ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԻԲՐԵՎ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Ծնվել Է 1985թ., ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում: Ութերորդ դասարանից ուսումը շարունակել է գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում: Ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտոհրաձգային ֆակուլտետը: Այնուհետև, որպես դասակի հրամանատար, ծառայության է նշանակվել գնդապետ Հ. Թևոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Այժմ մոտոհրաձգային վաշտի հրամանատար է: Ամուսնացած է, ունի դուստր:
Ինչո՞ւ է որոշել դեռ պատանեկան տարիքից զինվորական դառնալ: Որովհետև ցանկացել է շարունակել հրետանավոր, ԼՂՀ «Արիություն» մեդալով պարգևատրված (հետմահու) հոր` Ռոման Բալասյանի կիսատ մնացած գործը:
Իմ վաշտը 2013թ. արդյունքներով զորամասի կազմում ճանաչվել է լավագույնը: Չեմ թաքցնի, համարում եմ մեծ ձեռքբերում, որովհետև մեզ մոտ մրցակցությունը բավական լուրջ է, շատ են կազմակերպված, մարտական բարձր պատրաստություն ունեցող վաշտերը: Պարզապես նշեմ, որ այդ հաշվետու ժամանակահատվածում մենք անցկացրել էինք երեք զորավարժություն՝ երկուսը պլանային, մեկը ոչ պլանային և ցույց տվել բավական բարձր արդյունքներ: Հաջողությամբ էինք հանձնել նաև առաջին ուսումնական փուլի և տարեվերջյան ամփոփիչ քննությունները:
Որպես հրամանատար՝ գոհ եմ ընթացիկ ուսումնական գործընթացից: Իրականացնում ենք նախատեսված միջոցառումները: Դաշտային պարապմունքները, մարզումները, ջոկերի, դասակների ներդաշնակումները, զորախաղերը, ինչպես նաև կրակային, մասնագիտական, մարտավարամասնագիտական պարապմունքները ցույց են տալիս, որ վաշտի պատրաստականությունը կրկին լավ վիճակում է և կարող է անել այն, ինչի համար ստեղծված է:
Հե՞շտ է ապահովել զինվորական ստորաբաժանման կարգապահությունն ու մարտունակությունը: Իհարկե, դժվար է: Դժվարություններն սկսվում են յուրաքանչյուր նոր համալրման հետ: Գալիս են նոր մարդիկ՝ տասնութ, քսան տարեկան տղաներ, իրենց անձնական, ընտանեկան, առողջական, ընկերային խնդիրներով, հավակնություններով, մտածելակերպով, կրթական ու դաստիարակության տարբեր առանձնահատկություններով: Եվ մեզ համար սկսվում է նույն լարված, ծանր աշխատանքը, հիմնականում` անհատական, յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին: Մենք պետք է լավ ճանաչենք ու հասկանանք ամեն զինվորի, որովհետև, համալրումից շատ չանցած, մինչև զինվորական երդումը, արդեն պետք է զենք վստահենք նրանց, կրակել սովորեցնենք: Իհարկե, լինում են տղաներ, որոնք ընդհանրապես խնդիրներ չեն ունենում և հենց սկզբից նվիրվում են ծառայությանը և օգնում են մեզ: Այսինքն՝ բանակը, զինվորական ստորաբաժանումը սովորական մարդկային հանրություն է, որն իր լավ ու վատ կողմերով մեր ընտանիքների, մեր հասարակության, դպրոցի, փողոցի դաստիարակության, բարքերի կրողն է: Ինչ խոսք, նորեկներին մենք պարզաբանում, սովորեցնում ենք զինվորական օրենքները, մասնագիտությունները, զորամասի, բանակի խնդիրները, նպատակները, ինչու չէ, լրացնում ենք կրթության ու դաստիարակության բացթողումները… Մարզում, կոփում ենք…
Ուսումնական տարվա սկզբից պաշտպանության նախարարը զինծառայողների հետ հանդիպումների ժամանակ, զորամասերի բարձրաստիճան սպաների առջև վաշտերի, մարտկոցների հրամանատարների հետ աշխատելու, նրանց օգնելու խնդիր էր դնում՝ պարզաբանելով, որ հենց այդ օղակներն են ամենակարևորները, և միջանձնային հարաբերություններն էլ հենց այդտեղ են ձևավորվում: Ես իմ աշխատանքները այնպես եմ կազմակերպում, որ բացահայտեմ ու կանխարգելեմ արատավոր խմորումները, որպեսզի հարաբերությունները ոչ թե սրվեն, այլ կարգին, մարդկային, ընկերական հուն մտնեն, եւ տղերքն իրար ավելի լավ ճանաչեն, մտերմանան: Զորամասում նախարարի հանձնարարականները կատարվում են ամբողջությամբ, այնուհետև կազմակերպվում են քննարկումներ, որոնց միջոցով ձգտում ենք պարզել՝ ինչ բացթողումներ ենք ունեցել, ու այդպես շարունակ: Հաջողության մեջ շատ մեծ է իմ գումարտակի հրամանատար մայոր Ա. Աբրահամյանի ավանդը: Բայց նա միակը չէ, որ ինձ օգնում է, ընդհանրապես զորամասում թիմային աշխատանք է տարվում, հրամանատար գնդապետ Հ. Թևոսյանը խստապահանջ է ու միշտ ստուգում է, թե ինչպես են կատարվում առաջադրանքները: Մենք անընդհատ զբաղված ենք: Մասնագիտական պարապմունքներից, ճաշից հետո, հաստատված պլանի համաձայն, մի օր սերժանտական խորհրդի նիստ է գումարվում, հաջորդ օրը՝ հասարակական ակտիվների: Խոսվում է յուրաքանչյուր զինվորի մասին. ով ինչպես է կատարում իր ստանձնած հասարակական աշխատանքը, ինչ ակտիվությամբ է մասնակցում իր ընտրած գեղարվեստական խմբակի պարապմունքներին կամ հաճախում մարզակումբ: Վաշտի կազմով անցկացնում ենք ժողովներ տեղեկատվական-քաղաքական, Արցախյան ազատամարտի կամ ուղղակի ազատ թեմաներով, որոնց ընթացքում մարդիկ բարձրացնում են իրենց հետաքրքրող հարցերը: Զինվորի գիտելիքների հարստացումը նույնպես մեր աշխատանքի կարեւոր մասն է կազմում:
Այնուամենայնիվ, մեր գերխնդիրը վաշտի մարտունակության ապահովումն է, ինչը ձևավորվում է առանձին զինվորների, ջոկերի ու անձնակազմերի, դասակների փոխգործակցության հանրագումարից: Եթե որևէ ջոկ թույլ լինի, հետևանքները կազդեն դասակի վրա, ոչ մարտունակ դասակը կազդի վաշտի մարտունակության վրա: Բարեբախտաբար, մեր ջանքերն իզուր չեն անցնում, ու այժմ չունենք թույլ, նույնիսկ միջակ մարտունակությամբ ջոկ, անձնակազմ կամ դասակ:
Հուսով եմ՝ այս անգամ էլ ուսումնական փուլի քննությունները կհանձնենք հաջողությամբ ու կպահպանենք լավագույնի կոչումը:
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Խորագիր՝ #21 (1039) 5.06.2014 – 11.06.2014, Ազգային բանակ