Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓՐԿՈՒԹՅԱՆ ՈՒՂԻ…



(հատված ինքնակենսագրությունից)

Եվս մեկ տարի, և հայ ժողովուրդը կնշի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մեզնից յուրաքանչյուրի պարտքն է մեկ անգամ ևս հնչեցնել հիշատակի, արդար դատի և հատուցման անլռելի զանգակատունը: Մեզնից յուրաքանչյուրը՝ որպես քաղաքացի և պարզապես հայ մարդ այդ գործում իր առաքելությունն ունի…

Լևոն Վարդանյանը (1904-1984թթ.) ցեղասպանության ականատեսն է: Նրան վիճակվեց, ինչպես նաև այլ հայերի, անողոք, սարսափներով լի փրկության ճանապարհ անցնել և ի վերջո հանգրվան գտնել Արևելյան Հայաստանում: 1918 թվականին Լևոն Վարդանյանն իր մոր հետ տեղափոխվում է Ստեփանավան, որտեղ էլ ամուսնանում է նույնպես գաղթական ու որբ Նոյեմի հետ: Ունենում են ութ երեխա: Սկսվում է Հայրենական մեծ պատերազմը: Լևոնն իր Արմենակ որդու հետ մեկնում է ճակատ և հաղթական տուն վերադառնում:

Տարիներ անց կոտորածների ականատեսը մանրամասն գրում է այն դժոխքի մասին, որի միջով անցավ մի ամբողջ ազգ, որի միջով անցավ իր գերդաստանը (վաթսուն հոգուց մնացին ութը)… Անտիպ ձեռագրերը մոտ 500 էջ են կազմում՝ 5 տետր, որոնք ոչ միայն հոգեցունց տեղեկություններ են պարունակում Եղեռնի, արևմտահայերի կենցաղի, խոհանոցի, աշխարհագրական տեղանքի մասին, այլև խորին կսկիծով ներկայացնում են այն իրադարձությունները, որոնք ծավալվեցին հետագա երկու տարիների ընթացքում. հայոց կողմից կազմակերպվող ազատագրական մարտեր, Անդրանիկ զորավար, իրար հաջորդող սխալներ՝ գաղթ, նահանջ…

Լևոն Վարդանյանն իր կյանքի պատմության ձեռագրերը վստահում է իր ավագ որդիներից Անդրանիկի կնոջը: Նա էլ փոխանցում է իր դստերը` Սուսաննա Վարդանյանին: Հիմա ձեռագրերը Լևոն Վարդանյանի ծոռնուհու` տիկին Ցողիկ Վարդանյանի մոտ են, որն ապրում է իր պապի հուշերը առանձին գրքով տպագրված տեսնելու երազանքով:

Եղեռնի ականատես Լևոն Վարդանյանի ձեռագրի որոշ պատառիկներ, որոնք փաստագրական լինելով հանդերձ, գրական-գեղարվեստական շոշափելի արժեք են ներկայացնում, «Հայ զինվորը» կներկայացնի իր ընթերցողին` համոզված, որ դրանք խորապես հուզելով մարդու ներաշխարհը, հայրենասիրության, մարդասիրության վեհ ու անմոռանալի ապրումներ և զգացումներ կպարգևեն նրան:

Անտիպ գրքի ձեռագիր էջերը տպագրության է պատրաստել Էդիթ Մելքոնյանը:

