ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ (1929 Թ.)
…Ներկա Հայաստանը կազմում է հազիվ մեկ տասներկուերորդը մեր պատմական հայրենիքի: Դա հայրենիք չէ, այլ հայրենի անկյուն:
Այժմ իր սահմաններում նա չի կարող տեղ տալ ի սփյուռս աշխարհի ցաք ու ցրիվ եղած հայրենազուրկ հայության, գաղութահայության, որի թափառիկ վիճակն աղետավոր է երկու տեսակետից. նախ՝ որ նա ենթակա է ստույգ կորստյան. օրինակ՝ Թուրքիայում կոտորածի, այլ վայրերում՝ խաղաղ բնաջնջումի, ձուլումի:
Հայրենի անկյուն և թափառական ժողովուրդ: Մի ճակատագիր, որ երկմտության և տատանումի է մատնել մեր ժողովուրդը. այսինքն՝ ազգային հոռետեսություն: Վայ այն ժողովրդին, որ վարակված է այս հիվանդությամբ. այդպիսին կանգնած է գերեզմանի ափին:
Չսարսափենք, բայց և առանց սին պատրանքների և ավելորդ նախապաշարումների ընդունենք այդ դառնադառն ճշմարտությունը՝ մեր ապագան վտանգված է:
… Ո՞վ է մեղավոր. երկրի աշխարհագրական դի՞րքը, քրիստոնեական Եվրոպա՞ն, մահմեդական Ասիա՞ն, ճակատագի՞րը:
-Բոլորը՝ բացի մեզնից,- այսպես կտրամաբանե մեր անուղղելի քաղքենի անմտությունը:
Այս մտայնությունը… Գանգատվում, դժգոհում է նա, անիծում է ճակատագիրը և կրկնում անվերջ, թե ընկած ենք աշխարհի մեծ ճամփաների վրա, թե աշխարհագրական ճամփաները վատ են:
Այստեղ կա մի խղճուկ ճշմարտություն, բայց դրա հանդեպ ինչ հոյակապ առավելություններ: Չէ՞ որ մեր բարձրավանդակն անառիկ է, մեր լեռները՝ մեկ-մեկ անխոցելի պատնեշներ: Անտեսել այս իրողությունը և ողբալ ճակատագիրը ոչ այլ ինչ է, քան թույլի, անարիի արդարացում:
-Անարդար կլիներ հավատալ հիվանդներին, երբ սրանք գանգատվում են աշխարհից:
Աշխարհը պատկերացում է, իսկ պատկերացումի աղբյուրը՝ սեփական հոգին:
Հոգու հիվանդություն ունեն ժողովուրդները, երբ դժգոհում են իրենց հայրենիքից:
…Մեր պարտությունները հոգեբանական էին, պարտվեցինք ոչ թե նրա համար, որ թվապես ու տեխնիկապես թույլ էինք, տկար, այլ որովհետև այդպիսին էինք հոգեպես:
Պարտվեցինք, որովհետև մեր ցեղի ոգու բովանդակ ուժերն օգտագործելու փոխարեն հովանավորներ փնտրեցինք: Վաղը կկորչենք իսպառ, եթե մնացինք այս մտայնությամբ: Կփրկվենք, եթե ազատվեցինք նախապաշարումներից, եթե փորձեցինք ոտքի կանգնել, սակայն ոչ արտաքին դրդումով, օտարների ցանկությամբ, այլ մեր ներքին, բնական, անզուսպ մղումով:
Այսպիսով միայն կազատագրվի և կազատվի հայ ժողովուրդը:
Փրկվելու համար պետք է նաև արիանալ, այսինքն՝ հաղթահարել սեփական սարսափը:
Սարսափից ազատագրված հոգին միայն ընդունակ է աշխարհն առարկայորեն տեսնել, պատկերացնել:
Երկյուղը միշտ էլ ճիվաղներ է ստեղծում՝ մտացածին հրեշներ: Ժողովուրդները հաճախ մեռնում են հենց այս ճիվաղներից: Քաղաքական գիտակցության թերին, անինքնավստահություն, սարսափի հոգեբանություն – ահա մեր եռագլուխ թշնամին:
Եվ մինչև չկարողանանք այս ներքին թշնամին սպանել, անկարելի է, որ արտաքին թշնամուց ազատվել կարողանանք:
Ինքնապաշտպանություն – ահա թե ինչ են թելադրում ժամանակն ու պրոգրեսը:
Ինքնապաշտպանություն – ահա մեր նոր կրոնը:
Ինքնապաշտպանություն – միակ միջոցը, որ թե՛ ժողովուրդների և թե՛ սրանց աստվածների գոյությունն է ապահովում:
Գարեգին Նժդեհ
Խորագիր՝ #21 (1039) 5.06.2014 – 11.06.2014, Հոգևոր-մշակութային