից ու իրանական նավթագազային հոսքերն ուղղորդել դեպի Եվրոպա սեփական տարածքով, ինչով եւ կմեծացնի իր ազդեցությունը թե՛ Իրանի, թե՛ Եվրոպայի վրա՝ թուլացնելով Ռուսաստանը: Իրանին էլ թարմ օդ ու ժամանակ է անհրաժեշտ իր ծրագրերն ավարտելու համար, ուստի դեմ չի լինի Անկարայի կարճաժամկետ հաղթանակին: Ամեն դեպքում, Իրանն անելու է ամեն ինչ, որ Թուրքիան Հարավային Կովկասում ազդեցություն չստանա: Թեհրանը քաջ գիտակցում է, թե ով է կանգնած իր ադրբեջանցիներին զինելու ու ազգայնական գաղափարներ տարածելու հետևում:

-Իսկ ի՞նչ նոր զարգացումներ են հնարավոր հայ-թուրքական հարաբերություններում:

-Որքան մոտենում է 2015 թ.-ը, այնքան ավելի ակտիվանում է թուրքական վեկտորը: Շրջանառության մեջ են դրվում հայ-թուրքական քաղաքացիական հասարակության ավելի շատ նախագծեր` մշակութաբանների փոխանակումներ, կրթական, երիտասարդական ծրագրեր և այլն՝ հապացույց թուրքական այն թեզի, թե ի հեճուկս Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների բացակայության, հայ ու թյուրք ժողովուրդները խնդիրներ չունեն ու երկխոսում են: Էրդողանի նամակը ցույց է տալիս, որ Անկարան պլանավորած ունի մի քանի քայլ, որով փորձելու է այլ հուն մղել 2015 թ.-ի սպասվող դիսկուրսը:

– Որպես թեմայի շարունակություն` ինչպիսի՞ն է թուրքական հասարակության արձագանքը Քեսաբում տեղի ունեցածի շուրջ:

-Թուրքական հասարակության կողմից Քեսաբի դեպքերը միանշանակ այլ արձագանք են ստացել: Թուրքիայում կարծում են, որ անտեղի աղմուկ է բարձրացված. «Էլի այս հայերը անտեղի աղմուկ են բարձրացնում, կրկին որևէ բան տեղի չի ունեցել, իսկ իրենք դա ցեղասպանություն են անվանում, 1915 թ.-ին էլ այդպես է եղել, իրականում մենք լավն ենք ու նույնիսկ ծերերին բերել ու տանիք ենք տրամադրել»: Հատկանշական է, որ այս դեպքում հասարակական մոտեցումը համընկնում է իշխանական մոտեցմանը: Իսկ պետական կառույցները փորձում են շեղել հայկական «աղմուկը»՝ ցույց տալով թուրքերի դրական վերաբերմունքը քեսաբահայերի նկատմամբ:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Լեյտենանտ

Խորագիր՝ #21 (1039) 5.06.2014 – 11.06.2014, Տարածաշրջան


05/06/2014