Մեր երկիրն ընկած էր Էրզրումից ուղիղ արևմուտք՝ Եփրատ գետի ափին. Կարին նահանգի Դերջան գավառի Ծաղկաթի գյուղն էր… Գյուղի տները կառուցված էին գետին զուգահեռ՝ մեկ շարքով, տների առջևից հոսում էր գետը, հետևում շարված էին կալերը, կալերի հետևում ուղիղ շարքով շինված էին մարագները: Մեր գյուղը կարծես մի սեղան լիներ. առջևից հոսում էր մի մեծ գետ, որը մենք կոչում էինք Ղռտում, իսկ ներքևից հոսում էր հսկա Եփրատը: Նրանք խառնվում էին իրար, կազմում մի ահռելի, անանցանելի գետ, որի վրա աշխատում էին հարյուրավոր մակույկներ: Գյուղի ետևում երեք կիլոմետր ձգվող տարածություն էր՝ բոլորովին հարթ, այնուհետև սկսվում էր մի լեռնաշղթա՝ երեսուն կիլոմետր երկարությամբ: Սարից դուրս էր գալիս բոլորովին սպիտակ քար. տուֆ էր, որը կարելի էր նույնիսկ ուրագով տաշել: Տները շինված էին այդ սպիտակ քարով, նույնպես և մարագները, գոմերը: Դիմացից տեսնողը կարծում էր, թե ամբողջ գյուղը սպիտակեցված է կրով կամ կավիճով: Գյուղի առաջ ամբողջովին հարթ տարածություն էր՝ այգիներ, ծառեր, բոստաններ, ինչ ասես, որ չէր աճում… Մի խոսքով՝ Եդեմական դրախտ, ուստի իմ գրիչը անզոր է նկարագրելու մեր գյուղի գեղեցկությունը… Գարնան ամիսներին երեկոյան ամբողջ ժողովուրդը դուրս էր գալիս, նստում դռներին և լսում թռչունների համերգը. մեզ մոտ հազար տեսակ թռչուններ կային: Ամբողջ օրը ղունղունում էին: Նույնիսկ գորտերի կռկռոցը մի համերգ արժեր…

Ամենից քաղցրը ծննդավայրն է… Ոչ մի վայրկյան չեմ կարող մոռանալ. երբ մտաբերում եմ, Գինո Երկրանի նման ամբողջ անցյալը գալիս, պատկերանում է…

Գյուղը բաղկացած էր հարյուր տնտեսությունից. ութսունը հայեր էին, մնացած քսանը՝ թուրքեր, որոնք մեծ մասամբ խոսում էին հայերեն, շատերը տոներին գալիս էին եկեղեցի, նույնիսկ աղոթում-երդվում էին հայերեն՝ սուրբ խաչի, ավետարանի և այլ սրբերի առաջ: Գյուղի իշխանությունը պատկանում էր հայերին, թուրքերն ունեին միայն մեկ մուխթար՝ տանուտեր, իսկ հայերը՝ տանուտեր, գզիր, թաղականներ, երիցփոխան և այլն: Միասին ապրում էինք խաղաղ և համերաշխ…

Երբ դեռ նոր պետք է ընդունվեի դպրոց, ծագեց Համաշխարհային պատերազմը, կոտորած, սով, գաղթ և համաճարակ: Ուստի ինձ չվիճակվեց գոնե մեկ տարի դպրոց հաճախել: Սովորել եմ ինքնուս՝ գաղթի, կոտորածի տարիներին: Կարողանում էի խոսել մաքուր տաճկերեն (այսօր էլ այդ անիծյալ լեզուն չեմ մոռացել)… Մի թուղթ, մի թերթ կամ մի հասարակ մատիտ եթե ունենայի, ինձ համար հավասար էր մի ամբողջ աշխարհի կարողության, տախտակների և քարերի վրա ածուխով եմ գրել և սովորել: Քանի դեռ գրականությունից գաղափար չունեի, կարծում էի՝ եթե մարդ կյանքի ընթացքում մեկ տարի հաճախի դպրոց, աշխարհի բոլոր գիտելիքները կսովորի…

1915 թ. … Ապրիլ… Ժողովուրդը նախազգում էր… Օրեցօր, ժամեժամ սպասում…

Երեկոյան մեր սովորական աղոթքը կատարելուց հետո բոլոր դռներն ամուր փակել, ընտանիքով հավաքվել էինք հացատանը: Միջնեկ եղբորս բանակ չէին տարել (ամեն գյուղում մի գրագետ թողնում էին), հայրս թեպետ քառասունհինգ տարեկան էր, թողել էին՝ գյուղի քահանան էր: Այնքան մոտ էինք նստել, կարծես մեզ փակցրել էին իրար, այդպես մեզ ավելի ապահով էինք զգում: Հանկարծ գյուղի շները խառնվեցին իրար, սկսեցին հաչել: Հրացանների ճայթյուն լսվեց… Եղբայրս անմիջապես վերցրեց մաուզերը, դուռը բացեց, դուրս թռավ: Հրացանաձգությունը գնալով ուժեղանում էր: Շվարել, մնացել էինք, չգիտեինք՝ դրսում ինչ է կատարվում… Երկու ժամից ավելի տևեց, իսկ այնուհետև կամաց-կամաց դադարեց… Եղբայրս… Արդյոք ինչ եղավ, սպանվե՜ց, գերի տարա՜ն… Սակայն շատ չսպասեցինք: Նա ծեծեց դուռը և ասաց.

-Ես եմ, մի՛ վախեցեք:

Այդ գիշեր ոչ ոք չքնեց, վայնասունն ընկավ գյուղի մեջ, մարդիկ չգիտեին՝ ինչ անել: Ժողովուրդը մնացել էր անտեր, անգլուխ. ո՞ւմ դիմեն, ո՞ւմ բողոքեն: Մի օր հետո Շուքրի բեկը՝ չաթաների պետը, հիսուն ձիավորով եկավ գյուղ, քննեց, կարգադրեց սպանված աղջկան թաղել, գյուղացիներին էլ խոստացավ երեսուն չաթա ուղարկել գյուղը պաշտպանելու համար (նախօրոք բոլոր հայերին զինաթափել էին, զենքերը հավաքել): Իհարկե, թաղումը պետք է կատարեր հայրս՝ որպես գյուղի միակ քահանան. Սաթիկին, որ տասնութ տարեկան մի գեղեցկուհի էր, հանձնեցին հողին, բայց հայրս այլևս տուն չվերադարձավ, անմիջապես կալանավորել բանտարկել էին: Լուրը հասավ մեզ. մի լաց ու կոծ ընկավ մեր տանը, բայց ի՞նչ կարող էինք անել: Մենք մի լավ ձի ունեինք՝ անունը Սոսե, գույնը՝ կարմիր, ճակատին փոքր, սպիտակ աստղի նման նշան, ոտքերը՝ բարակ, ականջները՝ փոքր, մի աննման նժույգ էր, որ կարծես օդով էր գնում. հայրիկիս ձին էր: Մայրս գնաց Շուքրի մոտ, խնդրեց աղաչեց, թուրքական տասը ոսկի, հետն էլ ձին խոստացավ, որ գոնե մեկ գիշեր թույլ տան հայրիկիս՝ գա տուն, հնար չեղավ: Մյուս օրը՝ ժամը տասներկուսին հայրիկիս բերեցին տուն, որպեսզի վերջին անգամ մեզ տեսնի, սկսեցինք լաց լինել, փաթաթվել հայրիկիս… Հայրիկս մեզ համբուրելով՝ ասաց միջնեկ եղբորս.

-Հարությո՛ւն, ինձ վերադարձ չկա, սա մեր վերջին տեսությունն է, խնդրում եմ, երեխաների կյանքը փրկես, ոչ մի բանի առաջ կանգ չառնես, տուն, տեղ, անասուն, ամեն ինչ թող, ինչ կուզեն, աշխատիր միայն քո ու երեխաների կյանքը փրկես…

Հայրիկիս տարան… Մենք ամբողջ ընտանիքով, մինչև գյուղից դուրս կգային, լացով ճանապարհեցինք նրան: Երկար-երկար նայում էինք հետևից… Նա էլ հետ-հետ էր նայում, ամեն հիսուն քայլից հետո թեքվում, նայում էր մեզ…

Քրդերը միշտ էին հարձակվում գյուղի վրա, ինչ-որ ձեռքները ընկներ, հափշտակում տանում էին: Ժողովուրդը դարձել էր բնավեր թռչուն, չգիտեր՝ ինչ անել, որտեղ թաքնվել: Փախչում էին, դաշտերի, արտերի մեջ պահվում: Մի օր էլ եղբայրս մեզ հավաքեց (յոթ անձ էինք մնացել՝ մայրս, եղբայրս, երկու քույրերս, հարսս, եղբորս տղա Արմենը, ես) ու բոլորս միասին տնից դուրս եկանք: Ամպամած մութ գիշեր էր: Գյուղի բոլոր կողմերից, կայծակի նման փայլատակում, կարկտի նման տեղում էին գնդակները: Մի կողմից՝ գնդակները, մյուս կողմից՝ քրդերը` «ալլա-ալլաե» կանչելով… Ամբողջ գյուղը՝ տղամարդ, կին, երեխա, դուրս էր թափվել: Այնպիսի դրություն էր՝ ես անկարող եմ նկարագրել… Մենք հետևեցինք եղբորս… Անցնելով խոր ձորակը՝ հասանք այն փոքր գյուղակին, որ Վերի գյուղ էին ասում, թակեցինք առաջին պատահած դուռը, անմիջապես բացեցին ու մեզ ներս առան: Քրդի տուն էր՝ մի հյուղակ, որտեղ մի կողմը անասուններն էին կապած, մյուս կողմում իրենք էին ապրում: Իմացան, շատ ափսոսացին, մեզ տեղավորեցին իրենց կողքը… Մի քանի օրով, մինչև տեսնեինք՝ ինչ կլինի: Հաջորդ օրն ինձ ուղարկեցին ալյուրը բերելու: Գնացի ջրաղաց ու տեսա՝ սպանել էին ջրաղացպանին, նրա որդուն, մեր հորաքրոջ տղա Ղազարին… Արյուն… Մեր պարկը ճանաչում էի, ամբողջովին՝ աղացած էր, լիքը, ուժս չպատեց մենակ շալակելու, մի քիչ պակասեցրի, ալյուրը շալակեցի և ուղիղ գնացի մեր տուն. դռնից ներս մտա, տեղնուտեղը քարացա… Ոչինչ չէին թողել: Սիրտս մղկտաց, սկսեցի լաց լինել… Երկար մնացի… Հարկավոր է գնալ, հիմա մերոնք ինձ կսպասեն… Ու սկսեցի համբուրել պատերը, քարերը, դռները, վերջապես ինչ-որ պատահեց, և ասացի՝ մնաք բարով, հայրենական տուն-տեղ, փողոց, քար, փայտ, ծառեր և հող սիրելի: Հեռանում էի այլևս չվերադառնալու համար… Հանկարծ տեսա, որ ահագին քանակությամբ ձիավորներ լցվեցին գյուղը, սկսեցին ծեծելով, ջարդելով տներից դուրս բերել գյուղի ժողովրդին, հավաքեցին գյուղի եկեղեցու բակը… Ինձ էլ վիճակվեց միանալ նրանց: Որը մերկ, որը բոբիկ, սոված անասունների նախրի նման առաջներն արեցին ու մտրակելով քշեցին, բայց չգիտեինք՝ ուր են տանում: Իրիկնապահին հասանք Եփրատ գետի կամրջին և հանկարծ տեսանք՝ մի այնպիսի բազմություն էր հավաքվել, որ երկնքի աստղերը հաշվել կլիներ, ժողովրդին չէր լինի: Ամբողջ գիշեր մտածում էի՝ մի՞թե այլևս մերոնց չպիտի տեսնեմ… Մի կերպ լուսացրինք… Հենց լույսը բացվեց, հազարավոր չաթաներ, զինված քրդեր, թուրքեր խուժեցին քոչերի մեջ, սկսեցին տղամարդկանց ջոկել, տանել կամրջից մի քսան քայլ հեռու: Քսան-երեսուն հոգու պարաններով կապում էին, տանում կամրջի եզրին կանգնեցնում ու գնդակահարում… Այդպես անվերջ… Հանկարծ ամբողջ խուժանը քոչերի մեջ մտավ, սկսեցին կին, երեխա, հարս, աղջիկ քարշ տալ կամրջի վրա… Հազարավոր անմեղ մանուկների ոչնչացնում էին հրեշավոր գազանությամբ… Մանուկների ճիչ… Մայրերի, հարազատների աղիողորմ լաց… Մարդու սիրտը քարից կամ երկաթից պիտի լիներ, որ դիմանար այդ անասելի ու անպատմելի տեսարանին… Հնարավոր չէ ո՛չ խոսքով նկարագրել, ո՛չ գրել… Կամրջի մոտ հավաքել էին կես միլիոնից ավելի ժողովուրդ, և այդքանին հնարավոր չէր մեկ-երկու օրվա ընթացքում ոչնչացնել…

Շարունակելի

ԼԵՎՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Խորագիր՝ #21 (1039) 5.06.2014 – 11.06.2014, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


05/06/2014